Մատչելի հղումներ

Գործազրկության աճին զուգահեռ մեծ թվով ամերիկացիներ նոր գիտելիքներ և հմտություններ են ձեռք բերում` ապագայի աշխատատեղերին պատրաստվելու նպատակով


Գործազրկության նպաստներ ստացող ամերիկացիների թիվը, վերջին տվյալների համաձայն, հասել է 6.7 միլիոնի, ինչը 1967թ. ի վեր արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է: Ամենաշատ կրճատումները եղել են արտադրության և շինարարության բնագավառներում: Շատերն այժմ փորձում են նոր գիտելիքներ ձեռք բերել ապագայի աշխատանքներին պատրաստ լինելու համար:

Մինչ աշխատատեղերի կրճատումները շարունակվում են, շատերը պատրաստվում են կայուն շրջակա միջավայրի համար բարենպաստ աշխատատեղերի աճող պահանջարկին բավարարելու համար:

Աշխատանքը կորցրած շինարար Մեթ Կանեպան համոզված է, որ ապագայում աշխատելու է արևային էներգիայի բնագավառում:

“Շինարարությունը շատ է տուժել վերջերս, անկայուն վիճակ է ստեղծվել: Կարծում եմ` արևային էներգիայի բնագավառում մեծ հնարավորություններ կլինեն”, ասում է նա:

Կանեպան հաճախում է Քալիֆորնիայի Սան Խոսե քոլեջը: Այստեղ սովորեցնում են արևային վահանակներ տեղադրել և քամու տուրբիններ վերանորոգել:

Դասախոս Մեթյու Ուելչն ասում է, որ այս դասընթացին մասնակցել ցանկացողների թիվը կրկնապատկվել է: “Շատ-շատերն են այժմ հետաքրքրված: Արևային էներգիայի արժեքը շուտով կիջնի, և մոտ ապագայում այն հանրամատչելի կդառնա,” ասում է նա:

Բազմաթիվ համալսարաններ ընդլայնում են վերապատրաստման ծրագրերը` բավարարելու շրջակա միջավայրի համար բարենպաստ աշխատատեղերի ակնկալվող պահանջարկը:

Ուսանողները հուսով են, որ նախագահ Օբամայի` համաշխարհային ջերմացման պայմաններում այլընտրանքային էներգիա խթանելու քաղաքականությունը միլիոնավոր նոր աշխատատեղեր կստեղծի:

Սակայն ծրագրի համակարգող Դեյվիդ Մաքֆիլին, ասում է, որ համբերությամբ է պետք զինվել: “Այժմ բավականին սառած վիճակ է, բայց գործատուները հիմնականում հույս ունեն, որ այս ամառվանից սկսած արդեն որոշակի առաջխաղացում կլինի, և նրանք կկարողանան լրիվ դրույքով կամ ժամանակավոր աշխատանքի վերցնել այս ուսանողներից շատերին”, ասում է նա:

Չնայած այս ակնկալիքներին` տնտեսագետները կարծում են, որ մինչ այս տարվա դրությամբ ԱՄՆ-ում գործազրկությունը կարող է գերազանցել 10 տոկոսը: Սակայն այս ուսանողները հուսով են, որ մինչև ծրագրի ավարտը նոր աշխատատեղեր կստեղծվեն:

XS
SM
MD
LG