Ռուսաստանի հետ վերջին հակամարտությունից հետո
Վրաստանը պարտված, բայց ոչ համակերպված կարգավիճակում է: Ռուսական զորքերի հսկողության
տակ է Վրաստանի տարածքների շատ ավելի մեծ տարածք, քան մեկ ամիս առաջ, և ոչ մեկ չի
կարող պատասխան տալ հիմնական հարցին, թի ինչպես կարելի է ստիպել ներխուժողներին
լքել գրավված տարածքները:
Սակայն Վրաստանի պաշտոնյաները չեն թաքցնում իրենց ուրախությունը Մոսկվայի
դիվանագիտական մեկուսացման կապակցությամբ, քանի որ նույնիս Ռուսաստանի դաշնակից
պետությունները հրաժարվում են ճանաչել Վրաստանից անջատված երկու ինքնահռչակ
պետությունները:
Վրաստանի ապագան դեռևս մեծ հարցականի տակ է: Ռուսաստանը մարտահրավեր է նետել Արևմուտքին չմիջամտել Կովկասում կատարվող իրադարձություններին: Այժմ հստակ չէ, թե արդյոք Եվրոպան և ԱՄՆ-ը Ռուսաստանին Վրաստանի տարածքից հեռանալ ստիպելու քաղաքական կամք կցուցաբերեն:
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ այժմ իշխանությունների խիստ քննադատ Նինո Բուրջանաձեն կարծում է, որ օգոստոս ամսի սկզբին Հարավային Օսիայում ռուսական ռազմական գործողություններին մարտահրավեր նետելը սխալ էր: “Կարծում եմ, որ մենք արդեն պարտվել ենք այս պատերազում, և որ այս իրավիճակին ռազմական լուծում հնարավոր չէ տալ:”
Միևնույն ժամանակ Բուրջանաձեն նշել է, որ Ռուսաստանը նույնպես պարտվողի դերում է: “Երբ ես ասում եմ, որ մենք` վրացիներս, չենք հաղթել այս հակամարտությունում, չի նշանակում, որ Ռուսաստանը հաղթել է: Ռուսաստանը մեկ անգամ ևս ցույց տվեց իր իրական դեմքը, այն է`միջազգային հարաբերություններում ոստիկանի նախընտրած դերը միջազգային հանրության հարգված անդամի փոխարեն:”
Նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի քաղաքական մրցակիցներն ասում են, որ ճգնաժամի
թուլացումից հետո նա մեծ բացատրական աշխատանք պետք է տանի: Գրեթե բոլորը համամիտ
են, որ տվյալ պահին պաշտոնական Կրեմլի կողմից նախագահ Սաակաշվիլիի դեմ խիսկ
արտահայտված հակակրանքն առավել ամրապնդել է վերջինիս դիրքերը պետության ներսում:
Սակայն քաղաքական վերլուծաբան Արշիլ Գեգեշիձեն ասում է, որ ապագայում Ռուսաստանին
կհաջողվի քաղաքական անկայունություն ստեղծել Վրաստանի ներսում: “Ակնկալում եմ, որ
կգա ժամանակ, երբ երկրում զանգվածային բողոքի ակցիաներ կկազմակերպվեն: Սակայն
դեռևս պարզ չէ, թե որքանով ներկա կառավարությունը կարող է դիմակայել նման
շարժումներին: Ակնհայտ է, ամեն դեպքում, որ ներքին քաղաքական անկայունություն է
սպասվում,” ասել է Գեգեշիձեն:
Այնուամենայնիվ, վրացիները հետզհետե հույսով են լցվում, որ Ռուսաստանի հետ հակամարտության վերջնական արդյունքն իրենց համար բարենպաստ կլինի: Մի կողմից, այն արևմտյան պետությունները, որոնք մինչև բոլորովին վերջերս մոռացության էին մատնել Կովկասի գոյությունը, կրկին սկսել են գիտակցել Վրաստանի առանցքային ռազմավարական կարևորությունը:
Եվրոպական Միությունը գագաթաժողով է գումարել` քննարկելու, թե ինչպիսի դիրքորոշում ընդունել Ռուսաստանի ներխուժման կապակցությամբ: ԱՄՆ-ը մի քանի տասնյակ միլիոն դոլարի համարժեք հումանիտար աջակցություն և չհաշվարկված ռազմական օգնություն է ցուցաբերել Վրաստանին: Բացի այդ, ԱՄՆ-ից որոշ ավագ պաշտոնյաներ են այցելել Թբիլիսի, այդ թվում` պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը և Դեմոկրատական կուսակցության կողմից փոխնախագահի թեկնածու Ջո Բայդենը: Ներկա փոխնախագահ Դիք Չեյնիի այցը մյուս շաբաթ է նախատեսված:
Վրաստանի Եվրոպական ինտեգրացիայի համար պատասխանատու նախարար Դավիթ Դարչիաշվիլին նշել է, որ ճգնաժամը իշխանություններին ստիպել է ավելացնել արևմտյան կառույցների հետ բարելավմանը և այդ կառույցների կողմից ընդունմանն ուղղված ջանքերը: “Մինչև վերջերս առաջնային խնդիրը ՆԱՏՕ-ին անդամակցությունն էր: Եվրոպական Միությունն առաջնային նպատակ չէր: Սակայն այժմ, երբ այս ճգնաժամում Եվրոպական Միությունը շատ կարևոր դեր է խաղում, Եվրոպայի կշիռը կմեծանա Վրաստանում, և Վրաստանը շատ ավելի լրջորեն կսկսի շարժվել դեպի եվրոպական ինտեգրացիա,” ասել է նա:
Դարչիաշվիլին ասել է, որ իշխանությունները հետզհետե առավել վստահություն են ձեռք բերում, որ ճիշտ են վարվել Ռուսաստանին հակադրվելով և որ ի վիճակի կլինեն պաշտպանվելու ներքին քննադատությունից: “Ես պատրաստ եմ ցանկացած հարցի պատասխանել: Ես մեր կողմից որևէ լուրջ խախտում չեմ տեսնում, մենք հավատարիմ ենք մնացել տարիներ առաջ որդեգրած սկզբունքներին: Մենք չենք ուզում հակադրվել ահռելի ռեսուրսներ ունեցող Ռուսաստանին, սակայն Ռուսաստանը ցանկանում է վերագրավել Վրաստանը: Հարց է ծագում, թե ինչու մենք չպետք է պաշտպանվենք”:
Վրացի պաշտոնյաները նույնիսկ չեն թաքցնում իրենց հրճվանքը Ռուսաստանը դիվանագիտական ճգնաժամի առիթով, քանի որ նույնիսկ Ռուսաստանի ամենասերտ դաշնակիցներ Բելառուսը, Կուբան և Վենեսուելան չեն ճանաչել Վրաստանից անջատված Աբխազիայի և Հարավային Օսիայի հանրապետությունները:
Վրաստանի ներքին անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Լումայայի կարծիքով
միջազգային հանրության նման պատասխանը կարող է ստիպել Ռուսաստանին վերանայել իր
գործողությունները. “Ռուսաստանը գրեթե ամբողջական դիվանագիտական մեկուսացման մեջ
էր հայտնվել: Դա դյուրամարս իրավիճակ չէ, այդ իսկ պատճառով այս իրավիճակի
զարգացումը և նման քաղաքականության կիրառումը այլ իրավիճակներում մեծապես կախված է
միջազգային հանրության բռնած ուղին շարունակելու հաստատակամությունից”:
Այս առումով մեծ փորձություն է սպասվում երկուշաբթի օրը, երբ Եվրոպական Միության անդամ պետությունների ղեկավարները, ինչպես ակնկալվում է, կվերանայեն Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները: Մինչ Փարիզից եկող տեղեկությունների համաձայն պատժամիջոցների վերաբերյալ որևէ հստակ որոշում չի կայացվելու, Վրաստանը հույս ունի, որ հանդիպման արդյունքում պաշտոնական Կրեմլին կստիպեն պատասխան տալ ներխուժման համար:
Վերլուծաբան Արշիլ Գեգեշիձեն կարծում է, որ Ռուսաստանի քայլը հակահարված էր Արևմուտքին այնպիսի նսեմացնող գործողությունների դիմաց, ինչպիսիք են` Արևմուտքի կողմից Կոսովոյի անկախության ճանաչումը և ՆԱՏՕ-ի մինչև Ռուսաստանի սահման տարածումը:
Գեգեշիձեի որակմամբ սա “ճշմարտության պահն է”: “Սա շատ վճռական պահ է: Կամ Ռուսաստանն է հաջողության հասնում, և Արևմուտքը պարտվում է, կամ էլ Արևմուտքն է հաջողության հասնում, իսկ Ռուսաստանը` պարտվում”:
Վրացիներն ասում են, որ եթե Եվրոպան և ԱՄՆ-ը կարողանան այնպիսի քաղաքական կամք ցուցաբերել, որ Ռուսաստանի դեմ կանգնեն, և եթե Վրաստանը շուտով հրավիրվի մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամակցության գործընթացին, և եթե բավականաչափ օգնություն ցուցաբերվի վերակառուցման գործընթացն սկսելու համար, ներկա ճգնաժամի արդյունքը միանշանակորեն դրական կլինի:
Սակայն որոշ վերլուծաբաններ ասում են, որ “եթե”-ների շարքը մեծ է: