Երկուշաբթի օրը տեղի կունենա նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը լուսնի վրա առաջին անգամ ոտք դրած տիեզերագնացների հետ: Այս տարի լրանում է պատմական նշանակություն ունեցող այդ իրադարձության 40-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ` նախագահ Օբաման Սպիտակ տանը կընդունի Ապոլո 11-ի անձնակազմին և ՆԱՍԱ-յի նորանշանակ ղեկավարին:
Էդվին "Բազ" Էլդրինը` լուսնի վրա ոտք դրած երկրորդ մարդը, Վաշինգտոնի Օդագնացության և տիեզերագնացության ազգային թանգարանում ունեցած իր ելույթում նշել է, որ ԱՄՆ-ը պետք է հավակնի տիեզերագնացներ ուղարկել Մարս: Նրա կարծիքով` Մարսի մթնոլորտն առավել բարենպաստ է մարդկանց համար:
1969թ. հուլիսի 20-ին լուսնի մակերեսին ոտք դնելով Ապոլո 11-ի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգ ասաց. "Մարդու մի փոքր քայլը հսկա թռիչք է մարդկության համար": Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդու այս անմահ խոսքերը կհիշվեն առհավետ:
1972թ. ի վեր տիեզերագնացները դեպի լուսին ուղևորվելու փորձեր չեն կատարել: Էլդրինը լուսնի մակերեսը նկարարգրում է որպես "հիասքանչ ամայություն": Նրա խոսքերով` դա մի անկենդան վայր է, որը վերջին 100000 տարիների ընթացքում, հավանաբար, փոփոխության չի ենթարկվել: Էլդրինի կարծիքով` ՆԱՍԱ-ն չպետք է հրաժարվի լուսին թռչելու գաղափարից, սակայն պետք է առավել մեծ ջանքեր գործադրի Մարս ուղևորվելու ուղղությամբ: