Մատչելի հղումներ

Կալիֆորնիայում բանավիճում են բժշկական մարիխուանայի արդյունաբերության աշխուժացման շուրջ


Նախորդ շաբաթ Ամերիկայի բժշկական ընկերակցությունը քննարկում էր ԱՄՆ կառավարության կողմից մարիխուանայի դասակարգումը` որպես վտանգավոր դեղամիջոց` առանց բժշկական օգտակարության: Նրանք կոչ են անում ավելի խորն ուսումնասիրել մարիխուանայի հնարավոր օգուտները: ԱՄՆ-ում տասնչորս նահանգ թույլատրում է մարիխուանայի բժշկական նպատակներով օգտագործումը: Դաշնային օրենքն արգելում է դրա օգտագործումը, սակայն Օբամայի կառավարությունը հայտարարել է, որ չի հետապնդի այն նահանգներին, որտեղ մարիխուանան կօգտագործվի նահանգային օրենքներին համապատասխան:

Սան Ֆրանցիսկոյի Մեդիթրայվ կոչվող դիսպանսերում հիվանդներին մարիխուանա տրամադրվում է` համաձայն բժիշկների կողմից տրված դեղատոմսի: Սա օրինական է Կալիֆորնայում, սական անօրինական` ըստ դաշնային օրենքի:

Մարիխուանայի ավելի խոշոր դիսպանսեր է Օքլանդի Հարբըրսայդ առողջական կենտրոնը: Սպասարկելով օրը 600 հիվանդի` այն ունի երեսուն հազար անդամ և քսան միլիոն դոլար տարեկան եկամուտ: Գործելով Կալիֆորնիայի օրենքներով`հիվանդանոցը մարիխուանա կիրառում է տարատեսակ խնդիրների դեպքում:

“Հիվանդին ընդունելիս ստուգում ենք, թե հիվանդը որքանով է համապատասխանում օրինական մարիխուանա օգտագործելու կերպարին, ապա նա համաձայնագիր է ստորագրում: Համաձայնագրով նա դառնում է մեր անդամը և լիազորում այլ անդամներին իր անունից մարիխուանա աճեցնել”,-ասում է Հարբըրսայդ կենտրոնի աշխատակիցը:

Լոս Անջելոսում ավելի շատ կանաբիսի օգտագործման հիվանդանոց կա, քան սրճարան կամ հանրային դպրոցներ: Հիվանդանոցներից մի քանիսն ունեն քաղաքապետարանի հավաստագրեր, մյուսները գործում են օրենքի անկատար լինելու արդյունքում: Պաշտոնյաների խոսքով`շատերն ապօրինի են և պետք է փակվեն:

Կալիֆորնիայում ոստիկանությունը դեմ է մարիխուանայի հիվանդանոցների տարածմանը: Քովինա քաղաքի ոստիկանապետ Քիմ Ռանիի համոզմամբ` մարիխուանան կարող է օգնել հիվանդ մարդկանց, բայց նրանք կազմում են օգտագործողների երկու տոկոսը միայն:

“Մարիխուանայի ինչ-որ բաղադրություն օգնում է թեթևացնել քաղցկեղով, բազմակի սկլերոզով հիվանդների կյանքը: Այդ առումով խնդիր չենք տեսնում: Մեզ համար խնդիր է մնացած 98 տոկոսը, ում համար, ըստ մեր տեղեկատվության, սա մարիխուանան օրինականացնելու եղանակ է”,-համոզված է ոստիկանապետը:

Պոլիոմիելիտով հիվանդ Բիլը մտահոգ է մարիխուանայի օգտագործման խստացմամբ: Ըստ նրա` մարիխուանան փոխարինում է շատ այլ դեղերի: Նա օրվա մեջ մի քանի անգամ մարիխուանա ընդունում է գոլորշացրի միջոցով:

«Ես հավանաբար կօգտագործեի ցավազրկողներ, մկաններ թուլացնող տարբեր հաբեր, ջղաձգության, սրտխառնոցի դեմ նյութեր, հակադեպրեսանտներ` դեղերի մի երկար ցուցակ»,-ասում է Բիլը:

Մարիխուանայի դեմ օրենքների փոփոխման ազգային կազմակերպությունը համաժողով էր կազմակերպել`հրավիրելով կողմնակիցների, օգտագործողների և հիվանդանոցի կառավարիչների: Կազմակերպության ղեկավարի խոսքերով` պետք է օրինականացնել վերականգնողական և բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը:

«Մարիխուանայի չափավոր օգտագործումը վտանգավոր չէ: Կառավարությունն իզուր է անհանգստանում: Ազնվորեն, ժամանակն է դադարեցնենք ձերբակալել մարիխուանա չափավոր օգտագործողներին և սկսենք հարգել նրանց»,- հավատացած է խմբի հիմնադիր Քեյթ Սթրուփը:

Սթրուփը և մնացածը կարծում են, որ մարիխուանան պետք է օրինականցվի, հարկվի և կարգավորվի`ինչպես ալկոհոլը և ծխախոտը:

Սակայն մարիխուանայի օրինականացման ընդդիմախոսները պահանջում են ազգային քննարկումներ:

Բժշկական նպատակներով մարիխուանայի կիրառման կողմնակիցները և ընդդիմախոսները միակարծիք են, որ այն կարգավորող օրենսդրությունը հստակ չէ, հետևաբար դատական կարգով պետք է որոշվի կիրառման թույլատրելի շրջանակը:

XS
SM
MD
LG