Մատչելի հղումներ

Բժշկական բարձր ծախսերից խուսափելու նկատառումով` ծննդկաններն ավելի շատ են դիմում տատմերների ծառայություններին


1991-ից 2008թթ. ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգներում կրկնապատկվել է տատմերների ընդունած ծնունդների թիվը: Այս միտումը պայմանավորված է մանկաբարձների սակավությամբ և ապահովագորություն չունեցող կանանց համար տատմերների ծառայությունների մատչելիությամբ:

Թիանա Մառերոն օգտվել է նման ծառայություններից: Մառերոն հղիությունն անց է կացրել և երեք ամիս առաջ ծնունդ է տվել Որակավորված բուժքույր տատմերների նոր ծրագրի շրջանակներում:

“Ինչ խնդիր էլ, որ ունես, հատկապես առաջնեկների դեպքում, նրանք օգնության են հասնում, մինչդեռ նման հանգամանքներում մայրը կարող է խուճապի մատնվել”, նշում է Մառերոն:

Նա դեռևս շարունակում է այցելել Ֆլորիդայի Օրանջ դքսության բուժդեպարտամենտի ծրագրով նախատեսված հինգ տատմերներին:

19-ամյա Անեստա Սթիվենսը և իր փեսացուն իրենց առաջնեկին են սպասում: Տատմերները Սթիվենսին վստահություն են ներշնչում:

“Ես շատ անհանգիստ եմ, անընդհատ մտածում եմ, որ ծննդաբերելուց հետո երեխան ապրելու է, ես` ոչ: Խուճապի եմ մատնվում”, ասում է Անեստա Սթիվենսը:

Տեղական պետծառայողներն ասում են, որ տատմերների ծրագրի շատ մասնակիցներ առողջապահական ապահովագրություն չունեն և չեն կարող հոգալ բժշկի ծախսերը: Այդ իսկ պատճառով նրանք դիմում այլընտրանքային մեթոդների:

Բացի այդ, մասնագիտացված մանկաբարձների պակասն իրավիճակն էլ ավելի է բարդացնում, քանի որ նույնիսկ վճարունակ կանանց համար բավարար թվով մասնագետներ չկան:

Տատմեր Քեփրիս Ռայթը կարևորում է այլընտրանք ունենալու հանգամանքը: “Ես չեմ ուզում, որ բժիշկներին թվա, որ մենք փորձում ենք իրենց մասնագիտությունից զրկել: Մենք պարզապես համալրում ենք համակարգը և այլընտրանք ենք ապահովում կանանց համար”, ասում է նա:

Ֆլորիդայի Օրանջ դքսության բուժդեպարտամենտի տվյալներով` ծրագրի շրջանակներում կանանց տաս տոկոսն է ունեցել կեսարյան հատման կարիք: Ընդհանուր առմամբ ծրագիրը հաջողված է համարվում:

XS
SM
MD
LG