Մատչելի հղումներ

Աշխարհի ամենազարգացած քսան պետությունների ղեկավարները նախապատրաստվում են Վաշինգտոնի գագաթաժողովին


Շաբաթ օրը Վաշինգտոնում տեղի կունենա աշխարհի քսան ամենազարգացած և զարգացող պետությունների ղեկավարները հանդիպումը, որտեղ կքննարկվի համաշխարհային ֆինանսական կայունության վերականգնման խնդիրը: Կայանալիք գագաթաժողովը հիմնականում եվրոպական պետությունների ղեկավարների նախաձեռնությունն է: Նրանց նպատակն է լուծումներ գտնել ամբողջ աշխարհում առկա տնտեսական ճգնաժամին: Չնայած հանդիպումը կկայանա նախագահ Բուշի հրավերով, եվրոպական պետությունների ղեկավարների ակնկալիքները կապված են նորընտիր նախագահ Օբամայի վարչակարգի հետ:

Երբ տնտեսական ճգնաժամի ազդեցությունն առաջին անգամ զգացվեց Եվրոպայում, երկու հզորագույն պետությունների ղեկավարներ` Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, անմիջապես փորձեցին քայլեր ձեռնարկել վնասները մեղմելու ուղղությամբ:

Նիկոլա Սարկոզին Եվրոպական Միության ներկայիս նախագահն է: Նա առաջնային դեր ստանձնեց` կոչ անելով Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերին ճգնաժամի միասնական լուծում գտնել. "Եվրոպայի ցանկությունը հետևյալն է. ձեռք ձեռքի տված աշխատել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ` ինչպես երկու դաշնակիցներ, երկու ընկերներ, երկու գործընկերներ, ովքեր միևնույն համոզմունքների և արժեքների տեր են, և որոնք պետք է հաղթահարեն այս մարտահրավերը”:

Ինչ վերաբերում է Գորդոն Բրաունին, նա փորձառում է տնտեսության բնագավառում: Թոնի Բլերի պաշտոնավարման ընթացքում շուրջ տաս տարի նա ծառայել է որպես Ֆինանսների նախարար և մեծ հեղինակություն է ձեռք բերել իր ունակությունների և ողջամտության շնորհիվ:

Հոկտեմբեր ամսին Մեծ Բրիտանիայում և արտասահմանում մեծ գնահատականի արժանացավ նրա մոտ 700 միլիարդ դոլարի համարժեք ծրագիրը, որի նպատակն էր փոխառությունների և երաշխիքների միջոցով պաշտպանել բրիտանական բանկային համակարգը ճգնաժամից: Ֆինանսական շուկայի փրկարարական այս մոդելը միջազգային արձագանք ստացավ և նույնիսկ հիմք ծառայեց ԱՄՆ-ում նմանատիպ ծրագրի ընդունման համար:

Սակայն Նիկոլա Սարկոզին պնդեց, որպեսզի հանդիպում տեղի ունենա եվրո գոտու մակարդակով` ճգնաժամի լուծման նպատակով միավորելով եվրո արտարժույթը կիրառող 15 պետություններին և Մեծ Բրիտանիային: Ի վերջո, նրանք համաձայնության եկան կիրառելու Գորդոն Բրաունի առաջարկած ծրագիրը:

Բրիտանացի օրենսդիր Դենիս Մաքշեյնի կարծիքով Բրաուն-Սարկոզի համագործակցությունը հզոր և ազդեցիկ ուժ է դարձել. "Չնայած որ Բրաունն ու Սարկոզին քաղաքական դաշտի հակառակ կողմերում են կանգնած, նրանք գիտակցում են, որ երկու պետություններն էլ` Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, կտուժեն, եթե Եվրոպան կամ Ամերիկան արագ և խելացի լուծում չտան ներկա ճգնաժամին”:

Այսպես Ֆրանսիայի նախագահը կոչ արեց նախագահ Ջորջ Բուշին նոյեմբերի 15-ին համաշխարհային ուժերի գագաթաժողով հրավիրել Վաշինգտոնում: Գորդոն Բրաունի և Նիկոլա Սարկոզիի հաջորդ ձեռքբերումը կլինի այն, որ համոզեն ԱՄՆ-ին առաջնորդի դեր ստանձնել համաշխարհային տնտեսության վերանորոգման գործում:

Լոնդոնի տնտեսագիտական համալսարանից տնտեսագետ Ալբրեխտ Ռիթչելի կարծիքով ԱՄՆ-ը պետք է ձեռնարկի շատ ավելին, քան Ֆինանսների նախարար Հենրի Փոուլսոնի առաջարկած ծրագիրն է: Այս կապակցությամբ ահա այսպես է արտահայտվել Ալբրեխտ Ռիթչելը. "Չեմ ուզում ասել, որ ԱՄՆ-ը կողմից առաջնորդության պակաս է զգացվել, սակայան մինչ այժմ ԱՄՆ-ից եկող ազդանշանները միանշանակ չեն եղել: Այդքան էլ հստակ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում Փոուլսոնի ծրագիրը, և այնպիսի տպավորություն է, որ Վաշիգնտոնում և Նյու Յորքում փոքր թվով մարդիկ են հստակ պատկերացնում այդ ծրագրի էությունը: Այսպիսով, հստակ պահանջ կա, որ այդ ծրագիրը համալրվի բովանդակությամբ”:

Քսան ամենազարգացած պետությունների ղեկավարների կայանալիք հանդիպման ուշադրության կենտրոնում կլինեն համաշխարհային տնտեսության կայունության վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսական վերահսկման մեխանիզմները: Սակայն վերլուծաբանների կարծիքով, Եվրոպան մեծ ակնկալիքներ ունի ԱՄՆ-ի վարչակարգի փոփոխությունից:

Նրանք հուսով են, որ նորընտիր նախագահ Բարաք Օբամային կհաջողվի վերականգնել ԱՄՆ-ի տնտեսությունը, ինչն իր հերթին կնպաստի Եվրոպայի տնտեսության վերականգնմանը:

XS
SM
MD
LG