Մատչելի հղումներ

Սուդանի “Կորած տղա”-ն խմելու ջուր է ապահովում հազարավորների համար


Երեսունչորսամյա Սալվա Դաթն ապրում է Նյու Յորքում: Նա Սուդանի 20 տարի տևացող քաղաքացիական պատերազմի հետևանքով որբացած երեխաներից`«Կորած տղաներից» մեկն է: Ավելի քան տաս տարի նա փնտրել է իր ընտանիքը, թափառել Եթովպիայում, Քենիայում, որտեղ գրեթե վեց տարի ապրել է ՄԱԿ-ի փախստականների ճամբարում, իսկ 1996թ. տեղափոխվել ԱՄՆ: Սալվա Դաթն այժմ օգնում է Սուդանի գյուղերին մաքուր ջուր ապահովելու գործում:

Հարավային Սուդանում միլիոնավար մարդիկ զրկված են խմելու մաքուր ջրից: Գետերը և լճերը հաճախ աղտոտվում են` առաջացնելով լուծ և խոլերա: Սալվա Դաթը փորձում է փոխել իրավիճակը:

«Ջուր Սուդանին» իր կազմակերպության միջոցով նա կարողացել է հանգանակել մեկ միլիոն դոլար` գյուղերին մաքուր ջուրը մատչելի դարձնելու համար:

«2002թ. ՄԱԿ-ի Երեխանների հիմնադրամից ինձ հայտնեցին, որ հայրս հիվանդ է և գտնվում է հարավային Սուդանի ՄԱԿ-ի հիվանդանոցում: Բժիշկն ասել էր, որ եթե չսկսի մաքուր ջուր խմել, կարող է նորից հիվանդանալ և մահանալ երիտասարդ հասակում: Երբ վերադարձա ԱՄՆ, հասկացա, որ պետք է օգնեմ հորս և ուրիշներին, ովքեր այդ իրավիճակում են»,-պատմում է Սալվան:

Եկեղեցու անդամների, դպրոցների, անհատների և Ռոթըրի հումանիտար կազմակերպության օգնությամբ Դաթը նախաձեռնեց «Ջուր Սուդանին» ծրագիրը, որը գյուղացիներին սովորեցնում է ինչպես ջրհոր փորել և աշխատացնել: Կազմակերպությունն արդեն 29 ջրհոր է փորել:

“Երբ մեկ տարի անց վերադարձա, ապշած էի, թե ինչպես ենք փոխել այս մարդկանց կյանքը: Նրանք շուկա են կառուցում, դպրոց, շուտով նաև ամբուլատոր կետ կունենան, այնքան բան է կատարվում ջրհորի շուրջ”,-իր տպավորություններով կիսվում է Սալվան:

Ըստ Դաթի` ջրհորներից առավել շահել են երիտասարդ աղջիկները, ովքեր նախկինում մի քանի ժամ քայլում էին հեռու գետերից ջուր բերելու համար: Այժմ մաքուր ջուրը հասանելի է, իսկ աղջիկներն ազատ ժամանակ ունեն դպրոց հաճախելու համար:

“Աշխարհի այդ մասում աղջիկների կրթությունը չի արժեվորվում: Իսկ այժմ, քանի որ ջրհորներ են կառուցվել, նրանք կարող են դպրոց հաճախել: Դա այնքան հուզիչ է”,-ուրախությամբ ասում է Սալվան:

Այս հումանիտար աշխատանքի համար տարին մեկ անգամ Դաթը վեց ամսով գալիս է Սուդան: Նա հանդիպում է գյուղապետերի հետ, ովքեր և որոշում են, թե որ գյուղերում է անհրաժեշտ ջրհոր կառուցել:

“Ինձ համար դժվար է, ես չգիտեմ` որ մշակույթն եմ ներկայացնում: Երբ Սուդանում եմ, շտապում եմ վերադառնալ տուն` Ամերիկա, իսկ երբ Ամերիկայում եմ, չեմ հարմարվում, ցանկանում եմ վերադառնալ Սուդան”,-խոստովանում է Դինկա ցեղի ներկայացուցիչ և այժմ ԱՄՆ քաղաքացի Դաթը:

Սալվա Դաթը սակայն վստահ է, որ կյանքում գտել է իր առաքելությունը: “Ջուր Սուդանի” նպատակը տարեկան 40 ջրհոր կառուցելն է, և խմելու մաքուր ջուր ապահովելով գյուղերում հազարավոր մարդկանց կյանքը բարելավելը:

XS
SM
MD
LG