Մատչելի հղումներ

Ավելացել է ԱՄՆ-ի կարիքավոր համայնքների դպրոցներում կամավոր սկզբունքով ուսուցիչ աշխատելու ցանկություն հայտնած երիտասարդների թիվը


Այս տարի “Ուսուցանիր Ամերիկայի համար” / Teach For America / կազմակերպությունում ընդգրկվելու հայտերի 36 տոկոս աճ է արձանագրվել: Կազմակերպությունը բարձրագույն կրթությամբ նորավարտներ է հավաքագրում` ԱՄՆ-ի տնտեսապես անապահով համայնքներում ուսուցիչների պակասը լրացնելու նպատակով: Այս երևույթը, կազմակերպության ղեկավարների կարծիքով, պայմանավորված է ոչ միայն տնտեսության անկումով, այլև` հանրօգուտ աշխատանք կատարելու ցանկության նոր ալիքով:

Ուսուցիչ աշխատելը, ծրագրի մասնակից Լոուրեն Հայնբախի վկայությամբ, ակնկալածից շատ ավելի դժվար է, սակայն աշխարհը փոխելը երբեք էլ հեշտ չի եղել: Նա ուսուցիչ է դարձել` պայքարելու հարուստ և աղքատ համայնքների կրթության մակարդակներում առկա անհավասարության դեմ: Նա ասում է, որ գիտակցել է, որ եթե այդ խնդիրն իր համար իրոք մտահոգիչ է, ապա պետք է օգտագործի այդ հնարավորությունը և իր լուման ներդնի դրա լուծման ուղղությամբ:

Նա “Ուսուցանիր Ամերիկայի համար” կազմակերպության վեց հազարից ավելին անդամներից մեկ է: Նրանք բոլորը բարձրագույն կրթությամբ նորավարտներ են, ովքեր որպես կամավոր ուսուցիչներ են աշխատում խոցելի համարվող քաղաքային և արվարձանային հանրային դպրոցներում:

Ընտրելով այս ճանապարհը` Լոուրեն Հայնբախը ժամանակավորապես հրաժարվել է բժշկության կամ իրավագիտության ոլորտներում մանսագիտացման և հետագայում առավել մեծ եկամուտներ ստանալու հնարավորություններից:Նա դասավանդում է մայրաքաղաք Վաշինգտոնի դպրոցներից մեկում, որտեղ պետական չափանիշներով աշակերտների առաջադիմությունը սովորաբար ամենացածր 25 տոկոսի միջակայքում է լինում:

Դպրոցի փոխտնօրեն Քրիսթի Օքսն ասում է, որ դպրոցը հանձն է առել բարելավել կրթության որակը, սակայն դժվար է գտնել ուսուցիչների, ովքեր կստանձնեն այդ ծանր աշխատանքը. "Մենք լսարանում գերազանցության ենք ձգտում, որպեսզի աշակերտները վատ սովորելու պատճառաբանություններ չունենան: Նման մոտեցման համար անհրաժեշտ են ուսուցիչներ, ովքեր առավոտյան ժամը վեցից մինչև երեկոյան յոթը քրտնաջան կաշխատեն: Սակայն նման կադրեր գտնելը երբեմն շատ դժվար է”:

Քրիսթի Օքսը նույնպես “Ուսուցանիր Ամերիկայի համար” ծրագրի մասնակից է եղել: Ի դեպ, երկամյա ծրագիրն ավարտելուց հետո անդամների երկու երրորդն իրենց գործունեությունը շարունակում են կրթության ոլորտում”: Նրա կարծիքով, նոր ուսուցիչների նվիրվածությունը լրացնում է նրանց փորձառության բացը:

Լոուրեն Հայնբախի աշակերտներն ասում են, որ իրենց ուսուցիչը շատ պահանջկոտ է և մեծ ակնկալիքներ ունի: Աշակերտներից մեկի խոսքերով` "պետք է շատ ուշադիր լինես դասերին` նույնիսկ թվացյալ հեշտ հարցերի դեպքում, որպեսզի չսխալվես”: Մեկ ուրիշն էլ ասում է, որ "նա պահանջում է գրառումներ կատարենք, ինչը, իմ կարծիքով, շատ լավ է. այսպես պատրաստվում ենք բուհական կյանքին”:

Վերջին տարվա ընթացքում “Ուսուցանիր Ամերիկայի համար” կազմակերպության հայտերի թվի աճը մասամբ պայմանավորված է տնտեսության վատ վիճակով: Սակայն, կազմակերպության ներկայացուցիչ Քևին Հաֆմանի կարծիքով, շատերին ոգեշնչել է նորընտիր նախագահ Բարաք Օբամայի` հանրօգուտ աշխատանք կատարելու կոչը:

"Կարծում եմ ԲՈՒՀ-երում ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որ ուսանողները ցանկանում են հանրային աշխատանք կատարելով իրենց ազդեցությունն ունենալ երկրի կարևորագույն ոլորտներում: Մենք էլ մեր հերթին փորձում ենք նրանց օգնել հիրավի հանրօգուտ աշխատանք կատարել”, նշել է Քևին Հաֆմանը:

Լոուրեն Հայնբախն ասում է, որ տեսնելով իր աշխատանքի ազդեցությունն աշակերտների կյանքում, համոզվում է, որ ճիշտ որոշում է կայացրել. "Նրանց առաջադիմությունն ու հաջողություններն ակնհայտ են: Այսպիսով` գիտակցում եմ յուրաքանչյուր օր կատարած աշխատանքիս կարևորությունը”:

Նույնիսկ ծրագրի ավարտին ուսուցչի աշխատանքից հրաժարվելու դեպքում` Լոուրենը համոզված է, որ սոցիալական պատասխանատվության առավել մեծ զգացումն ընդմիշտ կմնա իր հետ:

XS
SM
MD
LG