Մատչելի հղումներ

Մեծ յոթնյակի պետությունները համաձայնության են ձեռք բերել ֆինանսական գործողությունների ծրագրի շուրջ


Ուրբաթ օրը յոթ ամենախոշոր արդյունաբերական տնտեսություն ունեցող պետությունների ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի նախագահները հանդիպել են ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում և համաձայնություն են ձեռք բերել այս շաբաթ վերջին 30 տարիների ընթացքում ամենամեծ անկումն ապրած համընդհանուր ֆինանսական շուկաների կայունացմանն ուղղված հինգ կետից բաղկացած գործողությունների ծրագրի շուրջ:

Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից և Ճապոնիայից ավագ պաշտոնյաները համաձայնություն են ձեռք բերել համատեղ գործելու` շուկաները կայունացնելու և վստահությունը վերականգնելու նպատակով: Պնդելով, որ ներկա իրավիճակը անհապաղ գործողություններ է պահանջում` նրանք հանձն են առել համագործակցել անյպիսի գործողությունների շուրջ, որոնք կնպաստեն վարկային համակարգի և միջբանկային փոխատվության պրակտիկայի վերականգնմանը:

Նրանք խոսք են տվել կիրառել բոլոր հնարավոր միջոցները կանխելու բանկերի և ֆինանսական հաստատությունների ձախողումը, ինչը կարող է ապակայունացնել գլոբալ համակարգը: Նրանք կավելացնեն ավանդների համար նախատեսված ապահովագրությունը, որպեսզի ավանդատուները վստահ լինեն, որ իրենց գումարներն ապահով են: Բացի այդ, նրանք հանձն են առել գործողություններ ձեռնարկել` երաշխավորելու տների ձեռքբերումների համար գումարների շարունակական մատչելիությունը:

Յոթ մասնակից պետություններն են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Կանադան:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում տեղի ունեցախ մեկօրյա հանդիպմանը ներկա էին այդ պետությունների ֆինանսների նախարարները, ինչպես նաև` կենտրոնական բանկերի ղեկավարները, այդ թվում` եվրո կիրառող 15 պետությունների համար պատասխանատու Եվրոպական կենտրոնական բանկի նախագահը:

Հանդիպումը նախագահող ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Հենրի Փոուլսընի կարծիքով, հանդիպման առանձնահատկությունն այն էր, որ բոլոր ներկաները միակարծիք էին առկա խնդիրների և դրանց լուծումների շուրջ:

Մեծ յոթնյակի հանդիպումը տեղի է ունեցել այնժամ, երբ համաշխարհային արժեթղթերի շուկաների 15-18 տոկոսով անկում են ապրել: Վերջին 30 տարիների ընթացքում սա ամենավատ շաբաթն է եղել ֆինանսական շուկաների համար: Վարկային գործողությունների սառեցումն իր ազդեցություն է ունեցել ողջ աշխարհում:

Փոուլսոնի կարծիքով շուկաների տագնապը կշարունակվի` միևնույն ժամանակ վստահեցնելով, որ կայունությունը կվերականգնվի: “Երբևէ այսքան փոխկապված և փոխկախված չենք եղել: Սա հիրավի համընդհանուր շուկա է, համընդհանուր տնտեսություն: Ցանկացած բնագավառում աճը բոլորիս համար նպաստավոր կլինի, ցանկացած թուլություն` բոլորիս համար վնասակար”, նշել է նա: Միևնույն ժամանակ, նա հիշատակել է, որ վարկային շուկան դեռևս խցանված է, և անհապաղ նոր գործողությունների կոչ է արել ներառելով պետական և մասնավոր աղբյուրները: Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը պատրաստվում է ֆինանսական հաստատությունների արժեթղթեր գնել:

Շաբաթ օրն առավել ընդգրկուն հանդիպում տեղի կունենա համընդհանուր ֆինանսական ճգնաժամի շուրջ` ներառելով Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ զարգացող պետությունների ներկայացուցիչների: Նաև նախատեսված է հանդիպում նախագահ Բուշի հետ: Կիրակի օրը եվրոպական ղեկավարները կհանդիպեն Փարիզում` ֆնանսական ճգնաժամի լուծմանն ուղղված համատեղ գործողությունների ծրագիր մշակելու նպատակով:

XS
SM
MD
LG