Մատչելի հղումներ

Գորբաչովն անդրադարձել է ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավմանը


Խորհրդային Միության վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է համբերատար լինի Ռուսաստանի հարցում, որը, նրա խոսքերով, զարգացող ժողովրդավարական պետություն է: Ուրբաթ օրը Միջ-ամերիկյան զարգացման բանկում կայացած բիզնես համաժողովում ունեցած իր ելույթում Գորբաչովն անդրադարձել է այն զարգացումներին, որոնք հանգեցրել են Խորհրդային Միության փլուզմանը և ներկայումս խոչընդոտում են Ռուսաստանի զարգացումը:

Միխայիլ Գորբաչովը կարծում է, որ Օբամայի վարչակարգը կարող է ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր սկիզբ դնելու հնարավորություն տալ: Նա հույս է հայտնել, որ Ամերիկան փոփոխություն է ցանկանում:

Իր ելույթում նա մերթընդմերթ անդրադարձել է անցյալին, պաշտպանել է ներկայում Ռուսաստանի ստանձնած դերն աշխարհում, ինչպես նաև հույս է հայտնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև հարաբերությունները կբարելավվեն Օբամայի նախագահության օրոք:

Խորհրդային դարաշրջանի վերջին առաջնորդն ասել է, որ Խորհրդային Միության փլուզման պատճառներից մեկը 1980-ականներին նավթի ցածր գինն էր` միևնույն ժամանակ նշելով, որ Ռուսաստանի ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինը հաջողության հասավ, քանի որ իշխանության անցավ այն ժամանակ, երբ նավթի գինը դեռևս բարձրանում էր:

Նա նաև նշել է, որ թեպետ ցանկանում էր, որ Խորհրդային Միությունը պահպանվեր, և որ 1980-ականներին զարգացման և ժողովրդավարության իր ծրագրերի հասունացման համար ավելի երկար ժամանակ հատկացվեր, նա գիտակցում է, որ եղավ այն, ինչ պետք է լիներ:

Միխայիլ Գորբաչովը նաև պաշտպանել է Ռուսաստանի ագրեսիվ արտաքին քաղաքականությունը: Նա նշել է, որ Ռուսաստանը դեռևս զարգացող ժողովրդավարություն է, և որ ռուսների, ուկրաինացիների և վրացիների միջև ամուր պատմական և էթնիկ կապեր կան:

Նա կոչ է արել Ամերիկայի Միացյալ Նահանգներին առավել համբերատար լինել Ռուսաստանի հարցում և չփորձել Ռուսաստանին գրգռել` նախկին խորհրդային հանրապետություններ Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամակցություն առաջարկելով:

Գորբաչովը նաև ասել է, որ ԱՄՆ-ն է մեծամասամբ պատասխանատու համաշխարհային ֆինանսական ճգնաժամի համար: Նա նշել է, որ Ռուսաստանը բավականին տուժել է, քանի որ էներգետիկ ռեսուրսներից ստացված եկամուտները չի օգտագործել իր արդյունաբերությունը ժամանակակից դարձնելու և դիվերսիֆիկացնելու համար:

Միևնույն ժամանակ նա հիացմունքով է արտահայտվել նախագահ Բարաք Օբամայի մինչ այժմ ծավալած գործունեության շուրջ և նշել է, որ, համագործակցելով միջուկային ապազինման, համաշխարհային էներգետիկ ռեսուրսների կայունացման և ահաբեկչության դեմ պայքարի խնդիրների շուրջ, ԱՄՆ-ը և Ռուսաստանն աշխարհն առավել անվտանգ կդարձնեն:

XS
SM
MD
LG