Մատչելի հղումներ

Մահմեդական Համաս խմբավորման և Իսրայելի միջև հակամարտության պատմական ակունքները


Իսրայելի զորքերը ներխուժել են Գազայի հատվածի խիտ բնակեցված հատվածներ` Համաս խմբավորման ռազմական ուժերին հարող զինյալներին ոչնչացնելու նպատակով: Միևնույն ժամանակ շարունակվում է Գազայի հատվածի օդային ռմբակոծությունը` ի պատասխան Իսրայելի ուղղությամբ Համասի արձակած հրթիռների: Այս հակամարտության ակունքները խորն են. տասնամյակներ շարունակ պաղեստինցիներին հասարակական նշանակության առօրյա ծառայություններ մատուցելու հետ մեկտեղ Համասն Իսրայելը ոչնչացնելու նպատակ է հետապնդել:

1987 թվականին հիմնադրվելուց ի վեր Համասը գրեթե անընդմեջ հակամարտության մեջ է եղել Իսրայելի հետ: Ընդ որում խմբավորման կանոնադրությունում Իսրայելի ոչնչացման կոչ է արվում:

2007 թվականին հակառակորդ Ֆաթհի հետ ունեցած ռազմական բախումներից հետո Համասը զավթեց Գազայի հատվածի իշխանությունը: Ի պատասխան Համասի արձակած հրթիռների` Իսրայելը խստացրեց սահմանային սահմանափակումները:

Սակայն, երբ անցյալ տարվա վերջին Համասը խախտեց Եգտիպտոսի միջնորդությամբ ձեռքբերված զինադադարը և վերսկսեց հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ, վերջինս ձեռնարկեց ներկա հակագրոհը:

Համասը սերաճել է Եգիպտոսում հիմնված “Մահմեդական եղբայրություն” կրոնական և քաղաքական կազմակերպությունից: Խմբավորման հիմնադիր և հոգևոր առաջնորդ շեյխ Ահմեդ Յասինը քարոզարշավներ և բարեգործական աշխատանքներ էր իրականացնում 1967 թվականի Մերձավոր Արևելքի պատերազմի արդյունքում Իսրայելի գրաված Արևմտյան ափում և Գազայի հատվածում:

Սկզբում Իսրայելն աջակցություն էր ցուցաբերում այս շարժմանը` որպես Յասիր Արաֆատի Պաղեստինի ազատագրման կազմակերպության հակակշիռ:

Չորս վերջույթի անդամալուծությունից տառապող և գրեթե ամբողջովին կույր Յասինը Համասը հիմնադրեց Իսրայելի օկուպացիայի դեմ պաղեստինական առաջին ընդվզման ժամանակ:

Տարիներ շարունակ խմբավորումը զբաղվել է անձնասպան ահաբեկիչներ հավաքագրելով, վարժեցնելով և զինելով: Արտաքին հարաբերությունների խորհրդի տվյալների համաձայն`350 առանձին ահաբեկչական գործողությունների արդյունքում Համասը 500-ից ավելին մարդու կյանք է խլել:

Յասինն սպանվել է 2004 թվականին Իսրայելի օդանային ռմբակոծությունից: Նրա հուղարկավորման արարողությանը, ըստ առկա տվյալների, մասնակցել են 200 հազարից ավելին պաղեստինցիներ:

2006 թվականի խորհրդարանական ընտրություններում Համասն անակնկալ հաղթանակ տարավ Գազայում և Արևմտյան ափում` պարտության մատնելով Պաղեստինական ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի Ֆաթհ կուսակցությանը:

Համասի իրականացրած հանրային ծառայությունների շնորհիվ բազմաթիվ պաղեստինցիներ սատարում են շարժմանը: Խմբավորումը ֆինանսավորում է դպրոցներ, մանկատներ, մզկիթներ, հիվանդանոցներ ու սպորտային թիմեր և այդպիսով ազնվության համբավ և, հետևաբար, ժողովրդականություն վայելում: Մինչդեռ Արևմտյան ափում իշխանություն հաստատած Պաղեստինական ինքնավարության որոշ պաշտոնյաներ կոռումպացված են համարվում:

Մերիլենդի համալսարանից պրոֆեսոր Շիբլի Թելհամիի կարծիքով, Գազայի հատվածի լայնածավալ ավերածությունները մեծապես կթուլացնեն Համասի կառավարության դիրքերը: "Սա իհարկե մեծ հարված է Համասի համար ինչպես ռազմական և գործառնական, այնպես էլ` քաղաքական առումներով: Միգուցե նրանք փոքր-ինչ շահեն հանրության կարեկցանքի շնորհիվ, սակայն կառավարության կարողականությունը միանշանակ մեծապես կտուժի”, ասել է նա:

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրոպական Միությունը Համասը որակում են որպես ահաբեկչական կազմակերպություն: Խմբավորումը դեմ է Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության հաստատման գործընթացին:

Բրուգինգզ հաստատությունից վերլուծաբան Թոմաս Լիփմանի կանխատեսումների համաձայն` Գազայի հակամարտության պարագայում խաղաղության հաստատման շուրջ բանակցային գործընթացի վերականգնումը մոտագա ապագայում անհնարին կլինի: "Պարզապես չեմ պատկերացնում, թե ինչ հանգամանքներում օգտակար կամ արդյունավետ կլինի խաղաղության հաստատմանն ուղղված որևէ նոր նախաձեռնություն”, նշել է նա:

Մինչ արաբական աշխարհում խորանում են հակաիսրայելական դրսևորումները, որոշ վերլուծաբաններ պնդում են, որ ԱՄՆ-ը պետք է հնարավորինս շուտ խաղաղության հաստատման նախաձեռնությամբ հանդես գա` հատկապես աջակցելու արաբական այն կառավարություններին, որոնք կողմ են խաղաղության գործընթացին, սակայն դիմակայում են Գազայում տեղի ունեցող ռազմական գործողությունների պատճառով ստեղծված հանրային բացասական կարծիքին:

Վերլուծաբաններն ասում են, որ Եգիպտոսի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի պես պետությունները գաղափարական պատերազմ են վարում Իսրայելի հետ հակամարտություն խթանող գաղափարակիրների դեմ, ինչպիսին է, օրինակ, Համասը:

XS
SM
MD
LG