Անցյալ շաբաթ ամբողջ աշխարհը հեռուստացույցով դիտում էր Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռի պատկերները: Այս առնչությամբ բազմաթիվ վերլուծաբանների քննարկման առարկա են դարձել այս երկրի` մեծ շառավղով հրթիռներ արձակելու կարողությունները:
Հյուսիսային Կորեան պնդում է, որ հրթիռի արձակումով հաջողվել է տիեզերք առբանյակ ուղարկել: Մինչդեռ ԱՄՆ-ը և այլոք ասում են, որ Երկիր մոլորակի ուղեծրին ոչինչ էլ չի հասել, ինչը ցույց է տալիս, որ Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկական հրթիռային թռիչքների համար համապատասխան տեխնիկա չունի:
ԱՄՆ-ը կասկածում է, որ հրթիռի արձակումն իրականում բալիստիկական հրթիռային համակարգի փորձարկում էր, և որ վերջնանպատակը կարող է լինել միջուկային մարտագլխիկ կրելը:
Պաշտոնական Վաշինգտոնի խիստ քննադատել է հրթիռի արձակումը: Պետքարտուղար Հիլըրի Քլինթոնն այն անվանել է “սադրիչ քայլ”:
Էվիեյշն Ուիք ընդ Սփեյս Թեքնոլոջի ամսագրի պատասխանատու խմբագիր Ջիմ Ասքերի կարծիքով` Հյուսիսային Կորեան երկու մարտահրավեր ունի: Առաջինը` մեծ շառավղով հրթիռներ արձակելու համար անհրաժեշտ տեխնոլոգիայի ձեռքբերումն է:
"Մյուս խնդիրը այնպիսի մարտագլխիկի մշակումն է, որը հնարավոր կլինի տեղակայել հնարավորինս փոքր չափի հրթիռ արձակող սարքի վրա: Դա բավականին լուրջ խնդիր է: Այս պահի դրությամբ չեմ կարծում, որ Հյուսիսային Կորեան մոտ է նման տեխնոլոգիա ունենալուն”, ասել է նա:
Կիրակի օրն արձակված Taepodong-2 հրթիռը, ըստ երևույթին, 3200 կմ ճանապարհ է անցել: Դա երկու անգամ ավելին է, քան տասնմեկ տարի առաջ Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռի հնարավորությունները:
Ասկերի կարծիքով` Հյուսիսային Կորեայի տեխնիկական հնարավորությունները չի կարելի է թերագնահատել: Բացի այդ, նրան մտահոգում է Հյուսիսային Կորեայի և Իրանի համագործակցությունը:
"Երկու երկները, կարծես, սերտ համագործակցում են տեխնիկական ծրագրերի բնագավառում: Որոշ առումներով Իրանը, կարծես, առաջ է Հյուսիսային Կորեայից: Ի վերջո Իրաքին հաջողվել է տիեզերք արբանյակ ուղարկել, իսկ Հյուսային Կորեային դա չի հաջողվել”, նշել է նա:
Ասկերի խոսքերով` չնայած այն հանգամանքին, որ հրթիռի վրա պարզապես արբանյակ է տեղադրված, դրա հաջողակ արձակումն էական ազդեցություն կարող է ունենալ: “Տիեզերք արբանյակ ուղարկելն ապացույց է առ այն, որ երկիրը միջմայրցամաքային բալիստիկական հրթիռ կառուցելու հնարավորություն ունի, քանի որ դրանց կառուցման և գործառնության առումով էական տարբերություններ չկան”, պարզաբանել է նա:
Վաշինգտոնի Հերիթիջ հիմնադրամի ավագ գիտաշխատող Բրյուս Քլինգների կարծիքով` Հյուսիսային Կորեայի այս քայլը թեստ էր նախագահ Օբամայի վարչակազմի համար: "Արդյո՞ք նրանց գործողությունները կհամապատասխանեն խոսքերին, որոնք վերջին շրջանում բավականին խիստ գնահատականներ են ենթադրել Հյուսիսային Կորեայի հասցեին: Դա առաջին թեստն է: Երկրորդ թեստն այն է, թե որքանով Օբամայի վարչակազմին կհաջողվի Չինաստանին և Ռուսաստանին համոզել ճիշտ քայլեր ձեռնարկել”, մեկնաբանել է նա:
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Ռուսաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգներն արդեն երկու անգամ հանդիպել են այս շաբաթ` քննարկելու Հյուսիսային Կորեայի դեմ ուղղված հնարավոր քայլերը, սակայն նրանց չի հաջողվել համաձայնության գալ: ԱՄՆ-ը, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան կոշտ պատասխանի կողմնակից են, մինչդեռ Չինաստանն ու Ռուսաստանը զսպվածության կոչ են անում: