Մատչելի հղումներ

Դավանանքի հիմքերով ձերբակալվածները Իրանում


Դավանանքի հիմքերով ձերբակալվածները Իրանում
Դավանանքի հիմքերով ձերբակալվածները Իրանում

Աշխարհում կրոնի ազատության հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովի այս ամիս հրապարակած զեկույցում նշվում է, որ Իրանում վատթարացել է կրոնական ազատության` հատկապես բահայիներին, ավետարանչական քրիստոնյաներին և սուֆի մահմեդականներին անռչվող իրավիճակը:

Հանձնաժողովի տվյալներով` բահայի համայնքի առնվազն 30 անդամներ գտնվում են անազատության մեջ իրենց հավատքի հիմքերով: Մինչ տասնյակ մարդիկ սպասում են դատավարության, շատերն արդեն կամայական կերպով դատապարտվել են երեք ամսից մինչև մի քանի տարի ազատազրկման: Բահայի համայնքի յոթ առաջնորդներ գտնվում են ազատազրկման մեջ: Նրանք մեղադրվում են “կրոնական սրբությունները վիրավորելու” և լրտեսության մեջ, ինչի հաստատման դեպքում կարող են մահապատժի ենթարկվել: Մայիսի 14-ին լրացավ նրանց ազատազրկման մեկ տարին:

Հանձնաժողովը նաև անդրադարձել է Իրանում հետապնդման ենթարկված քրիստոնյաների` Մահրզեհ Էսմահիլահբադի և Մարիամ Ռուսթամփուրի դեպքերին: Նշված երկու կանայք ձերբակալվել են մարտ ամսին` քրիստոնեություն դավանելու համար: Իշխանությունները, ըստ երևույթին, նրանց մեղադրում են հակաիշխանական գործունեություն ծավալելու մեջ: Նրանք գտնվում են Էվին կալանավայրում և սպասում են հարցաքննությունների շարունակությանը:

Սուֆի մահմեդականները նույնպես ենթարկվում են իշխանությունների կողմից հետապնդումների: Հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ վերջին տարվա ընթացքում մեկ տասնյակից ավելին սուֆի մահմեդականներ են ձերբակալվել, որոնցից ոմանք դեռևս կալանավայրերում են, մինչդեռ մյուսների գտնվելու վայրն անհայտ է:

Իսկ ամենամտահոգիչն այն հանգամանքն է, որ Իրանի խորհրդարանը նախատեսում է հաստատել քրեական օրենսգրքի որոշ վերանայված դրույթներ, որոնց համաձայն շիա իսլամից որևէ այլ կրոնի անցնելը ենթակա կլինի մահապատժի: Անցյալում մահապատիժ կիրառվել է միայն Շարիա իրավունքը մեկնաբանող դատավորների հայեցողությամբ, սակայն նշված պատիժը երբևէ չի ամրագրվել օրենսդրությամբ: Այդ օրինագծի հաստատումը կվտանգի կրոնական փոքրամասնությունների պատկանող բազմաթիվ մարդկանց կյանքը, քանի որ դավանափոխներ կհամարվեն նույնիսկ նրանք, ովքեր սերնդե սերունդ տվյալ կրոնական փոքրամասնությանն են պատկանել:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որը Իրանն ստորագրել է, երաշխավորում է “մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք”, որը ներառում է դավանանքը փոխելու ազատություն և “դավանանքին կամ համոզմունքներին հետևելու ազատություն…` քարոզի, ժամերգության, կրոնական ու ծիսական արարողությունների ձևով”: Աշխարհում կրոնի ազատության հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովի ղեկավար Ֆելիս Գայերը հիասթափություն է արտահայտել առ այն, որ Իրանի կառավարությունը “կօգտագործի ցանկացած ենթատեքստ պետության կողմից ամրագրված կրոնից բացի այլ դավանանքի պատկանող մարդկանց հետապնդելու և ազատազրկելու համար”: Նա նշել է, որ Իրանը, ոտնահարելով իր քաղաքացիների ամենահիմնարար իրավունքները, շարունակում է խախտել միջազգային չափանիշները:

XS
SM
MD
LG