Մատչելի հղումներ

Իշխանափոխությունից շուրջ չորս ամիս անց Վլադիմիր Պուտինը դեռևս կարևորագույն դեր է խաղում


Չորս ամսից ավել է անցել Դմիտրի Մեդվեդևի որպես նախագահ երդմնակալությունից հետո, սակայն դեռևս հարցեր են ծագում, թե իրականում ով է Ռուսաստանի իշխանության գլուխը: Նույնիսկ մինչև իշխանաթողությունը Վլադիմիր Պուտինն արդեն հստակ հայտարարել էր, որ ցանկանում է իշխանության օղակներում մնալ, և այդպես նա ստանձնեց վարչապետի պաշտոնը: Սակայն ոմանց կարծիքով, նոր պաշտոնում Վլադիմիր Պուտինի դերը երկրի քաղաքական և տնտեսական որոշումների կայացման բնագավառում չի նվազել` նախագահության տարիների համեմատությամբ:

Դատելով երկրի ողջ տարածքի հեռուստաեթերից` կարելի է ասել, որ Ռուսաստանը նոր, երիտասարդ և եռանդուն նախագահ ունի, ով հանդիպում է աշխարհի այլ երկրների ղեկավարների և կարևոր հայտարարություններ է անում:

Նրան նախորդող նախագահ և այժմ վարչապետ Վլադիմիր Պուտինին սակայն նույնչափ հեռուստաեթեր է հատկացվում: Քաղաքական վերլուծաբանների կարծիքով, դժվար է նույնիսկ տարանջատել այն ուղերձները, որ երկու ղեկավարները ուղղում են պետության ներսում և պետությունից դուրս:

Վաշինգտոնում հիմնված Հերիթիջ Ֆաունդեյշն գիտահետազոտական կենտրոնի Մոսկվայի մասնաճյուղի վերլուծաբան Եվգենի Վոլկի կարծիքով նախագահ Մեդվեդևի վարած ներքին և արտաքին քաղականություններից ակնհայտ է, որ դրանք ամբողջովին Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության շարունակությունն են: Մեդվեդևը շարունակում է խթանել պետության մեծ դերը տնտեսական զարգացման բնագավառում: Իսկ արտաքին քաղաքականության առումով ակնհայտ են Ռուսաստանը`որպես Խորհրդային Միության կարգի նոր գերտերություն հաստատելու փորձերը:

Գերտերություն ստեղծելու ձգտումն ակնհայտորեն դրսևորվեց օգոստոս ամսին, երբ ինքնահռչակ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներում Ռուսաստանը հաջողությամբ ռազմական գործողություններ իրականացրեց վրացական ուժերի դեմ: Վրացական ուժերի ետ մղումից կարճ ժամանակ անց Ռուսաստանը պաշտոնապես ընդունեց երկու տարածքների անկախությունը և հայտարեց, որ իր զորամիավորները մնալու են այդ տարածքներում:

Անկախ ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերի կարծիքով, Ռուսաստանի նպատակն է ընդյալնել իր ազդեցության շրջանակը. “Մեր ռազմավարական նպատակն էր ստեղծել մեծ անվտանգության գոտի, ընդլայնել ազդեցության շրջանակը` ներառելով նախկին Խորհրդային Միությունն ամբողջությամբ` Ուկրաինան, Բելառուսը, Կովկասյան պետությունները, Կենտրոնական Ասիայի պետությունները: Ահա այդ տարածքներում ենք մենք ցանկանում մեր գերակայությունը հաստատել` բացառելով Արևմուտքի ազդեցությունը և հատկապես այդ պետությունների անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Այսպիսով, խոսքը պարզապես փոքր հողակտորի միացման մասին չէ, ինչպես դա ներկայացվում է. Ռուսաստանի ռազմավարական մտադրությունները բացարձակապես այլ բնույթ ունեն և շատ ավելի հեռահար են”:

Հակամարտության արդյունքում խիստ վատթարացան Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները: Ռուսաստանը մեղադրեց Բուշի վարչակարգին վրացական զորամիավորումների վերապատրաստման և Հարավային Օսիայի վրա Վրաստանի հարձակումը խրախուսելու մեջ: Մինչդեռ ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը Ռուսաստանին մեղադրեց միջազգային ասպարեզում հետզհետե առավել ավտորիտար բնույթի քաղաքականություն վարելու մեջ:

Շեշտելով լարված հարաբերությունները` Ռուսաստանը հայտարարել է, որ նոյեմբեր ամսին ռազմանավեր է ուղարկելու Կարիբյան ծով Ռուսաստանից զինամթերք գնող Վենեսուելայի հետ համատեղ ռազմավարժությունների անցկացման նպատակով:

Բացի այդ, նախագահ Մեդվեդևի հրամանով երկրում թարմացվում է ողջ զինուժը: Ւսկ վարչապետ Պուտինը հայտարարել է, որ հաջորդ տարի 27 տոկոսով ավելացվելու է պաշտպանության համար նախատեսված բյուջեն, որը կկազմի 53 միլիարդ դոլար:

Վերլուծաբանների կարծիքով, չնայած այն հանգամանքին, որ Արևմուտքը սահմանափակ լծակներ ունի Ռուսաստանի քաղաքականության վրա ազդելու համար, Արևմուտքի հետ լարված հարաբերությունները վատ ազդեցություն կունենան Ռուսաստանի տնտեսության վրա: Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանի բորսայում մեծ անկում է արձանագրվել, որի արդյունքում երկու անգամ կասեցվել են բոլոր առևտրային գործարքները: Բորսայի անկման պատճառներից էին օտարերկրյա կապիտալի դուրսբերման հետ կապված մտավախությունները, նավթի գնի իջեցումը և համընդհանուր ֆինանսական ճգնաժամը: Արդյունքում վարկատուները մեծապես կորցրել են Ռուսաստանի հանդեպ վստահությունը:

Կարնեգի հիմնադրամի Մոսկվայի մասնաճյուղի Ռուսաստանի գծով փորձագետ Ռոուզ Գյոտեմյուլերի կարծիքով. "Աշխարհի տարբեր պետություններ և միջազգային ընկերություններ ստիպված կլինեն խորը մտածել` պատշաճ կերպով գնահատելու Ռուսաստանի հետ կապված ռիսկերը: Իսկ Ռուսաստանին մեծ ներդրումներ են անհրաժեշտ հնացող ենթակառուցվածները վերանորոգելու համար, ինչպես նաև սեփական միջազգային ընկերությունները կառուցելու և տնտեսությունը ժամանակակից դարձնելու համար”:

Ռուսաստանի կառավարությունը միլիարդավոր դոլարներ է հատկացրել` բանկային համակարգը սննկացման վտանգներից փրկելու նպատակով:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի արտարժույթի ահռելի պաշարները կարող են նպաստել իրավիճակի թեթևացմանը:

Դեյվիդ Ազեռկովը Մոսկվայի Ռենեսանս Կապիտալ ընկերության ներկայացուցչի խոսքերով. "Ռուսաստանի արտարժույթի պաշարները 500 միլիարդ դոլարից ավելին են կազմում, որոնք Ռուսաստանը կարող է ռուբլու վերածել և նպաստել արտարժույթի և ֆինանսական շուկաների կայունացմանը: Կարծում եմ, որ դա մեծ առավելությունը, որ այլ պետություններ չունեն”:

Մինչդեռ սահմանադրորեն Ռուսաստանի ղեկավարը նախագահն է, այլ ոչ` վարչապետը, ռուս-վրացական պատերազմը ցույց տվեց, թե ով է Կրեմլի իշխանության իրական գլուխը: Պատերազմի առաջին օրերին Վլադիմիր Պուտինն էր, ով Հարավային Օսիա ժամանեց և հանդիպես ռազմական ղեկավարության հետ, ինչպես արդեն վարվել էր իր նախագահության տարիներին` Չեչնիայում իրականացրած ռազմական գործողությունների ժամանակ:

XS
SM
MD
LG