Վրաստանի վարչապետ Լադո Գուրգենիձեն հայտարարել է, որ երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնին է առաջարկում Գլխավոր դատախազ Էկա Տկեշելաշվիլիին: Նա ասել է, որ պաշտոնական նշանակումը կներկայացնի երեքշաբթի օրը կայանալիք կառավարության նիստին:
Տկեշելաշվիլին կփոխարինի Դավիթ Բակրաձեին, ով անցյալ ամիս հրաժարական տվեց` մարտի 21-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով: Տկեշելաշվիլին նաև պաշտոնավարել է որպես արդարադատության նախարար: Նա 32 տարեկան է:
Վրաստանում նաև սկսել է գործել անցյալ տարվա նոյեմբեր ամսին հայտարարված արտակարգ դրության ժամանակ եթերազրկված անկախ “Իմեդի” հեռուստակայանը` սակայն առանց լրատվական ծրագրերի: “Իմեդի”-ն տեսաֆիլմեր և հեռուստասերիալներ է ցուցադրում: Ըստ տնօրենի` հեռուստակայանը կվերսկսի լրատվական հաղորդումների հեռարձակումը հունիսին:
Իշխանությունը “Իմեդի”-ին եթերազրկել էր նոյեմբեր ամսվա սկզբին` հակապետական բողոքի ակցիաներ խրախուսելու մեղադրանքով:
Վրաստանի Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին շաբաթ օրն ասել է, որ գալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակ կտանի իշխող “Ազգային շարժում” կուսակցությունը:
“Վրաստանի համար այժմ եկել է ճշմարտության պահը. պահ, որին կհաջորդի մեր հաղթանակը,” Թբիլիսիում կայացած կուսակցության կոնգրեսում իր համակիրներին ուղղված խոսքում ասել է պարոն Սահակաշվիլին:
Կոնգրեսին մասնակցում էին իշխող կուսակցության շուրջ տասը հազար համակիրներ: Վրաստանի խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2008թ. մայիսի 21-ին:
“Մեզ համար համախմբվելու և առավել ուժեղ լինելու բացառիկ հնարավորություն է սա,” ասել է Սահակաշվիլին: “Ոչ մեկ մեզ չի ների, եթե մենք չօգտվենք այս հնարավորությունից, ոչ մեկ մեզ չի ների, եթե մենք թույլ լինենք, ոչ մեկ մեզ չի ների, եթե մենք վճռական չլինենք և ոչ մեկ մեզ չի ների, եթե մենք սուտ խոստումներ տանք”: Սահակաշվիլիի խոսքն ուղիղ եթերում հեռարձակվել է վրացական հեռուստատեսությամբ:
Դեյվիդ Լոմիձեն` Թբիլիսիից մի հաշվապահ, ով լսել է Նախագահի ելույթը, Էյ-Փի հեռուստատեսությանն ասել է, որ հաղթելու ամենամեծ հնարավորություն ունի երկիրը միավորելու ամենալավ ծրագիր ունեցող կուսակցությունը:
“Այսօրվա ժողովը ցույց տվեց, որ Ազգային շարժումն ունի այդպիսի ծրագիր, և այն կարող է բազում ձայներ ստանալ: Անցյալում նման խոստումներ ևս եղել են, սակայն դրանց չեն հաջորդել իրական քայլեր,” ասել է նա:
Իր ելույթում Սահակաշվիլին նաև անդրադարձել է Վրաստանի տարածքային ամբողջականության խնդրին, որը վերջերս ուշադրության կենտրոնում է հայտնվել նրանից հետո, երբ Մոսկվան անմիջական կապեր հաստատեց Վրաստանի երկու անջատ շրջանների հետ և հայտարարեց լրացուցիչ զորքեր ուղարկելու ծրագրերի մասին:
Վրացական կողմը մտավախություն է հայտնել, որ Աբխազիա և Հարավային Օսիա լրացուցիչ զորքեր ուղարկելու Ռուսաստանի ծրագրերը կարող են դիտվել որպես իր հարավային փոքր հարևանի հանդեպ “ռազմական ագրեսիայի դրսևորում”:
Ռուսաստանը հայտարարել է, որ ռազմական հավելումները նախատեսված են ի պատասխան երկու անջատ տարածքներում վրացական զորակամիավորների տեղակայմանը և նպատակ ունեն պաշտպանելու այնտեղ գտնվող ռուս քաղաքացիներին:
Կոնգրեսում ունեցած իր ելույթում Սահակաշվիլին ասել է. “Մենք մեծ պետություն չենք, բայց մենք լավ զինամթերք, լավ պատրաստվածություն և, ամենակարևորը, մղում ունենք դիմակայելու ցանկացած հնարավոր ագրեսորի, ներխուժողի, զավթիչի. և ոչ միայն հնարավոր, այլև` ներկայիս զավթիչի, քանի որ Վրաստանի մի մասը զավթվել է ամենամեծ ագրեսորներից մեկի կողմից”:
“Բայց ես ցանկանում եմ, որ բոլորն իմանան` մեր հիմնական նպատակը խաղաղությունն է,” հավելել է նա:
Աբխազիան Վրաստանից անջատվել է 1990-ականներին մեկ այլ անջատողական տարածքի` Հարավային Օսիայի հետ մեկտեղ` անկախություն ձեռք բերելու կամ Ռուսաստանին միանալու նպատակով:
Սահակաշվիլին բազմիցս խոստում է տվել Աբխազիան և Հարավային Օսիան խաղաղ կերպով հպատակեցնել իշխանությանը:
“Շատ կարևոր է, որ Ազգային շարժումը հաղթի, հատկապես այժմ, քանի որ նրանց ծրագիրը մեզ կօգնի վերադառնալ մեր կորցրած տարածքներ,” Էյ-Փի հեռուստաընկերությանն ասել է կոնգրեսին ներկա կուսակցության համախոհներից մեկը:
Ռուսաստանը խաղաղարար ուժեր ունի երկու տարածքներում էլ, սակայն Վրաստանը պնդում է, որ զորքերն աջակցում են անջատողականներին:
Վերջին շաբաթների ընթացքում երկու հարևան պետությունների միջև լարվածության սրացումը պայմանավորված է Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամակցության ձգտումով և Ռուսաստանի` անջատողական տարածքների հետ առավել սերտ կապեր հաստատելու կոչերով: