Իրանի կառավարությունը պատրաստ է հարստացրած ուրանի պաշարների մի մասը փոխարկել միջուկային վառելիքի: Սա ՄԱԿ-ի կողմից առաջադրված հիմնական պահանջն է, որի նպատակն է մեղմացնել Իրանի միջուկային ծրագրերի նկատմամբ համաշխարհային վախը:
Իրանի արտգործնախարար Մաուչեր Մոթակին Բահրեյնում կայացած տարածաշրջանային անվտանգության համաժողովին հայտնեց, որ Իրանը, առկա հզորությունների 20 տոկոսի չափով, աստիճանաբար կփոխարկի 400 կիլոգրամ ցածր պարունակությամբ ուրանը միջուկային վառելիքի: Այդ փոխարկումը տեղի կունենա Իրանի Քիշ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցում:
ԱՄՆ-ը մերժել է Մոթակիի առաջարկը: Ոմն ամերիկացի պաշտոնյայի խոսքերով` Իրանի առաջարկը չի համապատասխանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ խորհրդակցության արդյունքում ՄԱԳԱՏԷ-ի կողմից առաջադրված "ազնիվ և հավասարակշռված" համաձայնագրին:
ՄԱԳԱՏԷ-ի նախագծի համաձայն` Իրանը պարտավորվում է իր ուրանի 70 տոկոսը փոխանցել Ռուսաստանին և Ֆրանսիային` հետագա հարստացման համար:
Նախկինում Իրանի պաշտոնյաներն առաջրկել էին ուրանի նմանատիպ փոխարկանում միջուկային վառելիքի Իրանի տարածքում, սակայն ՄԱԳԱՏԷ-ն մերժել էր այդ առաջարկը:
Բահրեյնում Մոթակին հայտնեց նաև, որ երկիրն էլեկտրականությամբ ապահովելու համար Իրանին հարկավոր է միջուկային վառելիքի ևս 15 կայան:
Փոքր քանակությամբ ուրանի հարստացումը կարելի է օգտագործել էլեկտրականություն ստանալու համար, սակայն մշակված բարձր պարունակությամբ ուրանը հնարավոր է օգտագործել ատոմային զենք արտադրելու համար:
Իրանը չի ընդունում Արևմուտքի այն մեղադրանքները, թե քաղաքացիական ատոմային էներգիայի ծրագիրը պարզապես շղարշ է` քողարկելու միջուկային զենքի մշակումը:
Անցած շաբաթ ԱՄՆ և Եվրամիության ղեկավարները զգուշացրել են Իրանին, որ հետևանքները չեն ուշանա, եթե Իրանը չապացուցի, որ միջուկային ծրագիրը խաղաղ նպատակ է հետապնդում:
Իրանն իր հերթին շարունակում է խախտել Անվտանգության խորհրդի սահմանած պատժամիջոցները: