Մատչելի հղումներ

Լոս Անջելոսի ամենամեծ և «կանաչ» հյուրանոցը


ԱՄՆ-ում շատ հյուրանոցներ սկսել են վերամշակել իրենց աղբը և խնայել ջուրը, էներգիան և այլ բնական ռեսուրսներ: Լոս Անջելոսի ամենամեծ հյուրանոցը` Վեսթին Բոնավենթուրան, առաջին հյուրանոցն է, որ Գրին Սիլ բնապահպանական խմբի կողմից ստացել է «կանաչ» հյուրանոցի վկայական: Ըստ հյուրանոցի կառավարչի` այս փոփոխությունը շահավետ է շրջակա միջավայրի պահպանմանը և նաև հյուրանոցին:

Բոնավենթուրան Լոս Անջելոսի կենտրոնում երեսունյոթ հարկանի աշտարակ է` հազարից ավել հյուրասենյակներով:

Վերջերս քաղաքապետ Անտոնիա Վիյառայգոսայի գլխավորությամբ պաշտոնյաները հայտնել են, որ հյուրանոցը համապատասխանում է կայուն զարգացմանը հետամուտ, շահույթ չհետապնդող Գրին Սիլ խմբի պահանջներին:

«Նախագահ Օբաման կոչ է անում Ամերիկայում ստեղծել կանաչ օձիքների աշխատատեղեր: Միասին հաղթահարենք այս մարտահրավերը»,- կոչ է արել Վիյառայգոսան :

“Մենք ուսումնասիրեցինք հյուրանոցն ամբողջությամբ` սենյակների ծառայություն, սրբիչներ, զուգարանի թղթի տեսակը, աղբը, սննդի աղբը և այլն: Մենք տվեցինք փոփոխությունների վերաբերյալ մեր առաջարկությունները և հետևեցինք դրանց իրագործմանը”,- պատմում է Գրին Սիլի աշխատակիցը:

Վերամշակվող աղբն առանձնացվում է: Լվացքի համար օգտագործվում է կենսաբանորեն քայքայվող փոշի: Խոհանոցի մնացորդները դառնում են պարարտանյութ, օգտագործվում են մաքրման ոչ թունավոր նյութեր և էներգախնայող լամպեր:

Հյուրանոցի տնօրեն Մայքլ Չարչինսկու խոսքերով` մի քանի աշխատողներ իրենք են առաջարկել փոփոխությունները: Ըստ նրա` կանաչ վկայականը կգրավի շրջակա միջավայրի ջատագով հաճախորդների:

“Շուկայավարության տեսանկյունից սա հրաշալի է, սակայն այս ամենն արվել է ի շահ տնտեսության, շրջակա միջավայրի, թունաքիմիկատների և թղթի օգտագործման նվազեցման: Անհրաժեշտ է սննդի մնացորդները վերածել պարարտանյութի”,-բացատրում է տնօրենը:

Փոփոխությունները և անձնակազմին վերապատրաստելն արժեցել է քսան հազար դոլար: Աղբի վերամշակումը և մնացած այսպես կոչված “կանաչ” սկզբունքները տարեկան կխնայեն 200 դոլար` միաժամանակ նվազեցնելով հյուրանոցի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

XS
SM
MD
LG