Մատչելի հղումներ

Կոսովոն մեկ տարի անց


Կոսովոն մեկ տարի անց
Կոսովոն մեկ տարի անց

<!-- IMAGE -->

2008թ. փետրվարի 17-ին Կոսովոն հռչակեց իր անկախությունը Սերբիայից: Նորաստեղծ Կոսովոյի Հանրապետության Անկախության հռչակագրում ամրագրված է, որ բազմաէթնիկ հասարակության երաշխավորումը լավ կառավարման հիմնարար սկզբունքներից է: Հռչակագրով Կոսովոյի Հանրապետությունը նաև հանձն է առել իրականացնել Ահթիսահրիի ծրագիրը, որը վերաբերում է Կոսովոյի ապագայի համար կարևոր բազմաթիվ խնդիրների:

“Փետրվարի 17-ին անկախության հռչակումից հետո մեծ առաջընթաց է արձանագրվել Կոսովոյում”, նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարի` Բալկանյան տարածաշրջանի հարցերով օգնական Սթյուարթ Ի. Ջոունսը: Ըստ նրա` հաջողությունների թվում են բազմաթիվ նոր օրենսդրական ակտեր, որոնք հնարավոր են դարձնում Ահթիսահրիի ծրագրի իրականացումը, ինչպես նաև սահմանադրությունը, որը ճանաչում է ամբողջ բնակչության հիմնարար ազատությունները` նախատեսելով պաշտպանության հատուկ լծակներ փոքրամասնությունների համար:

Կոսովոյի անկախությունը ճանաչել են աշխարհի 54 երկրներ: Կոսովոյի ոստիկանության և արդարադատության համակարգերը, որոնց շարքերում ընդգրկված են բազմաթիվ էթնիկ խմբեր, սերտ համագործակցում են Եվրոպական Միության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ միջազգային գործընկերների հետ` Կոսովոյի ոստիկանության, արդարադատության և մաքսային համակարգերի կայացման նպատակով: ՆԱՏՕ-ն նույնպես աջակցում է Կոսովոյի կառավարությանը Կոսովոյի անվտանգության ուժի ձևավորման հարցում:

Կոսովոյի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, ինչպես նաև հարկային և մասնավոր ձեռնարկատիրությանը վերաբերող օրենսդրության բարեփոխումների բնագավառներում: Չնայած առկա խնդիրներին` 2008թ. հինգ տոկոս տնտեսական աճ է արձանագրվել Կոսովոյում, ինչը երկու անգամ ավել է` նախորդ տարիների համեմատությամբ:

Կոսովոյի բնակչության 90 տոկոսն ալբանացիներ են, մինչդեռ բնակչության մնացած 10 տոկոսը կազմում են սերբերը, բոսնիացիները, գորանները, գնչուները, աշկալիները, եգիպտացիները և թուրքերը: Ահթիսահրիի ծրագրի համաձայն` Կոսովոյի կառավարությունն ընդունեց երկրի սահմանադրությունը և մի շարք այլ օրենքներ, որոնք երաշխավորում են բոլոր էթնիկ խմբերի իրավունքների պաշտպանությունը: Նշված օրենքներով նախատեսվում են փոքրամասնությունների մշակութային և կրոնական տեղանքների պաշտպանության գոտիներ, տեղական ինքնակառավարման գոտիներ, ինչպես նաև հստակեցվում են տարածքային սահմանները: Կոսովոյի խորհրդարանի 120 տեղերից 20-ը նախատեսված է փոքրամասնությունների` այդ թվում 10-ը` սերբերի և մյուս 10-ը` այլ փոքրամասնությունների համար: Կոսովոյի փոքրամասնությունները նաև լավ ներկայացված են Կառավարությունում:

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության պատասխանատու Քայլ Սքոթն այս առնչությամբ նշել է, որ բոլորը պետք է սատարեն Կոսովոյի զարգացումը բազմաէթնիկ ժողովրդավարության ուղով, որը նախատեսում է փոքրամասնությունների իրավունքների և կրոնական ազատությունների պաշտպանություն, ինչպես նաև կառավարական ինստիտուտներ, որոնք երաշխավորում են կայունություն և ազգաբնակչության բարեկեցությունը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը կշարունակի մեծապես աջակցել Կոսովոյին:

XS
SM
MD
LG