Մատչելի հղումներ

Իրանն Արևմուտքին մեկ ամիս ժամանակ է տվել


Իրանը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի Արևմուտքը մեկ ամիս ժամանակ ունի ընդունելու Իրանի միջուկային վառելիքի ծրագիրը, այլապես Իրանը միջուկային վառելիք կսկսի արտադրել ինքնուրույն:

Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթակին վերջնագիրը ներկայացրել է շաբաթ օրը` Իրանի պետական հեռուստատեսությամբ:

Թեհրանի կառավարության այս առաջարկը ներկայացրեց մերժելուց հետո ՄԱԿ-ի առաջադրած այն գործարքը, որով նախատեսվում էր, որ Իրանն իր ուրանը տեղափոխի արտասահման վառելիքի փոխարկելու համար, որից հետո այն հնարավոր է օգտագործել Թեհրանի միջուկային ռեակտորում:

Այդ կարգավորումների նպատակն էր նվազեցնել Իրանի հարստացված ուրանի պաշարները և սահմանափակել միջուկային զենք ստեղծելու Իրանի հնարավորությունները:

Փոխարենը` Իրանն առաջարկում է վառելիք գնել Արևմուտքից, կամ իր ուրանը փոխանակել փոքր չափաքանակներով: Չնայած Արևմուտքի կասկածներին` Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում:

Արտգործնախարար Մոթակիի խոսքերով` եթե Արևմուտքը մերժի Իրանի ծրագիրը, ապա Իրանը կօգտագործի մինչև 20 տոկոս հարստացված ուրանը: Դա այն մակարդակն է, որն անհրաժեշտ է ռեակտորը գործարկելու համար: Միջուկային զենքում օգտագործելու համար անհրաժեշտ է ուրանը հարստացնել մինչև 90 տոկոս:

Իրանը ունի ուրանի հարստացման մեկ կայան և հայտարարել է տաս նոր կայան կառուցելու ծրագրերի մասին:

Ներկայումս ուրանի հարստացման ծրագրերը չդադարեցնելու համար Իրանի նկատմամբ կիրառվում են ՄԱԿ-ի պատժամիջոցների երեք փաթեթ:

XS
SM
MD
LG