Մատչելի հղումներ

Հայաստանի իրավիճակի քննարկումը Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի կառավարիչների խորհրդի նիստում


Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան Վաշինգտոնի գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ հանրության իրազեկության համար կազմակերպված մի միջոցառում Կորպորացիայի կառավարիչների խորհրդի հունիսի 17-ի նիստի արդյունքները քննարկելու համար։

Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը նշել է, որ կառավարիչների խորհրդի հերթական նիստը հատկապես քննարկել է Հայաստանի հետ կորպորացիայի հետագա համագործակցության հարցը։ Նա շեշտել է, որ կառավարիչների խորհուրդը ուշադիր հետեւում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ խիստ հետաքրքրված է տիրող կացությամբ։ “Վերջին զարգացումները պարտադրել են, որ Հայաստանի նորանշանակ նախագահին փոխանցեմ իմ եւ միջազգային այլ կազմակերպությունների մտագորությունները.” ասել է դեսպան Դանիլովիչը:

՛՛Սերժ Սարգսյանի հետ ունեցած իմ խոսակցություններում ես մտահոգություններ եմ արտահայտել հավաքներ կազմակերպելու իրավունքի սահմանափակումների, ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների, եւ ընտրություններին հաջորդող դեպքերի անկախ հետաքննություն անցկացնելու առնչությամբ։ Այս հարցերի քննարկումը ՀՄԿ-ի գործընթացի մաս է կազմում.” շարունակել է նա:

Հունիսի 17-ի միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նաեւ խորհրդի անդամ Լորն Քրեյնըրը։ Նա եւս շեշտել է, որ Կառավարիչների խորհրդի ժողովում խիստ կարեւոր տեղ է գրավել Հայաստանում տիրող իրավիճակի քննարկումը. ՛՛Կառավարիչների խորհուրդը խիստ մտահոգված է Հայաստանում տիրող կացությամբ։ Մեր հետեւողականոներ կլինենք իրավիճակի մեր գնահատականներում։ Դա մի հարց է, որի քննարկումը կշարունակվի Կառավարիչների խորհրդի առաջիկա նիստերում։ Ես նաեւ պետք է նշեմ, որ ՀՄԿ-ն կարող է քայլերի դիմել` առանց խորհրդի նիստ հրավիրելու:”

Հունիսի 17-ի միջոցառմանը ներկա էր նաեւ Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի հայաստանյան ծրագրի Գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգներ կատարած իր այցելության ընթացքում ծրագրում է քննարկել նաեւ ամերիկահայ կազմակերպությունների եւ Հազարամյակի մարտահրավերներ հայաստանյան ծրագրի համագործակցության հեռանկարները։

“Արմինյըն Ռիփորթըր” ամերիկահայ շաբաթաթերթի վաշինգտոնյան գրասենյակի խմբագիր Էմիլ Սանամյանը, ով ներկա էր այդ միջոցառմանը, այն կարծիքին է, թե չնայած հազարամյակի մարտահրավերներ ծրագիրը չի դադարեցվել, այդուհանդերձ այն դանդաղել է. ՛՛Եվ դա գործնական ազդանշան է ուղղված Հայաստանի իշխանություններին։ Այս հանդիպման ընթացքում կորպորացիայի ներկայացուցիչները հստակորեն իրենց գոհունակությունը հայտնեցին բարեփոխությունների ուղղությամբ կատարված որոշ քայլերի առնչությամբ:՝՝

Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի համաձայն` հնարավոր է դրական լուծում գտնել Հայաստանում տիրող իրավիճակին, որը կնպաստի թե՛ Հայաստանի եւ թե՛ Կորպորացիայի շահերին։ Խոսվել է նաեւ ամերիկյան օգնության հիմնադրամը ղեկավարելու հարցում Կորպորացիայի առջեւ ծառացած մի շարք դժվարությունների մասին։ Օգնություն, որի խիստ կարիքն ունեն աշխահի բազմաթիվ երկրներ։

XS
SM
MD
LG