Վրաստանի արտգործնախարարն ասել է, որ ամենայն հավանականությամբ հունվարի 4-ին ռազմավարական գործընկերության պայմանագիր կստորագրվի իր երկրի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև:
Հինգշաբթի օրը Գրիգոլ Վաշաձեն ասել է, որ 99 տոկոսով համոզված է, որ 2009 թվականի սկզբին հատուկ պատվիրակության հետ Վաշինգտոն կմեկնի` ստորագրելու մի փաստաթուղթ, որը դեռևս վերջնական մշակման փուլում է:ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակը հինգշաբթի ասել է, որ խնդրո առարկա “երկկողմանի խարտիան” ըստ էության նման է այն փաստաթղթին, որ անցյալ շաբաթ ստորագրվել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև: Նա հավելել է, որ համաձայնագիրը միտված է ընդլայնելու համագործակցությունը անվտանգության, ժողովրդավարության և տնտեսական բարեփոխումների բնագավառներում:
Սակայն այդ փաստաթղթի ստորագրման արդյունքում կարող են էլ ավելի սրվել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները: Չորեքշաբթի օրը հեռուստատեսությամբ հանդես գալով` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը խիստ քննադատել է ՆԱՏՕ-ի մոտեցումները և այդ կազմակերպությունում Ուկրաինայի և Վրաստանի հնարավոր անդամակցությունը:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների նախարարները դեկտեմբեր ամսին համաձայնել են ուժեղացնել այդ երկու պետությունների հետ կապերը: Այդուհանդերձ, նրանք զերծ մնացին Ուկրաինային և Վրաստանին անդամակցության թեկնածուի պաշտոնական կարգավիճակ շնորհելուց:
Օգոստոս ամսին Ռուսաստանը ներխուժեց Վրաստանը, երբ վերջինս փորձ կատարեց ուժով հետ վերադարձնել ինքնահռչակ Հարավային Օսիան: Ռուսաստանն ասում է, որ հարձակման նպատակն էր պաշտպանել Հարավային Օսիայում ապրող իր քաղաքացիներին: