Սնանկ հայտարարվելուց ընդամենը քառասուն օր հետո` ուրբաթ օրը, Ջեներալ Մոթորսի համար սկսվեց մի նոր դարաշրջան. ընկերությունն այլևս ազատվել է ահռելի պարտքից, որն սպառնում էր ԱՄՆ-ի ավտոարդյունաբերության ամենախոշոր ընկերության գոյությունը:
Ջի-Էմ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ֆրից Հենդերսոնի խոսքերով` սնանկացումից արագ դուրս գալն ընկերությանը թույլ կտա բոլոր ջանքերն ուղղել արտադրության ամենահաջողված ճյուղերին:
“Այսօր ընկերությունը նոր էջ է թևակոխում: Սա մի նոր ընկերություն է, որը թույլ կտա յուրաքանչյուր աշխատողի, այդ թվում և` ինձ, վերադառնալ հրաշալի ավտոմեքենաներ նախագծելու, պատրաստելու և վաճառելու գործին”, նշել է նա:
Նոր Ջի-Էմ-ն ավելի փոքր է: Ընկերության ամենամեծ բաժնետերը ԱՄՆ-ի կառավարությունն է, որին պատկանում է ընկերության 60 տոկոսից ավելին:
Օբամայի վարչակազմը խոսք է տվել չմիջամտել ընկերության ամենօրյա գործունեությանը: Հենդերսոնի խոսքերով` Ջի-Էմ-ի նպատակն է արագ կերպով վերականգնել ընկերության շահութաբերությունը: Բացի այդ, ընկերությունը նպատակ ունի մինչև 2015թ. վերջնաժամկետը կառավարությանը վերադարձնել 50 միլիարդ դոլար արժողությամբ փոխառությունը:
Ֆրից Հենդերսոնը նշել է, որ ընկերությունը մեծապես գնահատում է այս դժվարին պահին կառավարությունից ստացած աջակցությունը` հավելելով, որ ընկերությունը ջանք չի խնայի ընկերության գործունեության համար ներդրված վստահությունը և գումարները վերադարձնելու համար:
Սակայն ընկերությունը մի հսկա մարտահրավերի առջև է կանգնած, քանի որ համաշխարհային տնտեսական անկման արդյունքում զգալի նվազել է ավտոմեքենաների վաճառքը:Սպառողական ծախսերը նույնպես նվազել են, մինչդեռ յուրաքանչյուր տասներորդ ամերիկացին գործազուրկ է:
Այս առումով Հենդերսոնը նշել է, որ ամենամեծ մարտահրավերն է ստեղծել այնպիսի ավտոմեքենաներ, որոնք սպառողները պատրաստ կլինեն գնել:
“Նոր ընկերությունում հաճախորդը պետք է լինի մեր գործողությունների կենտրոնում, և մենք շատ հետևողական ենք լինելու այս հարցում, քանի որ եթե հաջողության չհասնենք, այլևս ոչինչ չենք կարող անել”, նշել է նա:Ջի-Էմ-ը պատրաստվում է վառելիքի առավել արդյունավետ սպառում ապահովող մեքենաներ ստեղծել, ինչպես նաև ակնկալում է առավել արագ կազմակերպել նոր տեսակների մեկնարկը: Բացի այդ, Ջի-Էմ-ը eBay-ի հետ համագործակցության պայմանագիր է կնքել` մեքենաների ինտերնետային աճուրդ կազմակերպելու նպատակով:
Միևնույն ժամանակ մինչև տարվա վերջ ընկերությունը պատրաստվում է նոր աշխատեղեր կրճատել` միևնույն ժամանակ քսան տոկոսով նվազեցնելով աշխատողների աշխատավարձը: