Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալ Գոռն օրենսդիրներին կոչ է արել կլիմայական փոփոխություններին առնչվող օրենք ընդունել


ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալ Գոռը օրենսդիրներին հորդորել է կլիմայական փոփոխություններին առնչվող օրենք ընդունել այս տարի` նախքան դեկտեմբեր ամսին Կոպենհագենում կայանալիք Միավորված ազգերի կազմակերպության գագաթաժողովը: Չորեքշաբթի օրը Սենատի Արտաքին կապերի հանձնաժողովի առջև իր ելույթում նա կոչ է արել, որ Օբամայի վարչարարության օրոք Ամերիկան վերականգնի կլիմայական ճգնաժամին առնչվող հարցերում առաջնորդի դերը:

Գիտնականները բազմիցս նախազգուշացրել են, որ համընդհանուր ջերմացման խնդիրներին չանդրադառնալու հետևանքով ծայրահեղ բնակլիմայական երևույթներ կարող են առաջանալ, ինչպես օրինակ` սովորականից ավելի ուժգին փոթորիկներ, բնական աղետներ, առավել լայնատարած երաշտներ, որոնք ընդհանուր առմամբ կմեծացնեն մարդկային տառապանքը:

Սենատի Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին նշել է, որ այս խնդրի շուրջ քննարկումների ժամանակ նա դիմել է շրջակա միջավայրի պահպանման բնագավառում աշհարհի ամենակարկառուն դեմքերից մեկին` նախկին փոխնախագահ Ալ Գոռին:

"Այսօր մենք քննարկում ենք մի հարց, որը նաև մեր ռազմական ուժերի և ազգային անվտանգության ղեկավարության մտահոգության կենտրոնում է”, նշել է Ջոն Քերին: Ե՛վ Սենատոր Քերին և՛ Ալ Գոռը կարծում են, որ կլիմայական փոփոխություններն առանցքային տեղ կզբաղեցնեն նախագահ Օբամայի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մեջ:

Հատկապես լավատեսորեն տրամադրված Գոռն այս կապացությամբ ասել է. "Օբամայի վարչակազմն արդեն իսկ կուռ պատրաստակամություն է հայտնել վերականգնելու ԱՄՆ-ի առաջնորդի դերը համաշխարհային պայմանագրերի շուրջ բանակցություններում` այդպիսով վերջ տալով տարիներ շարունակ տևած անգործությանը”:

Համաշխարհային ջերմացման վտանգների շուրջ հանրային իրազեկության բարձրացմանն ուղղված իր բարձրաստիճան ջանքերի համար 2007թ. Ալ Գոռը խաղաղության անվանակարգում Նոբելյան մրցանակի է արժանացել:

Ինչպես իր շրջագայությունների ժամանակ, այնպես էլ Սենատում ունեցած իր ելույթի ընթացքում պարոն Գոռը ցույց է տվել մի շարք նկարներ, որոնց նպատակն է ընդգծել պահանջվող գործողությունների անհետաձգելիությունը:

Որպես օրինակ` Ալ Գոռը նշել է, որ Մալդիվյան Հանրապետության բյուջեում մի նոր գիծ է ավելացել, որը նապատեսված է ամբողջ պետության վերաբնակեցման համար: “Նրանք նոր տարածք են փնտրում, որպեսզի գնեն և այնտեղ տեղափոխեն բնակչության 100 տոկոսին”, ասել է նա:

"Վերջին ժամանակներում մենք աննախադեպ փոփոխությունների ենք ականատես եղել: Վերջին 30 տարիների ընթացքում չորս անգամ աճել է եղանակի հետ կապված տարեկան աղետների թիվը` վերջին 75 տարիների հետ համեմատությամբ: Ի դեպ այս միտումը շարունակվում է”, շարունակել է նախկին փոխնախագահը:

Հանրապետական սենատորները, ովքեր հաճախ հակաճառել են Գոռին, այս անգամ այլ կերպ էին տրամադրված: Սենատոր Ռիչարդ Լուգարը ընգծել է Ալ Գոռի այն թեզը, որ շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված ճիշտ քաղաքականությունը նաև նոր աշխատատեղեր կարող է ստեղծել:

"Նոր տեխնոլոգիաներն այսօր մեզ թույլ են տալիս զարգացման նոր լուծումներ գտնել, ինչի արդյունքում մենք կարող ենք կրճատել շրջակա միջավայրին վնասաբեր արտանետումները”, նշել է նա:

Մոտ ութ տարի առաջ Բուշի վարչակազմը հրաժարվեց ստորագրելԿյոտոյի արձանագրությունը, որը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի միջազգային պայմանագիր է:

Այդ ժամանակից ի վեր Չինաստանը դարձել է շրջակա միջավայրին վնասաբեր արտանետումների մակարդակով աշխարհի առաջատարը, մինչդեռ զարգացող պետությունները նույնպես մեծ դերակատարներ են այս առումով:

Ալ Գոռը նշել է, որ ԱՄՆ-ը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի` այս տարվա վերջին Կոպենհագենում ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին վերաբերող պայմանագրի բանակցություններում վստահություն ձեռք բերելու նկատառումով:

XS
SM
MD
LG