Մատչելի հղումներ

Բազմանդամ ընտանիքների կյանքը հեռուստատեսության աչքերով


Ամերիկայում բազմանդամ ընտանիքները հեռուստատեսային ծրագրերի ուշադրության կենտրոնում են: Ութ երեխա ունեցող զույգի մասին “Ջոնը, Քեյթը և ևս 8-ը" շոուն ամենաճանաչվածն է: Հեռուստադիտողները հետևում են` ինչպես են նրանք մեծացնում իրենց երեխաներին և հաջողացնում պահպանել հարաբերությունները: Մեկ գիշերվա ընթացքում ընտանիքները դառնում են հանրահայտ:

Ամուսինները, որ ինը տարի առաջ լույս աշխարհ են բերել զույգ երեխա և հինգ տարի առաջ` վեցյակ, իրենց կյանքն անցկացնում էին տեսախցիկների առջև: Լարվածությունը, վեճերը և հանրության աչքի առաջ լինելը ութ երեխայի ծնողներ Ջոնին և Քեյթին հասցրել են ամուսնալուծության:

Ընտանեկան բժիշկ Դորի Լինի խոսքերով` այդպես ապրելը շատ դժվար է հատկապես երեխաների համար:

“Նրանք աստղեր են, ամենուր ուշադրության կենտրոնում, տեսախցիկների առաջ: Երեխաները աշխատում են: Դա դեմ է երեխաների պաշտպանության մասին օրենքին, ինչը նշանակում է`երեխաները շահագործվում են ծնողների կարիքների համար: Դա ճիշտ չէ”,-ասում է նա:

Հանա Քիլին հոգեբան է և վարում է “Հանա օգնիր ինձ” հեռուստածրագիրը: Նրա նպատակը ոչ թե ճանաչում ձեռք բերելն է, այլ տնային տնտեսուհիներին և մայրերին կրթելը: Քիլին ամուսնացած է և յոթ երեխայի մայր: Նա կյանքում հետևում է իր խրատներին:

“Ես չեմ ձգտում փառքի կամ ֆինանսական հաջողության: Իմ նպատակն է ոգևորել և շահագրգռել մայրերին, և ըստ արժանվույն գնահատել մայր լինելու կարիերան”,- բացատրում է նա: Ես պարտավոր եմ առաջնահերթություններ սահմանել: Ես չեմ կարող բաց թողնել ընտանիքիս հետ ժամանակ անցկացնելու և երեխաներիս օգնելու հնարավորությունը: Եթե այդպես չապրեմ, ապա կձախողվեմ ամեն հարցում”:

Մայրը տանը զբաղվում է երեխաների կրթությամբ և դեռ ժամանակ գտնում խաղալու, ընտանիքի, ինչպես նաև գիրք գրելու և հեռուստածրագրերի համար: Բժիշկ Դորի Լինի կարծիքով դժվար է այդպիսի մեծ ընտանքին հետևելը:

Ըստ նրա` կամ ավելի տարիքով երեխաները ծնող են դառնում ավելի երիտասարդների համար, կամ խելացի ընտանիքը մշակում է աջակցության համակարգ` լինի դա եկեղեցի կամ համայնք: Երկու հոգի չեն կարող իրենց վրա վերցնել ամբողջ ցեղի հոգսը”:

“Լրատվամիջոցների հետ շփվող ընտանքիներում ծնողները պարտավոր են հստակ սահմանել գերակայությունները և միասնություն պահպանել: Մենք ապրում ենք աստղերի աշխարհում, որտեղ մարդիկ կարծում են, թե հեռուստատեսությամբ հայտնվելը, տասնհինգ րոպեի փառքը դրամ և հարստություն է ապահովում: Սակայն սխալը սկսվում է այն պահին, երբ ներկայացումն իշխում է ընտանիքի և ծնողի պարտականությանը”,- պնդում է բժիշկ Լինը:

Ըստ նրա`հնարավոր է պահպանել ընտանեկան արժեքները և լնել ուշադրության կենտրոնում, եթե հեռուստատեսությունն ընկալվի միայն որպես աշխատանք:

XS
SM
MD
LG