Մատչելի հղումներ

Ի պատասխան Մումբայիի հարձակումներին` Հնդկաստանը Պակիստանի վրա ռազմական հարձակում չի նախատեսում


Պակիստանի նախագահ Ազիֆ Ալի Զարդարին կրկին անգամ հայտարարել է, որ մինչ այժմ համոզիչ ապացույցներ չկան առ այն, որ Մումբայիի հարձակումներն իրականացնողները վերապատրաստվել են Պակիստանում տեղակայված ահաբեկչական ճամբարներում: Միաժամանակ, Հնդկաստանը շարունակում է ճնշում գործադրել Պակիստանի վրա` հորդորելով վերջ դնել Պակիստանի տարածքում ահաբեկիչների գործունեությանը: Միջուկային զենք ունեցող այս երկու պետությունների միջև լարվածությունը մտահոգության տեղիք է տալիս:

Նոյեմբերի 26-ին Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաք Մումբայիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո խիստ լարվել են Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները:

Երեքշաբթի օրը Հնդկաստանի պաշտպանության նախարար Էյ Քեյ Էնթոնին փորձել է վերջ դնել Պակիստանի հետ պատերազմ սկսելու մտավախություններին. "Մենք որևէ ռամական գործողություն չենք պլանավորում: Միևնույն ժամանակ, պնդում ենք, որ Պակիստանը պետք է իր տարածքում Հնդկաստանի դեմ գործող ահաբեկիչների, ինչպես նաև Մումբայիի հարձակումների կազմակերպիչների դեմ համապատասխան քայլեր ձեռնարկի”:

Պակիստանի բանակն արդեն երկար տարիներ տարբերակում է դնում Աֆղանստանի հետ սահմանին գործող Թալիբանի զինված ուժերի և Հնդակստանի անվտանգության ուժերի հետ հաճախ բախումներ ունեցող Քաշմիրի ապստամբների միջև: Վերջիններին Պակիստանը ազատագրական ուժ է համարում, իսկ Հնդկաստանը` ահաբեկիչներ:

Վաշինգտոնի Բրուքինգզ հաստատությունից Սթիվեն Քոուհենի կարծիքով, այս տարբերակումը խնդրահարույց է. "Խնդրի էությունն այն է, որ որոշ պակիստանցիների և նույնիսկ Պակիստանի բանակի կարծիքով այս խմբերը պաշտպանում են իրենց իսկ շահերը` դիմակայելու Հդնկաստանի ճնշումներին”:

Պակիստանի նախագահ Ազիֆ Ալի Զարդարին հանձն է առել հակահնդկական ուժերի դեմն առնել և Մումբայիի հարձակումների առնչությամբ տասնյակ կասկածյալներ է ձերբակալել: Վաշիգնտոնում բնակվող և Պակիստանից վերջերս վերադարձած գրող և վերլուծաբան Շույա Նավազի կարծիքով, Պակիստանի իշխանությունները համամիտ են ահաբեկչությանը վերջ դնելու հարցում. "Մեզ հետ հանդիպած պաշտոնյաներից բոլորն էլ ինչ-որ չափով համաձայն էին այն մտքի հետ, որ Պակիստանի շահերից է բխում, որ երկիրն ահաբեկիչների ապաստան չլինի, քանի որ ահաբեկչությունը քաղցկեղի պես տարածվում է Պակիստանի քաղաքական մարմնով մեկ”:

Երկու պետություններն էլ միջուկային զենք ունեն, սակայն արևմտյան դիտորդները չեն կարծում, որ ներկա լարվածությունը կարող է պատերազմի հանգեցնել: Մինչ Մումբայիի հարձակումների կազմակերպիչները, հնարավոր է, նման նպատակ էին հետապնդում, Սթիվեն Քոուհենն ասում է, որ երկու հարևան պետությունները գիտակցում են, որ պատերազմն անիմաստ կլինի. "Իմ կարծիքով, պատերազմից չի շահի ոչ Պակիստանը և ոչ էլ` Հնդկաստանը: Դա կարող է հանգեցնել Զարդարիի կառավարության անկմանը և իհարկե այն նպաստավոր չի լինի Հնդկաստանի համար”:

Վերլուծաբաններն ասում են, որ Հնդկաստանը զսպվածություն է ցուցաբերում` ութ տարուց ավել ռազմական իշխանության տակ գտնվող Պակիստանի նորաստեղծ ժողովրդվարությանը չվնասելու նկատառումով:

Հերիթիջ հիմնադրամից Հարավային Ասիայի գծով փորձագետ Լիզա Քըրթիսն ասում է. "Հնդկաստանը ցանկանում է, որ Պակիստանը կայանա որպես ժողովրդավարություն, քանի որ դա բխում է տարածաշրջանի երկարաժամկետ շահերից: Սակայն, Պակիստանում շահերի բախումը շարունակվում է, իսկ ժողովրդավարությունը դեռևս չի արմատավորվել”:

Մումբայիի հարձակումները լուրջ հետևանքներ ունեցան: Երկուշաբթի օրը Հնդկաստանը հայտարարեց, որ Պակիստանի հետ խաղաղության գործընթացը կասեցվել է, ինչի կապակցությամբ Պակիստանն ափսոսանք է արտահայտել:

XS
SM
MD
LG