Թանկարժեք մետաղի` ոսկու գինն այս շաբաթ նորից թռիչք ապրեց: Ինֆլյացիայի մտահոգությունը և ԱՄՆ դոլարի անկումը նախորդ հինգշաբթի ոսկու գինը հասցրին 1060 դոլար մեկ ունցիայի համար, որն այնուհետ իջավ մինչև 1045 ԱՄՆ դոլար: Վերլուծաբանները միակարծիք չեն այն հարցում, թե որքան երկար կտևի ոսկու գնի այս աճը:
Համաշխարհային շուկայում ԱՄՆ դոլարի դերի անկմամբ ներդրողները գերապատվություն են տալիս ավելի ապահով միջոցի` ոսկուն: Եվ քանի որ ոսկու գինը սահմանվում է դոլարով, ապա վերջինիս արժեքի նվազումը թանկարժեք մետաղը դարձնում է ավելի գրավիչ:
Ոսկու ձուլակտորների պահանջարկն այս տարի աճել է գրեթե 20 տոկոսով, և ըստ վերլուծաբան Դեն Սմիթիի` այդ միտումը կշարունակվի:
“Նախորդ ամիսներին գրանցված ոսկու գնի աճը կշարունակվի, սակայն ոչ այդքան արագ: Իմ կարծիքով` հաջորդ տարվա համար մեր կանխատեսումը 1100 ԱՄՆ դոլարի մակարդակն է”,-ասում է նա:
Նվազող դոլարով պայմանավորված ինֆլյացիայի մտավախության արդյունքում ոսկու գինը դեկտեմբերին կշարունակի աճել: Սակայն ըստ որոշ վերլուծաբանների` ոսկու այս աշխուժացումը գրեթե միշտ կայունանում է:
Ներդրումների վերլուծաբան Նիք Բրաունի կարծիքով այս շարժը կայուն չէ: “Ոսկին արտահայտում է ֆինանսական պղպջակի բոլոր հատկությունները: Նկատելի է ներդրումների հսկայական հոսք այնպիսի շուկաներ, որոնք գների աճին զուգընթաց թուլանում են: Դա նման է պղպջակի` հայտնի չէ, թե դեռ որքան կմեծանա”,- բացատրում է նա:
Ոսկու բարձր գնի առավել կտրուկ նվազում դիտվեց Հնդկաստանում` աշխարհում ոսկու սպառման ամենամեծ շուկայում:
Ոսկու ամենամեծ գնումները Հնդկաստանում կատարվում են հոկտեմբեր ամսին, երբ սկսվում են կրոնական ծիսակատարությունները: Սակայն Նյու Դելիում ոսկու խանութի սեփականատիրոջ խոսքով` ոսկու գների տատանումը վանում է սպառողներին:
“Ոսկու գինը շատ կտրուկ է տատանվում: Քանի դեռ տատանումները անհասկանալի են, սովորական մարդիկ չեն գնի, իսկ ծիսակատարությունների ժամանակ գնորդները սովորական գնորդներն են”,- ասում է Ռամա Ոսկեղենի սեփականատեր Աբինավ Մալհոթրան:
Որոշ ներդրողների կանխատեսմամբ` ոսկու գինը կշարունակի աճել քանի դեռ դոլարով ֆիքսված այլ ապրանքներ կորցնում են իրենց արժեքը առավել ուժեղ արժույթի համեմատ: Օրինակ` մի քանի նավթարդյունահանող երկրներ մտադիր են նավթի գները ֆիքսել եվրոյով և չինական յուանով: