Մի քանի օր անց, երբ Իրանը հայտարարել էր, թե պատրաստ է ընդունել ուրանն արտասահմանում հարստացնելու ՄԱԿ-ի առաջարկը, նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երկրի ուրանը հարստացնելու վերաբերյալ հրաման է արձակել:
Նախագահը երկրի միջուկային էներգիայի գլխավոր պատասխանատու Ալի Ակբար Սալեհին հանձնարարել է սկսել ուրանի` մինչև 20 տոկոս հարստացումը, որը բավարար է բժշկական նպատակներով միջուկային նյութ արտադրող ռեակտորն աշխատացնելու համար:
Ահմադինեջադը հայտարարել է նաև, որ պատրաստ է բանակցել ՄԱԿ-ի հետ` ուրանը արտասահմանում հարստացնելու առաջարկի շուրջ:
ՄԱԿ-ն առաջարկում է Իրանին ուրանի իր պաշարների մեծ մասն ուղարկել Ռուսաստան և Ֆրանսիա` միջուկային վառելիքի փոխարկելու համար: Իրանը հապաղում է` պատճառաբանելով, որ մտահոգված է ուրանը հետ չստանալու վտանգով:
ԱՄՆ-ը և արևմտյան տերությունները մտահոգված են, որ եթե պաշարները մնան Իրանում, ապա Իրանի կառավարությունն այն կարող է հարստացնել մինչև 90 տոկոս մակարդակ և դա օգտագործել միջուկային զենք ստեղծելու նպատակով:
Չնայած Թեհրանը հերքում է դա, արևմտյան որոշ գիտնականներ կասկածում են, որ Իրանը բավարար կարողություն ունի ուրանի հարստացումն այդ մակարդակի հասցնելու, առավել ևս` այն զենքի վերածելու համար: Սակայն դա հնարավոր չէ ստուգել Իրանի միջուկային ծրագրի շուրջ գաղտնիության և ՄԱԿ-ի միջուկային գործակալությանը` Իրանի դիմադրության պատճառով:
Գերմանիայում անվտանգության համաժողովին Իրանի արտգործնախարար Մանուչար Մոթակին հայտնել է, թե հնարավոր է, որ ՄԱԿ-ի հետ գործարքը կայանա:
ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսը հայտարարել է, որ լավ կլիներ, եթե հանրային հայտարարությունների փոխարեն Իրանը դա ուղղակիորեն հայտներ ՄԱԿ-ի միջուկային գործակալությանը: ԱՄՆ-ը փորձում է հասնել Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի կիրառման: