Ծխախոտի հետևանքով մահացության դեպքերը չեն գլխավորում մամուլի էջերը, չնայած որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների`յուրաքանչյուր վեց վայրկյանում ծխախոտի ծխից մեկ մարդ է մահանում: Ըստ ուսումնասիրությունների` ծխախոտը վնասակար է ոչ միայն ծխողի համար, դրանք սրտի կաթված են առաջացնում նաև պասիվ ծխողների` ծուխը շնչողների մոտ: Նոր ուսումնասիրության համաձայն` ծխելու արգելքից շահել են բոլորը:
Վիրջինիան վերջին նահանգն էր, որտեղ ռեստորաններում և բարերում արգելվեց ծխելը: Հանրային վայրերում ծխելն արգելելուց հետո կրճատվել են սրտի կաթվածի հետևանքով մահացության դեպքերը:
Ավելի վաղ Կոլորադոյում Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ հանրային վայրերում ծխելու արգելքի մասին օրենքն ընդունելուց հետո սրտի կաթվածի դեպքերը կրճատվել են 40 տոկոսով: Նոր ուսումնասիրությունը հաստատում է այդ արդյունքները:
Նեյլ Բենովիցը այդ զեկույցի հեղինակներից է և նա ասում է, որ երբ ինչ-որ մեկի ներկայությամբ ծխում են, րոպեներ անց նրա մոտ նկատվում է արյան խցանում և բարձր մակարդելիություն: Երակները դադարում են նորմալ գործել, և դրանք կարող է հետևել սրտի կաթվածը:
Զեկույցում պատճառահետևանքային կապ են գտելսրտի կաթվածի և երկրորդային ծխողի միջև:
«Նույնիսկ կարճ ժամանակում պասիվ ծխողի մոտ կարող է առաջանալ արյան մակարդում, երակների նեղացում, և ի վերջո` կաթված»,-բացատրում է Բենովիցը:
Գիտնականներն ուսումնասիրել են տարբեր երկրների տասնմեկ զեկույցներ: Նրանք գտել են, որ ծխելու արգելքի հետևանքով սրտի կաթվածը կրճատվել է վեցից գրեթե հիսուն տոկոսով:
«Անհրաժեշտ է հասկանալ, որ ծխելու արգելքները տարբեր են: Դրանք միշտ չեն հետևողականորեն կիրառվում: Սակայն դրանց բոլորի արդյունքում մենք նկատում ենք սրտամկանային սուր կաթվածի և սրտի կաթվածի դեպքերի կրճատում»,-բացատրում է բժիշկ Լին Գոլդմանը:
Քննադատները պնդում են, որ զեկույցում հեղինակները հաշվի չեն առել սրտային հիվանդներին: Սակայն հեղինակները պնդում են, որ դա անհնար էր, քանի որ սրտային հիվանդների մեծ մասն իրենց ախտորոշումը ստանում են սրտի առաջին կաթվածից հետո:
Հետազոտության արդյունքները թողարկվել են Բժշկագիտության ինստիտուտի կողմից, որը նաև ԱՄՆ կառավարության խորհրդատվական խումբն է:
Կոլորադոյի ուսումնասիրությամբ պարզվել է, որ մինչև արգելքը 400 մարդ սրտի կաթված է ունեցել, իսկ արգելքից 18 ամիս անց նրանց թիվը կրճատվել է 240-ից ցածր: Այն շրջաններում, որտեղ արգելք չի եղել, սրտի կաթվածի ցուցանիշը նույնն է մնացել: