Բժիշկ Էնթընի Մարտինեզը ամենօրյա շրջայց է կատարում Վաշինգտոնի անօթևանների շրջանում: Նա մարդկանց բժշկական հիմնական ուղեցույցներ է տալիս, օրինակ` ինչպես դադարեցնել քթի արնահոսությունը:
Թոշակառու բժիշկը տաս տարի առաջ եղել է կամավոր և աշխատել անօթևանների հետ: Նա պարզել է, որ փողոցում ապրող մարդիկ, բժիշկներին չվստահելու պատճառով, հաճախ հրաժարվում են հիվանդանոց կամ պոլիկլինիկա գնալ: Անօթևանները շատ ժամանակ չգիտեն, որ նա բժիշկ է:
Հիմնականում պատճառը թմրադեղերն են և խմիչքը: Քաղաքում կոկաինի օգտագործումն արագորեն աճում է: Բացի այդ անօթևանների շրջանում տարածված են ֆիզիկական հիվանդությունները, հատկապես` շաքարախտ և արյան բարձր ճնշումը:
Բժիշկ Մարտինեզն ասում է, որ քանի որ շատ ապաստարաններում խմիչքն ու թմրադեղերն արգելված են, անօթևանները գերադասում են փողոցում ապրել: Նրանցից ոմանք ապրում են մայրուղիների տակ: Բժիշկը տեղեկանում է նրանց որպիսության մասին և խոստանում մթերք բերել:
Նաթանիելը, ինչպես և շատերը, իրենց ունեցածը քաշ են տալիս խանութի սայլակների մեջ: Բժիշկ Մարտինեզը նրա ոտքը բուժում է լուրջ սնկային հիվանդությունից: Նաթանիելը 30 տարուց ավել անօթևան է: Նա իրեն թափառական է համարում և, չնայած ապրում է փողոցում, աշխատում է մնալ առողջ: «Ես շատ հյութեր և հեղուկ եմ խմում: Իսկ մարմնամարզությունը սայլակս հրելն է»,- ասում է նա:
Ալկոհոլի կախվածություն ունեցող Փեմը տառապում է նաև շիզոֆրենիայով և ունի այլ բժշկական խնդիրներ: Դրանց դիմակայելու համար նա պետք է դեղամիջոցներ ընդունի: “Ես հասկանում եմ, որ պետք է վերջ տամ խմիչքի նկատմամբ այս կախվածությանը: Սական ես դեղամիջոցների կարիքը չեմ զգում, քանի դեռ խմում եմ”,- ասում է Փեմը: Բժիշկ Մարտինեզը հուսով է, որ Փեմը կկարողանա հաղթահարել կախվածությունը, քանի որ գիտակցում է իր խնդրի էությունը: Նա ասում է, որ անօթևանների հետ աշխատանքը լիովին հատուցվում է նրանց երախտապարտ ժպիտներով: