Մատչելի հղումներ

Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս վերականգնել արհեստական թեւի հիմնական ֆունկցիաները


Թեւը կորցրած անդամալույծների համար նոր հույս է հայտնվել: Նոր մեթոդի և վիրահատական միջամտության շնորհիվ նրանք կարող են վերականգնել ձեռքի հիմնական ֆունկցիաները:

Մասնագիտությամբ էլեկտրիկ Ջեսի Սալիվանը շատ էր սիրում ձուկ որսալ և արշավանքի գնալ, սակայն էլեկտրական ցանցերի վրա աշխատելիս նա կորցրել է իր երկու թեւերը:

Իսկ այդ ժամանակ Չիկագոյի վերականգնողական կենտրոնի բժիշկ Թոդ Քայքենը մշակեց նոր մեթոդ, որը հնարավոր դարձրեց մկանները սնող նյարդերի ուղղորդված վերականգնումը:

Բժիշկ Քայքենը պարզաբանում է, որ այս նոր մեթոդը թույլ է տալիս թեւի նյարդերն առանձնացնել և տեղափոխել վերջույթի մնացորդի կամ կրծքավանդակի տարբեր մկաններ:

Մկանների վրա տեղադրված էլեկտրոդներն ստանում են ազդակներ ուղեղից, ինչը հնարավոր է դարձնում արհեստական թեւի շարժումների ղեկավարումը:

"Օրինակ, երբ հիվանդը ցանկանում է ձեռքը փակել, տեղի է ունենում երկգլխանի մկանի կամ կրծքավանդակի մկանի որևէ հատվածի կծկում: Նույն ազդակը կարելի է օգտագործել` արհեստական ձեռքը փակելու նպատակով”, ասում է բժիշկ Քայքենը:

Տեղափոխված նյարդերն առաջացնում են նույն զգացողությունը, ինչ բնական միջավայրում:

Բժիշկ Քայքենը կատարելագործել է այս մեթոդը: Նա ասում է, որ այժմ հիվանդները կարող են տարաբնույթ շարժումներ կատարել ձեռքի, դաստակի և արմունկի շրջաններում, ինչը մեծ առաջխաղացում է` սովորական պրոթեզների համեմատությամբ:

"Հիվանդը պարզապես չի ասում “ես ցանկանում եմ բացել և փակել ձեռքս”, բայց մենք ինչ-որ չափով կարող ենք ղեկավարել դաստակի շարժումների ազատությունը` հնարավորություն տալով վերև, ներքև շարժել և պտույտներ անել: Բացի այդ, կան բազմաֆունկցիոնալ պրոթեզներ` ձեռքի սեղմման մի քանի հնարավոր տարբերակներով”, ասում է նա:

Այս մեթոդն առաջին անգամ կիրառվել է Սալիվանի դեպքում:

"Սկզբում, ինչ խոսք, շատ էի անհանգստանում, քանի որ չգիտեի ինչ ակնկալեի, սակայն կորցնելու ոչինչ չունեի, միայն կարող էի շահել”, նշում է նա:

Բժիշկ Քայքենի հետազոտություններն արձանագրվել են Ամերիկյան բժշկական ընկերակցության ամսագրում:

Սալիվանն ասում է, որ յուրաքանչյուր ոք ցանկանում է արժանահիշատակ ներդրում ունենալ կյանքում. "Իմ կարծիքով, կատարելագործման դեռ շատ տեղ կա, և հուսով եմ` ես իմ լուման կունենամ այդ ամենում”:

XS
SM
MD
LG