Մատչելի հղումներ

Գենետիկորեն ձևափոխված բերքը գերակշռում է ԱՄՆ գյուղատնտեսությունում


Բերքահավաքի ժամանակաշրջանն է: ԱՄՆ գյուղատնտեսները մթերում են հսկայական քանակությամբ եգիպտացորեն և սոյա: Աշխարհի որևէ այլ երկրում գենետիկորեն ձևափոխված բերքի այնքան բազմազանություն չի աճեցվում, որքան ամերիկյան ֆերմերների կողմից: Սակայն ԱՄՆ-ում տարածում է սկսում ստանալ նաև օրգանական գյուղատնտեսությունը:

Եգիպտացորենի վնասակար միջատների և բզեզների պատճառով է, որ ֆերմեր Հանդլին նախընտրում է Վիրջինիայում աճեցնել գենետիկորեն ձևափոխված եգիպտացորեն: Ըստ նրա` միջատները մեծ վնաս են հասնցում բերքին, հաճախ կարող են ամբողջությամբ ոչնչացնել այն: Իսկ գենետիկորեն ձևափոխված բերքին նրանք չեն սպառնում:

Հանդլին աճեցնում է նաև գենետիկորեն ձևափոխված սոյա: Այդպես հեշտ է մոլախոտները վերացնել, քանի որ սոյային չի վնասում «Շրջանց» կոչվող քիմիկատը: “Շրջանցը” վերացնում է ֆերմերներին գլխացավ պատճառող գրեթե բոլոր մոլախոտերը: Ըստ Հանդլիի` քիմիկատներին դիմակայող սոյա աճեցնելով, նա կարող է ամբողջ դաշտը ցողել քիմիկատներով` խնայելով ժամանակը:

Գենետիկորեն ձևափոխված սերմեր վաճառող ընկերությունը թույլ չի տալիս սերմ տնտեսել հաջորդ տարվա համար: Սերմը թանկ է, բայց օգուտն`ավելի մեծ:

Այս տարի ԱՄՆ-ում եգիպտացորենի բերքի 85 և սոյայի` 91 տոկոսը գենետիկորեն ձևափոխված մթերք էր: Որևէ այլ երկիր այդքան չի արտադրում: Եվ չնայած ԱՄՆ-ում աճեցվող եգիպտացորենի, սոյայի և բամբակի բերքի գերակշիռ մասը գենետիկորեն ձևափոխված է, օրգանական գյուղատնտեսությունը նախընտրող ֆերմերների թիվն ավելանում է:

Մերիլանդի Ադամսթաունում Նիք Մարավելը նույնպես աճեցնում է եգիպտացորեն և սոյա: Սակայն նրա բերքը գենետիկորեն ձևափոխված չէ:

«Մենք ցանկանում ենք խրախուսել բնական արտադրությունը»,-պնդում է նա:

Մարավելը օրգանական բերք նախընտրող ֆերմերներից է, ով չի օգտագործում պարարտանյութեր և թունաքիմիկատներ: Օրգանական գյուղատնտեսությունը զբաղեցնում է ԱՄՆ-ի ընդհանուր հողատարածքի չնչին մասը միայն` ըստ ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության` 2005թ. դա կազմում էր մեկուկես տոկոս, որը սակայն կրկնակի աճել է 1997թ. համեմատ:

Մարավելը գենետիկորեն ձևափոխված բերք չի աճեցնում, քանի որ նրան անհանգստացնում են նաև չնախատեսված հետևանքները:

«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները բաց են թողնվել շրջակա միջավայր: Նրանք հանգիստ բազմանում են և կարող են խաչասերվել այլ տեսակների հետ: Ես համոզված չեմ, որ մենք այսօր այնքան ենք վարպետացել, որ կարող ենք վերահսկել դա»,-բացատրում է նա:

ԱՄՆ օրենսդիրները կողմ են գենետիկորեն ձևափոխված բերքին: Եվրոպայում շատերն են դեմ, բայց Եվրոպայի սննդի անվտանգության գիտական կառույցի համոզմամբ` ներկայիս սննդատեսակները չեն վնասում առողջությանը կամ շրջակա միջավայրին:

Մարավելին չի անհանգստացնում նաև բարձր բերքատվությունը: Մարավելն ընդունում է, որ բերքատվությամբ զիջում է պարարտանյութ օգտագործող հարևան ֆերմաներին, բայց երաշտի տարում իրավիճակը փոխվում է: Մարավելի օրգանական բերքը նաև հավելավճար է ապահովում:

«Օրգանական ֆերման այլընտրանք է: Մենք բերք ենք արտադրում, և մեզ մոտ չեն վխտում միջատները, հիվանդությունը կամ մոլախոտերը: Դա հնարավոր է նաև առանց գենետիկորեն ձևափոխված բերքի»,- ասում է նա:

XS
SM
MD
LG