Մատչելի հղումներ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները փակուղու մեջ


Շուրջ հինգ ժամ տևողությամբ բանակցությունները, որոնք նպատակ ունեին լուծում առաջարկել Իրանի միջուկային ծրագրի խնդրին, կրկին անարդյունք էին: Չնայած առաջին անգամ ԱՄՆ-ից բարձրաստիճան պաշտոնյա էր ներկա բանակցություններին, այս խնդրահարույց հարցի լուծումը կրկին անգամ փակուղու առջև է:

Եվրոպական Միության արտգործնախարար Խավիեր Սոլանան մեկօրյա բանակցությունները որակել է ընդհանուր առմամբ կառուցողական: Սակայն, նա նշել է, որ Իրանը հստակ պատասխան չի տվել միջուկային ծրագրի սառեցմանն ուղղված Արևմուտքի կողմից ներկայացված տնտեսական և դիվանագիտական առաջարկների փաթեթի առնչությամբ: “Այժմ, մեծ հույս ունեմ, որ քննարկումներից հետո, պարոն Ջալիլին կվերադառնա Թեհրան և իշխանություններին զեկուցելուց հետո կհաղորդի`արդյոք դրական պատասխան կա թե ոչ: Դա շատ կարևոր է, և կարելի է գրեթե երկու շաբաթվա ընթացքում պատասխան ակնկալել: Հուսով եմ այդպես էլ կլինի,” ասել է նա:

Բանակցությունների այս փուլի հետ կապված բավականին մեծ հետաքրքրաշարժություն և ակնկալիքներ կային, քանի որ առաջին անգամ ԱՄՆ-ից բարձրաստիճան պաշտոնյա էր մասնակցում: Փորձագետների կարծիքով դե մեծ փոփոխություն է Բուշի վարչակարգի որդեգրած քաղաքականության մեջ:Մինչև այս քայլը պաշտոնական Վաշինգտոնը պնդում էր, որ պաշտոնական Թեհրանը կասեցնի ուրանի հարստացման ծրագիրը որպես երես-առ-երես բանակցություններ սկսելու նախապայման: Սակայն, փոխարտգործնախարար Ուիլիամ Բըրնսի մասնակցությունը քաղաքականության ակնհայտ փոփոխություն էր:

Չնայած բանակցությունները որևէ կոնկրետ արդյունք չեն տվել, Սոլանան ասել է, որ Բըրնսի ներկայությունն ինքնին նպաստեց բանակցությունների ընթացքին: “Շատ կարևոր է, որպեսզի Իրանում այս հանդիպման կարևորությունը դատեն բանակցողների կազմի տեսանկյունից: Պետք է հիշել, որ Թեհրանին մենք ներկայացրել ենք երեք փաստաթուղթ` նամակ, առաջարկների փաթեթ և հետագա քայլերի բացատրագիր, որոնք ստորագրված են ներկայացված բոլոր պետությունների ղեկավարների կողմից: Այսօր բոլոր պետությունները ֆիզիկապես ներկայացված էին: Դա չափազանց կարևոր է, և բոլորը դա պետք է գիտակցեն,” ասել է նա:

Եվրոպական Միության, Իրանի և ԱՄՆ-ի դիվանագետներից բացի, ներկա էին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները:

Սոլանայի հաղորդմամբ Իրանի բանակցությունների ժամանակ ներկայացրել է մի շարք պայմանականություններով մի ծավալուն փաստաթուղթ` չտալով հստակ պատասխան Արևմուտքի առաջարկի կապակցությամբ: Սակայն, Իրանի արտգործնախարար Սաիդ Ջալիլին ասել է, որ փաթեթը բազմաթիվ դրական գաղափարներ է ներառում: Նա ասել է, որ երկու շաբաթից հեռախոսակապով կամ անձամբ Խավիեր Սոլանային պատասխան կտա` արդյոք Թեհրանը ցանկանում է ընդունել Արևմուտքի առաջարկները:

XS
SM
MD
LG