Մատչելի հղումներ

Ընդունելով Հանրապետական կուսակցության կողմից ԱՄՆ-ի նախահագահի թեկնածությունը` Մքքեյնը հանձն է առել բարեփոխել Վաշինգտոնը


Հինգշաբթի օրն իր ելույթում Հանրապետական սենատոր Ջոն Մքքեյնն ասել է, որ ԱՄՆ-ի նախագահ դառնալով նա փոխնախագահ Փեյլինի հետ միասին կբարեփոխի Վաշինգտոնը, կբարելավի երկրի տնտեսական իրավիճակը և էներգիայի այլընտրանքային ռեսուրսների հայտնաբերման ծրագրեր կիրականացնի: Մինեսոտա նահանգի Սեյնթ Փոլ քաղաքում տեղի ունեցող Հանրապետական կուսակցության ազգային համագումարին նախկինում ռազմական օդաչու և Վիետնամի պատերազմի գերի Մքքեյնն ասել է, որ նա ավելի պատրաստված է ԱՄՆ-ի նախագահ լինելու, քան` Բարակ Օբաման:

Հինգշաբթի օրը Ջոն Մքքեյնը, ով դաժանագույն հինգ տարիներ է անցկացրել Վիետնամի բանտերից մեկում, վերջապես հասավ իր նպատակին` նախագահական ընտրություններում պաշտոնապես առաջադրվելով որպես Հանրապետական կուսակցության թեկնածում: Նախկինում նա այդ թեկնածության համար պայքարել է նախագահ Ջոր Բուշի հետ, սակայն պարտություն է կրել նախնական ընտրությունների փուլում:

Մքքեյնի համբավը որպես անկախ քաղաքական գործիչ քննադատության է արժանացել վերջին տարվա ընթացքում` պայմանավորված Իրաքի պատերազմի հարցում և նախագահ Բուշի այլ քաղաքական միտումներում` վերջինիս ցուցաբերած մեծ աջակցությամբ: Այնուամենայնիվ, Համագումարում ունեցած իր ելույթի ընթացքում Մքքեյնը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի օերնսդրական օղակներում բարեփոխողի համբավ ունի, և որ աշխատում է ոչ թե հանուն իր կուսակցության, այլ` իր սիրած հայրենիքի` ԱՄՆ-ի ժողովրդի: “Ես հայրենքս սիրեցի, երբ գերի էի մեկ այլ երկրում: Ես այն սիրեցի ոչ միայն այն բոլոր հարմարությունների համար, որ գոյություն ունեն այստեղ, այլև` այս երկրի պատշաճության, սեփական ժողովրդի իմաստության, արդարության և բարեգթության հանդեպ խորը վստահության համար: Ես այն սիրեցի, որովհետև այն ոչ միայն տեղանք է, այլ` մի ամբողջ գաղափարախոսություն, որի համար պետք է պայքարել: Այդ գիտակցությունն ինձ ամբողջովին փոխեց: Ես այլևս սեփակն անձ չէի, այլև` պատկանում է իմ պետությանը,” ասել է Մքքեյն իր ելույթում:

Մքքեյնը նաև գովեստի խոսքեր է ուղղել փոխնախագահի թեկնածու` Ալասկայի նահանգապետ Սարա Փեյլինին, ով մինչև անցյալ շաբաթ քչերին էր հայտնի: Հինգշաբթի օրը նա նույնպես պաշտոնապես առաջադրվել էր որպես փոխնախագահի թեկնածու և դարձել Հանրապետական կուսակցության կողմից այդ պաշտոնում առաջադրված առաջին կինը: Չորեքշաբթի օրը Հանրապետական կուսակցության համագումարի մասնակիցները մեծ խանդավառությամբ են ընդունել Փեյլինի ելույթը, որտեղ նա հանձն է առել սատարել սենատոր Մքքեյնին Վաշինգտոնի քաղաքականությունը բարեփոխելու գործում:

“Ես շատ հպարտ եմ, որ մեր երկրին եմ ներկայացրել մեր հաջորդ փոխնախագահին, բայց ես մեծ անհամբերությամբ եմ սպասում, թե երբ նրան կներկայացնեմ վաշինգտոնյան շրջանակներին` հնացած, մեծ գումարներ ծախսող, անգործունյա, եսակենտրոն և պետությանը երկրորդ պլան մղած: Ցանկանում եմ նախազգուշացնել նրանց, որ փոփոխությունն իր ճանապարհին է,” ասել է Մքքեյնը:

Մքքեյնը խոսք է տվել նոր աշխատատեղեր ստեղծել` հարկերը ցածր պահելով, ինչպես նաև ընդլայնել էներգառեսուրսների արտադրումը պետության ներսում:

Համագումարի հինգշաբթի օրվա նիստում նաև հեռարձակվել է 2001թ. սեպտեմբերի 11-ին Պենտագոնի և Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի վրա Ալ Քայդայի ահաբեկչական հարձակումները ցուցադրող տեսանյութ: Մքքեյնը վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ ԱՄՆ-ը կարող է հաղթել Իրաքի պատերազմը, ինչպես նաև հաղթող դուրս գալ ահաբեկչության դեմ պայքարում: “Մենք լուրջ հարձակման ենք ենթարկվել Ալ Քայդայի կողմից վերջին տարիներին: Սակայն նրանք պարտված չեն և, հնարավորության դեպքում, նորից կհարձակվեն,” ասել է նա:

Իր ելույթում Մքքեյնը նաև դիմել է Դեմոկրատական կուսակցության իր մրցակից Բարակ Օբամայի աջակիցներին` ասելով, որ գալիք պայքարում “նրանց հետ ավելի շատ ընդհանրություններ, քան բաժանարար գծեր կունենա”:

Սենատոր Լինդսի Գրեմն իր ելույթում հիշատակել է, որ չնայած սենատոր Մքքեյնի աջակցությունը նախագահ Բուշի` Իրաքում տեղակայված զորամիավորների թիվն ավելացնելու որոշմանը խիստ քննադատության առարկա կարող էր դառնալ, ի վերջո որպես ճիշտ որոշում գիտակցվեց: Նա նաև քննադատել է մրցակից Բարակ Օբամային Իրաքում զորամիավորների թիվն ավելացնելու որոշումը չսատարելու համար: “Եթե Բարաք Օբաման չի կարող գնահատել այն փաստը, որ մենք հաղթում ենք Իրաքում, ապա նա չպետք է լինի մեր գլխավոր հրամանատարը,” ասել է սենատոր Գրեմը:

Վերջին օրերին բազմաթիվ ելույթ ունեցողներ խիստ քննադատել են սենատոր Օբամային` կասկածի տակ դնելով նրա փորձառությունը և առաջնորդելու հատկանիշները:

Հինգշաբթի օրը Փենսիլվանիա նահանգում ընտրողների հետ հանդիպմանը սենատոր Օբաման նաև պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք մեծամասամբ վերաբերում էին Հանրապետական կուսակցության հանրագումարի ընթացքում նրա հասցեին հնչեցրած քննադատություններին: “Նրանք ընտրարշավի օրակարգ չունեն: Նրանք Ամերիկայի միջին խավի կյանքը բարելավելուն ուղղված որևէ կոնկրետ միտք և ծրագիր չեն առաջարկել այս մի քանի օրերի ընթացքում,” ասել է Օբաման:

Համագումարը ուղեկցվել է մի շարք բողոքի ակցիաներով: Համագումարի մեկնարկից հետո մի քանի հարյուր ցուցարար է ձերբակալվել:

Երկու համագումարների ավարտը խորհրդանշում է նախագահական ընտրությունների վերջին փուլի մեկնարկը: Մինչև նոյեմբերի 4-ի ընտրություններն ընկած ութ շաբաթվա ընթացքում նախագահի թեկնածուները երեք, իսկ փոխնախագահի թեկնածուները` երկու հեռուստաքննարկում կունենան:

Ընտրվելու դեպքում, 72-ամյա սենատոր Մքքեյնն ԱՄՆ-ի ամենամեծահասակ նախագահը կլինի, հակառակ դեպքում 47-ամյա Օբաման կդառնա առաջին աֆրո-ամերիկացի նախագահը:

XS
SM
MD
LG