Մատչելի հղումներ

Այս տարի ԱՄՆ-ում գյուղատնտեսական ապրանքների գների 30 տոկոս աճ է գրանցվել


Եգիպտացորենի և սոյայի հատիկների արտադրությամբ ԱՄՆ-ը աշխարհում առաջատար տեղ է զբաղեցնում: Սակայն, ըստ կանխատեսումների, ԱՄՆ-ի ֆերմերներն ստիպված կլինեն 30 տոկոսով ավելի ռեսուրսներ ներդնել նշված կուլտուրաների մշակման համար: Մինչդեռ զգալի նվազել է եգիպտացորենի և սոյայի պահանջարկը դրանք ներկրող պետություններում:

Առավոտյան ժամը 6 է` սովորական մի օր Բրենթ Շոլի համար, ով կրում է 100 տարվա պատմություն ունեցող ընտանեկան ֆերմայի հոգսը:

Առաջին հերթին նա որոշում է` քանի խոզ սպանդանոց ուղարկի: Նա հստակ հաշվարկ է անում ֆերմայի շարունակականությունը և ընտանիքի ապրուստն ապահովելու համար:

“Շատ գումար ես ստանում, բայց և շատ էլ ծախսում ես, չի ստացվում գումար կուտակել”, ասում է նա:

Սակայն վերջին ամիսներին նրա ծախսերը զգալի աճել են: Չնայած Շոլի ֆերմայի խոզերն ամենևին առողջ են, A-H1N1 վիրուսի` այսպես կոչված խոզի գրիպի շուրջ մտահոգությունների արդյունքում նվազել է խոզի մսի պահանջարկը:

Սակայն Շոլը միայն խոզաբուծությամբ չի զբաղվում:

Առավոտյան խոզերի հոգսն ավարտելուց հետո նա ցանքսի մեքենաները բեռնում է եգիպտացորենի և սոյայի սերմերով և ուղևորվում դեպի դաշտերը:

Այս տարվա խոնավ գարնան պատճառով ցանքսը հետաձգվել է, սակայն այժմ ամեն ինչ շատ արագ է պետք անել:

ԱՄՆ-ի գյուղնախարարության հաշվարկներով` խոնավ գարնան պատճառով այս տարվա եգիտպացորենի և սոյայի բերքն ավելի քիչ է լինելու, իսկ գներն էլ` ավելի բարձր: Սակայն, ինչպես Շոլն է վկայում, աճել են նաև մշակման ծախսերը:

“Աննախադեպ աճել են պարարտանյութերի գները: Կարծում եմ` մյուս տարի գները կիջնեն, բայց, միևնույն է, գները բարձր կմնան, մինչև չսպառվեն այս տարվա պաշարները”, ասում է նա:

Մտահոգության առարկա է նաև շարունակվող համաշխարհային տնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունը բերքի վաճառքի վրա:

Իլինոյսի համալսարանում ֆերմայի կառավարում դասավանդող Գերի Շնիտկին կարծում է, որ այս անկումը տարբերվում է մյուսներից: “Այս անգամ հիմնական տարբերությունն այն է, որ գները չափազանց փոփոխական են և անկախատեսելի”, ասում է նա:

Համաշխարհային բանկի 2008թ. ուսումնասիրության համաձայն` գների աճը հիմնականում պայմնավորված էր կենսավառելիքի պահանջարկի աճով:

Անցյալ տարի դա նպաստավոր էր ԱՄՆ-ի ֆերմների համար: Սակայն այս տարի բենզինի գնի անկման հետ մեկտեղ նվազել է կենսավառելիքի պահանջարկը:

Նվազել է նաև պարենի պահանջարկն աշխարհում, մասնավորապես` Չինաստանում և Հնդկաստանում:

Գերի Շնիտկիի խոսքերով` մտահոգությունն այն է, որ համաշխարհային տնտեսական անկման և ճգնաժամի արդյունքում կընկնի Չինաստանի և Հնդկաստանի եկամտի մակարդակը և, հետևաբար, պարենի պահանջարկը:

Այդուհանդերձ, Բրենթ Շոլը պետք է շարունակի ապրուստ վաստակել, և նա լավատեսորեն է տրամադրված: “Կարծես, սա մեկ անգամ ևս ստուգում է, թե որքան ամուր է հավատն Աստծո հանդեպ: Ավելի շատ ես հույս դնում ընտանիքիդ, ընկերներիդ և իհարկե գիտելիքիդ վրա, հավատում ես, որ կարող ես հաղթող դուրս գալ այս իրավիճակից”, ասում է նա:

Շոլի զավակները շուտով համալսարան են ընդունվելու: Նա ասում է, որ վստահ չէ` արդյոք գալիք սերունդները պետք է զբաղվեն ֆերմայով, թե` ոչ: Սակայն աշխատանքի շուկայի ներկա վիճակից կարելի է ենթադրել, որ տարիներ անց ֆերմայում աշխատանք գտնելն առավել իրատեսական կլինի:

XS
SM
MD
LG