Չարորակ գլիոմա, այն է` ուղեղի ուռուցք, հանդիպում է հիմնականում 70 անց սպիտակամորթ տղամարդկանց շրջանում: Նրանց թվում է սենատոր Թեդ Քենեդին:
Սակայն Փի Ջեյ Լուկակը, ում մոտ առավել ագրեսիվ ուռուցքի տեսակ` գլիոբլաստոմա է հայտնաբերվել, չի համապատասխանում այս նկարագրությանը: Նա ընդամենը 24 տարեկան է:
Նրանք երկուսն էլ ուռուցքի հեռացման վիրահատություն են տարել, ճառագայթում և քիմիոթերապիա են ընդունել: Վերջնական արդյունքը, սակայն, դեռևս հայտնի չէ: Ուղեղի ուռուցքը քաղցկեղից մահացության ամենատարածված պատճառներից է:
Լուկակն աշխատում է Նորթուեսթերն համալսարանի Ուղեղի ուռուցքի ինստիտուտի` դոկտոր Բրեդելի լաբորատորիայում: Նա իրատեսական պատկերացում ունի իր վիճակի մասին:
“Այստեղ աշխատելով` անընդհատ լսում եմ հարյուր տոկոսանոց մահացության, քաղցկեղի անխուսափելի կրկնության դեպքերի մասին: Սակայն նաև տեղյակ եմ բոլոր զարգացումներին, և դա ինձ պարզապես ուժ է տալիս”, նշել է նա:
Դոկտոր Մարկուս Բրեդելն այժմ հետազոտում է ուղեղի ուռուցքների գենետիկական հիմքը:
Գլիոբլաստոմայով 500 հիվանդների տվյալների ուսումնասիրության հիման վրա հայտնաբերվել են գեների մուտացիաներ, որոնք խոչընդոտում են բուժումը և նպաստում են ուռուցքի աճին:
Դոկտոր Բրեդելը պարզաբանում է, որ գլիոբլաստոմայի համար պատասխանատու մուտացիաներ փնտրելը խրթին աշխատանք է, քանի որ գենոմը պարունակում է հարյուր հազարավոր գեներ:
“Այդ բազմության մեջ դժվար է հասկանալ, թե որ գեներն առաջնային նշանակություն ունեն հիվանդության համար, և որոնք են երկրորդային դեր խաղում”, նշել է նա:
Գիտնականները հայտնաբերել են յոթ գեն, որոնք, հնարավոր է, կապված են բուժմանը չենթարկվելու հանգամանքի հետ:
“Մեզ հաջողվեց կանխատեսել գլիոբլաստոմայի հաղթահարման հավանականությունը ԱՄՆ-ի որոշ պոպուլացիաներում”, պարզաբանել է Մարքուս Բրեդելը:
Հետազոտությունը տպագրվել է Ամերիկյան բժշկական ընկերակցության ամսագրում: Մեկ այլ հոդվածում գիտնականները նշել են, որ հայտնագործությունը թույլ կտա բուժման ձևեր գտնել ապագայում:
Փի Ջեյ Լուկակը հույս ունի, որ մինչ այդ նա դեռ կենդանի կլինի: “Կարծում եմ` իմ կենդանության օրոք հնարավոր կլինի գլիոբլաստոման դարձնել քրոնիկական և բուժման ենթարկվող հիվանդություն”, նշել է նա: