Մատչելի հղումներ

Նախկին տիեզերագնացը տիեզերքում համագործակցություն է փնտրում


1969թ. հուլիսի 20-ին լուսնի վրա վայրէջք կատարելու լուրը ցնցեց ամբողջ աշխարհը: Նեյլ Արմսթրոնգը և Բազ Էլդրինն առաջիններն էին, որ ոտք դրեցին լուսնի վրա: Հետագայում նրանց հետևեց ևս տաս տիեզերագնաց:

Բազ Էլդրինը 79-ամյա տարիքում էլ չի կորցրել տիեզերագնացի իր եռանդը և կոչ է անում առաջ շարժվել` բացահայտելու տիեզերքը: Հիշելով գերտերությունների մրցակցությունը, որով նշանավորվեց նաև լուսնի վրա վայրէջքը, Էլդրինը համոզված է, որ երկրից դեպի տիեզերք հետագա թռիչքների շուրջ միջազգային համագործակցությունն անհրաժեշտ է:

Էլդրինի խոսքերով`դեպի լուսին առաքելության շարժառիթը ԱՄՆ և Խորհրդային միություն գերտերությունների միջև մրցապայքարն էր, որը սակայան բավական չէր ծրագիրը շարունակելու համար: 1969թ. հետո լուսնի վրա կատարվեց ևս վեց վայրէջք, իսկ վերջինը` 1972թ.:

Այսօր ԱՄՆ Օդագնացության և տիեզերքի ուսումնասիրման գործակալության հիմնական ծրագրերից է միջազգային տիեզերակայանը, որը համատեղ ծրագիր է 16 երկրների միջև, որոնց թվում են Ռուսաստանը, Ճապոնիան և եվրոպական 11 երկրներ:

Էլդրինը հիշեցնում է Օբամայի նախընտրական արշավի ժամանակ հնչած փոփոխության գաղափարը, և ասում, որ իր համար փոփոխությունը կարող է լինել տիեզերքի բացահայտման գործում միջազգային համագործակցությունը:

“ԱՄՆ-ը կարող է Չինաստանին, Հնդկաստանին, Հարավային Կորեային և Բրազիլիային ներգրավել տիեզերակայանի ծրագրում և օգնել նրանց լուսինն աստիճանաբար դիտել որպես միջազգային ծրագիր: Մենք մեր փորձով կօգնենք այլ երկրներին հասնել լուսին, սակայն չենք օգտագործի մեր միջոցները կամ հրթիռներն ու տիեզերանավերը: Մենք այդ փուլն անցել ենք արդեն”,- ասում է տիեզերագնացը:

2003թ. նախագահ Բուշի հայտարարված ծրագրով նախատեսվում է մինչև 2020թ. կրկին վայրէջք կատարել լուսնի վրա և օգտագործել այն` որպես Մարս հասնելու կայան:

Էլդրինի համոզմամբ ԱՄՆ-ն իր ուշադրությունը պետք է կենտրոնացնի Մարսի վրա մարդ իջեցնելու առաքելության վրա:

«Ես իրատեսական եմ համարում, որ 2031թ. մենք կհասնենք դրան»,- համոզված է նա:

Էլդրինի համոզմամբ երկրները կարող են մրցակցել տիեզերական նոր տեխնոլոգիաների զարգացման գործում, սակայն հետագայում համագործակցել հեռահար առաքելությունների շուրջ: Իսկ այդ ծրագիրը պետք է առաջնորդվի լուրջ գործիչների կողմից, որոնց օրինակները շատ են պատմության մեջ:

«Անհրաժեշտ է այնպիսի առաջնորդ, ով հետևողականորեն երկու տասնամյակի ընթացքում արեգակնային համակարգի մեկ այլ մոլորակում շարունակական բնակեցում կիրականացնի: Իմ պատկերացմամբ այդ գործիչը պետք է լինի ավելի հզոր, քան Հուլիոս Կեսարն էր, Ալեքսանդր Մեծը, Մագելանը, Կոլումբոսը, Քենեդին»,-բացատրում է նա:

Իր «Փառահեղ միայնություն» գրքում Էլդրինը պատմում է իր կյանքի դժվարությունների և ուրախ օրերի մասին: Իսկ երեխաներին` ապագա հայտնագործողներին, հուսով է ոգեշնչել «Նայիր աստղերին» պատմվածքով:

XS
SM
MD
LG