Մատչելի հղումներ

Դյուք Էլինգթընի ժառանգությունը կենդանի է


Դյուք Էլինգթընի ժառանգությունը կենդանի է
Դյուք Էլինգթընի ժառանգությունը կենդանի է

<!-- IMAGE -->

Ապրիլն ԱՄՆ-ում “Ջազի գնահատման ամիս” է, երբ տուրք է տրվում ամերիկացի հայտնի ջազ երաժիշտներին, ովքեր ջազը ներկայացրել են աշխարհին: Նրանցից է վաշինգտոնցի Դյուք Էլինգթընը` 20-րդ դարի հայտնի աֆրո-ամերիկացի անձնավորություններից մեկը, ով իր երաժշտությամբ մեծ ազդեցություն է թողել միլիոնավոր մարդկանց վրա թե հայրենի երկրում և թե ամբողջ աշխարհում: Ապրիլի 29-ը նրա 111-րդ տարեդարձն է:

Էդուարդ Քենեդի Էլինգթընը ծնվել և ճանաչում ձեռք է բերել Վաշինգտոնում: Նա ներկայացրեց ջազն աշխարհին: Սառը պատերազմի տարիներին այն ամերիկացի արտիստներից էր, ով համերգներով շրջեց Արևելյան Եվրոպայում, Խորհրդային Միությունում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում: 1969թ. նախագահ Ռիչարդ Նիքսոնը նրան պարգևատրեց “Ազատություն” շքանշանով: Հիսուն տարի ստեղծագործելու ընթացքում նա արժանացավ նաև Փուլիցերի մրցանակի և Գրեմիի 13 պարգևատրումների: Այսօր Դյուքի ժառանգությունը կենդանի է պահում նրա թոռնուհին` Մերսեդես Էլինգթոնը, ով նաև Դյուք Էլինգթոնի անվան արվեստի կենտրոնի նախագահն է:

“Դյուք Էլինգթընի երաժշտությունն ընդունելի էր բոլոր սերունդների համար: Նա շատ հմայիչ էր: Երբ տարբեր երկրներում նվագելու հրավերք էր ստանում, նա այդ երկրին նվիրված շարերգ էր կազմում: Նրան դուր էր գալիս լինել այնտեղ, ուր չպետք է լիներ: Երբեք չի պիտակավորել իր երաժշտությունը: Նա ասում էր` սա ջազ չէ, սա “ամերիկյան երաժշտություն է””,-պատմում է թոռնուհի Մերսեդես Էլինգթընը:

Ռասսայական խտրականության այն տարիներին նվագելով թե աֆրո-ամերիկացիների, թե սպիտակների համար` Դյուք Էլինգթոնը վերացրեց ռասսայական խոչընդոտները:

“Էլինգթընն այդպես փորձում էր շեշտել մարդկանց ընդհանրությունները: Նրան միշտ հետաքրքրում էր աշխարհում տեղի ունեցող անցուդարձը: Նրա նպատակն էր մարդկանց միավորել երաժշտության միջոցով: Նա ստեղծագործում էր ամեն օր: Նույնիսկ, երբ հիվանդանոցում էր` մահվան շեմին, նրա անկողնու մոտ դաշնամուր կար”,-շարունակում է թոռնուհին:

Մերսեդեսը ջերմությամբ է հիշում պապի հետ անցկացրած հազվադեպ պահերը:

“Մենք նրան քիչ էինք տեսնում, նա միշտ համերգների էր իր խմբի հետ: Նրանց տեսնում էինք միայն, երբ նվագում էին Նյու Յորքում, Ապոլոյի շենքի “Ծիածան սենյակում”: Այդ ժամանակ մտերմիկ ընտանեկան հավաքույթ էինք կազմակերպում հետնաբեմում”,-հիշում է նա:

Պատանի ժամանակ Դյուքն ավելի հետաքրքրված է եղել բեյսբոլով, քան դաշնամուրի դասերով: Սակայն այն ժամանակ մարդիկ հարգում էին երաժիշտներին, հիանում նրանցով: Կանանց դուր էին գալիս դաշնակահարներն ու երաժիշտները: Եվ կանանց նկատմամբ հետաքրքության աճով էր պայմանավորված երաժշտության նկատմամբ Դյուքի հետաքրքրության աճը: Նրան ներշնչում էին կանայք և երաժշտությունը:

<!-- IMAGE -->

Դյուք Էլինգթընը դաշնամուր նվագում էր յոթ տարեկանից, իսկ 15 տարեկանում` արդեն ստեղծագործում էր: Մերսեդեսի խոսքերով` պապիկն այնքան էլ պապիկի նման չէր: Նա չէր ցանկանում, որ մարդիկ իմանային իր տարիքը:

“Կարծում եմ փառասիրության պատճառով էր, որ չէր ցանկանում` իր կին ընկերները և երկրպագուներն իմանային, թե նա այնքան մեծ է, որ թոռներ ունի: Նա ինձ խնդրել էր իրեն քեռի Էդուարդ կոչել”,-ասում է թոռնուհին:

1970-ականներին Մերսեդեսը խմբի հետ ճամփորդեց Ռուսաստան, և այնտեղ ականատես եղավ իր պապի հռչակին:

“Մարդիկ ծաղիկներով ընդառաջ էին վազում, երբ ինքնաթիռը վայրէջք էր կատարում: Նրանք Դյուք Էլինգթընի երաժշտությունը լսել էին “Ազատ Ամերիկա” ռադիոկայանով: Շատ ռուսներ ծանոթ էին նրա երաժշտությանը և գաղտնի ձայնագրություններն ունեին: Ամենուր նրան հրաշալի էին ընդունում”,-պատմում է Մերսեդեսը:

“Նա ապում էր աշխատելու համար: Երբ ճամփորդում էր և համերգներ տալիս, դա նրա համար դրախտ էր”,-ասում է Մերսեդեսը:

Դյուք Էլինգթընն ավելի քան 3 հազար գործի հեղինակ է: 1974թ. նրա մահից հետո նվագախումբը ղեկավարեց որդին` Մերսեր Էլինգթընը` Մերսեդեսի հայրը: Դյուք Էլինգթընի ժառանգությունը շարունակում է ապրել և դեռ կգրավի գալիք սերունդներին:

XS
SM
MD
LG