Աշխարհի քսան ամենազարգացած պետությունների ղեկավարները հանձն են առել մեկ տրիլիոն դոլարը գերազանցող ֆինանսներ տրամադրել Արժույթի միջազգային հիմնադրամին և այլ միջազգային հաստատությունների` համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու նպատակով:
Նրանք Լոնդոն էին ժամանել աշխարհի բոլոր մասերից: Սակայն, չնայած առկա հակասություններին, նրանք խոսեցին մեկ ձայնով:Գագաթաժողովը հյուրընկալում էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդըն Բրաունը: Նա այն որակել է` որպես նոր դարաշրջանի սկիզբ:
«Մեզ հաջողվեց միասին ուժերով մշակել բավականին մանրակրկիտ և հեռահար ազդեցություն ունեցող ծրարգրեր, որոնք կվերափոխեն համաշխարհային ֆինանսական համակարգը: Իսկ նման միասնական մոտեցում հնարավոր չէր պատկերացնել թերևս մեկ-երկու տարի առաջ», գագաթաժողվից հետո հայտարարել է վարչապետ Գորդընը:
Նույնիսկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ով մինչ այդ սպառնացել էր լքել գագաթաժողովը, գոհունակություն է հայնտել: Նա կարևորել է այն փաստը, որ պայմանագիրը նախատեսում է ֆինանսական համակարգի վերահսկման բարեփոխումներ, ինչը նրա առաջնային նպատակն էր:
Իսկ առաջին անգամ միջազգային ասպարեզում ԱՄՆ-ը ներկայացնող նախագահ Բարաք Օբամայի կարծիքով` գագաթաժողովը շրջադարձային կետ էր «հիվանդացած» համաշխարհային տնտեսության համար:
«Կարծում եմ` մենք ճիշտ դեղամիջոց ենք ընտրել: Կարծում եմ` հիվանդի վիճակն այժմ կայուն է: Դեռևս կան վերքեր, որոնք պետք է ապաքինվեն: Դեռևս որոշ առումներով վիճակը կարող է սրվել: Սակայն, կարծում եմ, այժմ հավուր պատշաճի խնամք է տարվում», ասել է նախագահ Օբաման:
Նա նշել է, որ պետությունները եկել էին խթանելու իրենց հուզող խնդիրները, սակայն արդյունքում նրանք միասնական դիրքորոշում են ընդունել:
Ի դեպ, ԱՄՆ-ին չի հաջողվել համաձայնություն ձեռք բերել տնտեսական դժվարությունները պետական ֆինանսավորման միջոցով հաղթահարելու գաղափարի շուրջ:
Բացի այդ, չնայած որոշում է ընդունվել պայքարել թույլ վերահսկվող ներդրումային համակարգերի դեմ, համաձայնություն ձեռք չի բերվել համաշխարհային վերահսկող մարմնի հիմնադրման շուրջ, ինչպես առաջարկում էր Ֆրանսիան:
ԱՄՆ-ի աշխատուժի շուկայի վատթարացման մասին նոր զեկույցի հրապարակման նույն օրը հանդես գալով` նախագահ Օբաման խոստովանել է, որ որևէ երաշխիք չկա, որ նախաձեռնված քայլերը բավարար կլինեն` սակայն միևնույն ժամանակ նշելով, որ դրանք միանգամայն անհրաժեշտ էին:
«Այժմ մեր քաղաքացիների հերթն է: Նրանք պետք է արագ քայլեր ձեռնարկեն», նշել է նա:
Նույն օրը` առավել վաղ, նախագահ Օբաման մասնակցել է մի շարք այլ քննարկումների: Մասնավորապես, նա երկկողմանի հանդիպումներ է ունեցել Հարավային Կորեայի, Սաուդյան Արաբիայի և Հնդկաստանի ղեկավարների հետ: