Մատչելի հղումներ

Աշխատանքի միջազգային կազմակերպությունն անդրադարձել է աշխարհում աշխատանքի շուկայի ճգնաժամին


Աշխատանքի միջազգային կազմակերպության /ԱՄԿ/ կանխատեսումների համաձայն` 2009թ. շուրջ 210-ից 239 միլիոն մարդ գործազուրկ կլինի, ինչը համապատասխանաբար նշանակում է, որ համաշխարհային գործազրկության տոկոսը կլինի 6.5-ից մինչև 7.4 տոկոս: Այս մասին նշվում է կազմակերպության “Համաշխարհային աշխատանքի շուկայի ճգնաժամին ընդառաջ” զեկույցում:

Զեկույցի համաձայն` աշխարհի բոլոր շրջաններում նկատվում է գործազրկության կտրուկ աճ: Ընդ որում, 2007թ. ի վեր գործազուրկների թիվը աճել է 39-ից 59 միլիոնի միջակարքում, մինչդեռ, ըստ կանխատեսումների, այս տարի շուրջ 200 միլիոն աշխատավորներ կհամալրեն այն մարդկանց շարքերը, ովքեր օրական երկու դոլարից ցածր ապրուստի միջոց ունեն:

Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Խուան Սոմավիան նշել է, որ այն պետություններում, որտեղ տնտեսական ճգնաժամին հակազդելու ֆինանսական ծրագրեր են իրականացվում, իրավիճակի փոքր-ինչ բարելավում է նկատվում: Միևնույն ժամանակ նա հավելել է, որ դժվար է կանխատեսել, թե երբ կարելի է գործազրկության կրճատում ակնկալել:

“Նախկին ճգնաժամերից քաղած դասերի հիման վրա կարելի է ենթադրել, որ գործազրկության նախաճգնաժամային մակարդակին հասնելու համար տնտեսական վիճակի բարելավումից հետո մոտ չորս-հինգ տարի կարող է պահանջվել”, մասնավորապես նշել է Խուան Սոմավիան:

Զեկույցում նշված է, որ 2009թ. աշխատատեղերի ստեղծման առումով ամենավատ ցուցանիշը կարձանագրվի: Նշված է նաև, որ յուրաքանչյուր տարի աշխարհում մոտ 45 միլիոն նոր աշխատողներ են հայտնվում աշխատանքի շուկայում, ինչը նշանակում է, որ 2009-ից 2015թթ. ընթացքում առնվազն 300 միլիոն նոր աշխատատեղ պետք է ստեղծվի այդ պահանջարկը բավարարելու համար:

Սոմավիան նաև նշել է, որ ներկա տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ աշխատանքի համաշխարհային ճգնաժամ է լինելու: Այդ իսկ պատճառով ԱՄԿ-ը հանդես է գալիս աշխատանքի համաշխարհային դաշնագրի առաջարկով, որի նպատակն է միջոցառումներ նախատեսել տնտեսական իրավիճակի վերականգնումից հետո գործազրկության կրճատման համար անհրաժեշտ ժամանակահատվածի կրճատումը:

Նրա խոսքերով` դա ոչ թե աշխատատեղերի ստեղծման ծրագիր է, այլ` քաղաքական մոտեցում` երաշխավորելու, որ պետությունների հակաճգնաժամային և այլ ծրագրերը նաև ուղղված լինեն աշխատանքի և պաշտպանության կարիք ունեցող մարդկանց կարիքներին:

Զեկույցում նաև նշված է, որ աշխարհում գործազրկության աճի 35-ից 40 տոկոսը կլինի զարգացած տնտեսություն ունեցող պետություններում և Եվրոպական Միությունում աշխատանքը կորցրած թվի մարդկանց հաշվին:

ԱՄԿ-ի կանխատեսումների համաձայն` այս տարի գործազրկությունը Մերձավոր Արևելքում կաճի մինչև 25, իսկ Հարավային Աֆրիկայում` 13 տոկոս: Մինչդեռը Աֆրիկայի ենթասահարյան տարածաշրջանում անկայուն աշխատանք ունեն բնակչության մոտ 73 տոկոսը:

XS
SM
MD
LG