Մատչելի հղումներ

Համաշխարհային հարցախույզների համաձայն ԱՄՆ-ի վարկանիշը բարելավվում է


Միջազգային մի հարցախույզի տվյալների համաձայն` այս տասնամյակի ընթացքում առաջին անգամ աճել է այն մարդկանց թիվը, ովքեր դրական կարծիք ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին: Սակայն նույն հարցախույզի տվյալների համաձայն, մարդիկ առավել հոռետեսորեն են մոտենում համաշխարհային տնտեսության խնդրին:

ԱՄՆ-ի վերաբերյալ դրական կարծիք ունեցողների թվի աճը վերջին տարվա ընթացքում կարելի է վերագրել ԱՄՆ-ի նոր նախագահի ընտրության հետ կապված ակնկալիքներին:

Վաշինգտոնում գտնվող Փյու հետազոտական կենտրոնի հարցախույզն անց է կացվել քսանչորս երկրներում, քսանչորս հազար անձանց շրջանում: Այդ երկրների գրեթե կեսում հարցախույզի մասնակիցների մեծ մասն անցյալ տարվա համեմատությամբ առավել դրական կարծիք ունի ԱՄՆ-ի վերաբերյալ: Փյու հետազոտական կենտրոնի նախագահ Էնդրյու Կոհուտի կարծիքով` հաջորդ տարի ԱՄՆ-ի նոր նախագահ ընտրելու հեռանկարը մեծ դեր է ունեցել արդյունքների վրա:

“Ողջ աշխարհում մարդիկ անհամբերությամբ սպասում են նոր նախագահի ընտրությանը: Նախագահ Բուշն իր պաշտոնավարության ընթացքում բարձր ժողովրդականություն չի վայելել: Շատ մարդիկ, եթե ոչ բոլորը, կարծում են, որ հաջորդ տարի ընտրված նախագահի արտաքին քաղաքականությունը շատ ավելի ընդունելի կլինի, ինչը ես կարծում եմ բացատրում է ստացված արդյունքները.” ասել է նա:

Մարտ և ապրիլ ամիսներին անցկացված հարցախույզը ցույց է տվել, որ մասնակից գրեթե բոլոր երկրներում Դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածու Բարաք Օբամային սատարողների թիվը շատ ավելի մեծ է, քան նրա հակառակորդ` Հանրապետական կուսակցության հավանական թեկնածու Ջոն Մաքքեյնին սատարողներինը: Սակայն ԱՄՆ-ի վարկանիշը դեռևս շատ ցածր է իսլամական երկրներում, և այդ երկրներում հարցախույզին մասնակիցներից քչերն են մեծ փոփոխություններ ակնկալում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ` անկախ այն հանգամանքից, թե ով կհաղթի նոյեմբերին կայանալիք ընտրություններում:

Նյու Յորք Թայմսի թղթակից Դեյվիդ Բրուքսն ասել է, որ հարցախույզի արդյունքները ցույց են տալիս, որ ավարտին է մոտենում սեպտեմբերի 11-ի իրադարձությունների ազդդեցությունը կրող ժամանակաշրջանը, երբ մարդկանց գիտակցությունում գերիշխում էր ահաբեկչության դեմ համընդհանուր պայքարը: Նա ասել է, որ մարդկանց այժմ մտահոգում են այնպիսի խնդիրներ, ինչպիսին տնտեսությունն է:

Ի դեպ, հարցախույզի արդյունքներն արտացոլում են այս միտումը: Քսանչորս երկրներից տասնութում հարցախույզին մասնակցած մարդկանց մեծ մասի կարծիքով իրենց երկրների տնտեսությունը գտնվում է վատ վիճակում: Նրանց մեծամասնությունը նաև նշում է, որ ԱՄՆ-ի տնտեսությունը նաև բացասաբար է ազդում նրանց ներպետական տնտեսության վրա:

Հոռետեսորեն տրամադրվածների շարքում բացառություն են կազմում Չինաստանը և Հնդկաստանը, որտեղ մարդիկ դրական կարծիք ունեն իրենց պետությունների տնտեսական իրավիճակի վերաբերյալ: Ողջ աշխարհում նաև մարդիկ մտահոգված են, թե ինչպիսին կլինի Չինաստանի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա: Մինչդեռ Չինաստանը վարկանիշը անկում է կատարել անցյալ տարվա համեմատությամբ, շատերը դեռևս դրաիկան են վերաբերվում ամառային օլիմպիական խաղերը Պեկինում անցկացնելու գաղափարին:
XS
SM
MD
LG