Մատչելի հղումներ

Շուրջ 900 նոր բնակավայր կկառուցվի արևելյան Երուսաղեմում


Իսրեյելի բնակարանային գծով նախարար Զեև Բոյիմը կիրակի օրը կհայտարարի Երուսաղեմի արևելքում մոտավորապես 900 նոր բնակավայր կառուցման ծրագրերի մասին: Պետք է նշել, որ պաղեստինցիները ցանկանում են, որպեսզի տեղանքը դառնա իրենց ապագա պետության մայրաքաղաքը:

Նախարարության խոսնակ Էրան Սիդիսն այսօր ասել է, որ կառավարությունը մրցույթ կհայտարարի արաբաբնակ արևելյան Երուսաղեմի երկու մեծ հրեական թաղամասեր Հար Հոմայում 121 և Պիսգատ Զեևում 763 բնակավայրերի կառուցման համար:

Երկու թաղամասերն էլ գտնվում են քաղաքի` 1967թ. Վեցօրյա պատերազմի արդյունքում Իսրայելի գրաված արևելյան կեսի սահմաններից դուրս:

Այս քայլն ամենայն հավանականությամբ կզայրացնի պաղեստինցիներին, ովքեր ԱՄՆ-ի հետ մեկտեղ Իսրայելին կոչ են արել զերծ մնալ այսպես կոչված Կանաչ գծի սահմաններից դուրս կառուցապատումից:

Պաղեստինցի առաջնորդները բազմիցս ասել են, որ Արևմտյան ափում, որը ներառում է Երուսաղեմի արևելյան մասը, շինարարությունը վատ է անդրադառնում խաղաղության բանակցությունների վրա և վերջնական հաշտություն կնքելու ամենամեծ խոչընդոտներից է:

Սակայն Իսրայելը համարում է, որ Երուսաղեմն ամբողջությամբ իր “մշտնջենական և չմասնատված” մայրաքաղաքն է: Վարչապետ Էհուդ Օլմերթը նշել է, որ Իսրայելը մտադիր է պահպանելու Արևմտյան ափի հրեական բնակավայրերը ապագա ցանկացած հաշտագրի շրջանակներում: Հաջորդ շաբաթ նախատեսված է վարչապետ Օլմերթի եռօրյա այցը Վաշինգտոն:
XS
SM
MD
LG