Մատչելի հղումներ

“Մարկ Տվենի տարի” Միսուրիում


“Մարկ Տվենի տարի” Միսուրիում
“Մարկ Տվենի տարի” Միսուրիում

<!-- IMAGE -->

Մի առիթով ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյն ասել է. "Ամերիկյան ամբողջ արդի գրականությունը սերում է մեկ գրքից` Մարկ Տվենի "Հաքըլբերի Ֆինն"-ից": 2010 թվականը Տվենի մահվան 100-րդ տարելիցն է, և Հաքըլբերի Ֆիննի 125-ամյակը: Միսուրի նահանգում Միսիսիպի գետի ափին գտնվող Մարկ Տվենի հայրենի Հանիբալ քաղաքը լի է այցելուներով: Այստեղ են այն վայրերը, որոնք Տվենը նկարագրել և հայտնի է դարձրել իր "Թոմ Սոյերի և Հաքըլբերի Ֆիննի արկածներ"-ում:

Տվենը չի ծնվել այս քաղաքում, և երկար չի էլ ապրել այստեղ: Ապրել, այցելել և գրել է շատ վայրերի մասին, սակայն Հանիբալը Տվենի համար յուրահատուկ նշանակություն է ունեցել:

"Նա լքեց Հանիբալը, սակայն Հանիբալը երբեք չլքեց նրան",-ասում է Մարկ Տվենի պատանեկության տուն-թանգարանի աշխատակից Հենրի Սուիթսը: "Կարծում եմ` նրա գրականությունը հարստացրել են մանկության տարիներին ականատես եղած ստրկությունը, իրադարձությունները դպրոցում, եկեղեցում և այլուր":

"Թոմ Սոյերի Արկածներ"-ում և "Հաքըլբերի Ֆիննի արկածներ"-ում Տվենի կողմից հավերժացված վայրերը պահպանվում են թանգարանի կողմից:

Նրա տունն այցելուներ է գրավում ամոբղջ աշխարհից: Այստեղ կարելի է տեսնել իր հնարած կերպար Թոմ Սոյերի կողմից անտարբերությամբ ներկված սպիտակ ցանկապատը:

"Տարվա ընթացքում մեր այցելուների գրքում հուշեր են գրում 70-80 երկրներից այցելուներ",-ասում է Սուիթսը:

Նրա խոսքերով` անցյալ տարի Հանիբալ այցելուների թիվը 300 հազար էր, որից 20 տոկոսը թանգարան է այցելել:

Այդ թիվը նվազել է նախորդ տարիների համեմատ, և այցելուները հիմնականում հարևան նահանգներից են կամ տեղացիներ:

Թանգարանի գործադիր տնօրեն Սինդի Լավելն այդ անկումը բացատրում է համաշխարհային տնտեսական ճգնաժամով:

"Զբոսաշրջության ոլորտի ազդեցությունը զգում են ոչ միայն թանգարանները: Այն մեծ է հյուրանոցների, ռեստորանների, խանութների վրա: Այս ամենի հաջողությունը կախված է Մարկ Տվենի զբոսաշրջիկներից",-բացատրում է նա:

Ըստ Լավելի` քիչ այցելուների պատճառով թանգարանը դժվարանում է վերանորոգել բոլոր շենքերը, այդ թվում` Տվենի շատ պատմվածքներում հիշատակվող Գրանտի դեղատունը:

"Այս շենքը Միսուրիի վտանգված արժեքների ցուցակում է, և մեզ համար շատ կարևոր է դրա պահպանությունը":

Թանգարանը հուսով է մինչև 2010թ. ավարտը 10 միլիոն դոլար հանգանակել, որոնք ուղղելու են Տվենի համար կարևոր շենքերի պահպանմանը:

"Մենք փորձում ենք ամբողջ աշխարհով Մարկ Տվենի մեկ միլիոն սիրահարների համոզել նվիրաբերելու 10-ական դոլար":

Լավելը հանգանակման այդ գաղափարը փոխառել է նախագահ Օբամայի քարոզարշավից` դիմել մեծ թվով մարդկանց փոքր գումարի նվիրաբերությունների համար:

"Ես առաջնորդվում եմ նրա հաջողությամբ: Ես այդ փոքր դոնորներից մեկն էի, կարծում եմ` մեզանից շատերը",-ասում է նա:

2010թ. Հանիբալը նշում է Մարկ Տվենի 175 տարեդարձը, "Հաքըլբերի Ֆինն"-ի հրատարակության 125-րդ տարեդարձը և գրողի մահվան 100-րդ տարելիցը:

XS
SM
MD
LG