Մատչելի հղումներ

Ջեներալ Մոթորսը շարունակում է աշխատատեղեր կրճատել և գործարաններ փակել լուծարումից խուսափելու համար


Ջեներալ Մոթորսի ղեկավարը հայտարարել է, որ ընկերությունը կդադարեցնի որոշ ավտոմեքենաների արտադրությունը, կկրճատի հազարավոր աշխատատեղեր և որոշ գործարաններ կփակի` ֆինանսական կենսունակությունը պահպանելու նպատակով:

Վերջին քսանյոթ տարիների ընթացքում ավտոմեքենաների ամենացածր վաճառքն արձանագրած Ջեներալ Մոթորս ընկերությունն ասում է, որ մինչև 2010թ. ավարտը լրացուցիչ 21 հազար աշխատատեղ կկրճատվի, և արտադրությունից դուրս կգա Պոնտիակ մակնիշի ավտոմեքենան: Ընկերությունը նաև նախատեսում է Սաաբ, Սատուրն և Համեր մակնիշի ավտոմեքենաների վաճառքը:

Կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ֆրից Հենդերսոնն ասում է, որ այդ ամենի փոխարեն Ջեներալ Մոթորսն առկա ռեսուրսները կկենտրոնացնի իր հիմնական ` Շեվրոլե, Կադիլակ, Բուիք և Ջի-Էմ-Սի մակնիշի ավտոմեքենաների արտադրության վրա:

"Մեր հիմնական նպատակը գոյատևելը չէ, այլև` գործառնական այնպիսի ծրագրի մշակումը, որը մեզ թույլ կտա հաղթող դուրս գալ այս իրավիճակից”, մանրամասնել է նա:

Առանձին մակնիշի ավտոմեքենաների արտադրության դադարեցումը նշանակում է, որ լրացուցիչ գործարաններ կփակվեն: Դժվարությունների առաջ կանգնած այս ընկերությունը անցյալ շաբաթ հայտարարեց, որ ժամանակավորապես տասներեք գորածարան է փակում` արտադրության ծավալները ներկա վաճառքի ծավալներին համապատասխանեցնելու նպատակով:

Վերլուծաբան Կարլ Բրաուերի կարծիքով` Ջեներալ Մոթորսն այլընտրանք չուներ. "Միանգամայն պարզ է, որ ընկերությունը պետք է նման մի քայլի դիմեր, քանի որ խանութներում ավտոմեքենաները կուտակվել են”:

Ջեներալ Մոթորսի վերականգնման ծրագիրը ներառում է պարտատերերին 27 միլիարդ դոլար պարտքի փոխարեն ընկերության արժեթղթեր առաջարկելը:

Ընկերությունը նաև դիմել է Օբամայի վարչակազմին`15 միլիարդ արժողությամբ ճգնաժամային վարկի դիմաց ընկերության 50-ից ավելին արժեթղթերի ընդունման խնդրանքով:

Այս ծրագրի շնորհիվ Ջեներալ Մոթորսը կարող է նվազեցնել իր պարտքերը և այդպիսով խուսափել լուծարումից: Սակայն Հենդերսոնն ասել է, որ ընկերությունը պատրաստ է ցանկացած միջոց ձեռնարկել` իր գործունեությունը շարունակելու նպատակով:

"Մեր առաջին պարտականությունը շարունակում է մնալ Ջեներալ Մոթորսի հաջողության երաշխավորումը: Սակայն եթե մեզ չհաջողվի դրան հասնել սովորական միջոցներով, մենք ստիպված կլինենք դիմել արտակարգ միջոցառումների: Եթե անհրաժեշտ լինի, մեր վերակազմակերպումը նույնիսկ լուծարման միջոցով կիրականացնենք”, նշել է նա:

Ջեներալ Մոթորսը պետք է մինչև հունիսի մեկը ներկայացնի վերակազմակերպման ծրագիր, որպեսզի շարունակի ստանալ աջակցություն դաշնային իշխանություններից:

XS
SM
MD
LG