Մատչելի հղումներ

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նորման Բորլոուգը մահացել է 95 տարեկան հասակում


95 տարեկան հասակում մահացավ այն մարդը, ով 1960-70-ական թթ. միլիոնավոր մարդկանց փրկել է սովից: Նորման Բորլոուգին հաջողվեց աճեցնել հիվանդություններին դիմակայող ցորենի տեսակ, ինչի համար 1970թ. նրան շնորհվեց Խաղաղության Նոբելյան մրցանակ:

Այսօր Աֆղանստանում պաշտոնյաները փորձում են փրկել ցորենի բերքը նոր աղետից: ՅուՋի 99 կոչվող սնկային հիվանդությունը Աֆրիկայում ոչնչացրեց ցորենի բերքը և շարժվում է կենտրոնական Ասիա:

Իր իննսունամյա տարիքում, դեռևս, Նորման Բորլոուգը ղեկավարում էր այդ հիվանդության դեմ պայքարող հետազոտական ինստիտուտը: Բորլոուգին այս աշխատանքը վերակենդանացրեց:

«Սա մանրէի նոր տեսակ է, այնքան ուժգին, որ կարող է ոչնչացնել ամբողջ աշխարհում աճող ցորենի հիմնական տեսականին»:

Նա իր աշխատանքն սկսել է 1940-ական թթ. Մեքսիկայում` մշակելով և աճեցնելով բերքը փչացնող ժանգին դիմակայող ցորենի տեսակներ:

Նա հասավ փառքի ավելի ուշ, երբ կարողացավ մշակել ցորենի այնպիսի տեսակներ, որոնք եռապատկեցին բերքը:

Փորձը հաջողությամբ կիրառվեց բրնձի համար և, սկսվեց “Կանաչ հեղափոխությունը”` կանխելով 1960-70-ական թթ. Ասիայում կանխատեսված սովը, իսկ Բորլոուգին շնորհվեց խաղաղության Նոբելյան մրցանակ:

Նրա աշխատակիցների կարծիքով` Բորլոուգի ժառանգությունը բերքատվության նկատմամբ նրա գիտական մոտեցումն էր:

Նրա աշխատակիցներից Ուոնգն այժմ ղեկավարում է բույսերի հետազոտման 15 կենտրոնների համաշխարհային ցանցը, որը Բորլոուգի աշխատանքի արդյունքն է:

“ Բորլոուգի անձը ներշնչանք էր: Կարծում եմ` նրա ամենամեծ ներդրումը նրա անձնական ավանդը, աշխատանքը և ձգտումներն էին, բերքի աճեցման նրա մոտեցումը համաշխարհային տարածում գտավ: Նա անսպառ էներգիա ուներ: Մենք բոլորս հիացած էինք նրա անտրտունջ, նվիրված աշխատանքով: Նա զրուցում էր ֆերմերների հետ և վճռորոշ էր նրանց կյանքը բարելավելու գործում»,-պատմում է Ուոնգը:

Ամբողջ կյանքի ընթացքում նա մնաց այդպիսին: Իր 95-ամյակին Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում նա ասաց, որ բերքատվության բարելավումը շարունակական աշխատանք է:

«Յուրաքանչյուր տարի բնակչությունն աճում է 84 միլիոնով»,-ասում էր նա:

Ամբողջ կյանքի ընթացքում նա մնաց այն կարծիքին, որ աշխարհին սննունդ ապահովելու համար անհրաժեշտ են պարարտանյութեր և թունաքիմիկատներ: Այս մոտեցումը քննադատվեց շրջակա միջավայրի պաշտպանների կողմից:

1971թ. իր հարցազրույցում նա անդրադարձավ թունաքիմիկատների վերաբերյալ քննադատությանը: Թունաքիմիկատը հետագայում արգելվեց ԱՄՆ-ում:

«Ես հպարտ եմ, որ ամերիկացի եմ, սակայն ինձ վախեցնում է այս հիսթերիան: Եթե այն գերիշխի, մենք սկզբում կդադարեցնենք քիմիկատների օգտագործումը, ապա պարարտանյութերի: Եթե դա տեղի ունենա, պարոն, ԱՄՆ-ը կսկսի մթերք ներմուծել, պարզապես չենք իմանա, թե որտեղից»:

Կյանքի վերջին տարիներին նա մեղմեց իր տեսակետը և հանդես էր գալիս քիմիկատների և պարարտանյութերի գերօգտագործման դեմ: Ամբողջ կյանքում նա նվիրված է եղել աշխարհին սնունդ ապահովելու գործին: Նրա այդ ժառանգությունը կենդանի է և առաջնային` քաղցած մոլորակին կերակրելու պայքարում:

XS
SM
MD
LG