Եվրոպայի խոշորագույն տնտեսությունների ղեկավարները հանձն են առել ամեն ջանք գործադրել կանխելու տնտեսական խիստ ճգնաժամի ազդեցությունը Եվրոպական Միության 27 անդամ պետությունների վրա: Շաբաթ օրն այդ նպատակով հատուկ հանդիպում էր կազմակերպվել Փարիզում:
Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները համաձայնության են եկել պաշտոնական համաձայնագիր ստորագրել` համաշխարհային ֆինանսական ճգնաժամի վնասները կրող բանկային համակարգին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ով այժմ նախագահում է Եվրոպական Միությունը և նախաձեռնել է փարիզյան հանդիպումը, ներկայացրել է այն խնդիրները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:
Նախագահ Սարկոզին ասել է, որ ներգրավված պետությունները կհամակարգեն իրենց ձեռնարկած միջոցառումները ճգնաժամի դեմ պայքարող այլ պետությունների հետ և կպահանջեն, որպեսզի Եվրոպական Միության վերահսկող հաստատությունները ճկունություն ցուցաբերեն բիզնեսներին աջակցելու հարցում: Միևնույն ժամանակ նրանք համամիտ են եղել, որ բիզնեսների գործադիր տնօրենները պատասխանատու ճանաչվեն խնդրո առարկա բիզնեսների ձախողումների համար: Կառավարությունները նաև կոչ են արել համաշխարհային առաջնորդներին հնարավորինս շուտ հանդիպել` լուծումներ գտնելու ներկա ֆինանսական ճգնաժամին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունն ասել է, որ Եվրոպական Միության ղեկավարները համաձայնության են եկել շուրջ 44 միլիարդ դոլար հատկացնել` փոքր բիզնեսներին աջակցելու նպատակով: Նա նաև հավաստիացրել է, որ քայլեր են ձեռնարկվում բանկային համակարգին աջակցելու նպատակով. “Ինչպես արդեն իսկ վարվում են մեր կենտրոնական բանկերը, երաշխիքներ կտրամադրվեն սնանկացման դեմ` վստահությունը և կայունությունը պահպանելու նպատակով: Մենք համաձայնության ենք եկել, որ կայունությունը պահպանելու տեսանկյունից անհրաժեշտ է ավելին անել ճգնաժամին ուղղված մեր քայլերը համակարգելու համար”:
Հանդիպմանը նաև ներկա էին Եվրոպական կենտրոնական բանկի նախագահը, Եվրագոտու խմբի ղեկավար հանդիսացող Լյուքսեմբուրգի վարչապետը, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահը: