Մատչելի հղումներ

Մեծ յոթնյակի ֆինանսների նախարարները դեմ են պրոտեկցիոնիզմին


Յոթ ամենախոշոր արդյունաբերական պետությունները հանձն են առել համատեղ քայլեր ձեռնարկել համաշխարհային տնտեսությունը վերակենդանացնելու համար: Միևնույն ժամանակ նրանք կոչ են արել զերծ մնալ պրոտեկցիոնիստական քաղաքականությունից:

Արդեն երկու օր է, ինչ Իտալիայի Հռոմ քաղաքում շարունակվում է Մեծ յոթնյակի պետությունների` Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկերի նախագահների հանդիպումը, որի գլխավոր նպատակն է մեղմել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները:

Հանդիպմանը ներկա պաշտոնյաների համատեղ հայտարարության նախնական տեքստից բխում է, որ համաշխարհային տնտեսության և ֆինանսական շուկաների կայունացումն մասնակից պետությունների առաջնահերթ խնդիրն է:

Ներկաներից շատերն իրենց մտահոգությունն են արտահայտել առ այն, որ ներպետական տնտեսության խթանման նկատառումով որդեգրված պրոտեկցիոնիստական քաղաքականությունը կխոչընդոտի ազատ առևտրի բնականոն ընթացքը և կնվազեցնի համաշխարհային հարստությունը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՆ-ի նոր վարչակազմի ներկայացուցիչ` ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները, ով հարուստ պետություններին կոչ է արել համարձակ քայլեր ձեռնարկել` տնտեսական ճգնաժամից դուրս գալու նպատակով:

Մեծ յոթնյակի ֆինանսների նախարարները և Կենտրոնական բանկերի նախագահները նաև քննարկման թեմաներից են եղել ֆինանսական շուկաների կարգավորման նոր տարբերակները, ճգնաժամի ազդեցությունն առավել աղքատ պետությունների վրա, ինչպես նաև որոշ պետությունների կողմից ընդունված տնտեսության խթանման ծրագրերը:

Ակնկալվում է, որ շաբաթ օրվա հանդիպման արդյունքում վերհանված առաջարկներն իրենց արձագանքը կգտնեն ապրիլին կայանալիք Մեծ 20-ի հանդիպմանը, որտեղ բացի Մեծ յոթնյակի պետություններից կմասնակցեն նաև կարևոր դեր խաղացող զարգացող պետությունները, ինչպիսիք են` Չինաստանը և Հնդկաստանը:

XS
SM
MD
LG