Մատչելի հղումներ

Հինգ նոր անդամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում


Ավստրիան, Ճապոնիան, Մեքսիկան, Թուրքիան և Ուգանդան ընտրվել են որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ: Նշված երկրներն այդ կարգավիճակով կգործեն հունվար ամսից սկսած երկու տարի ժամկետով:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում գաղտնի քվեարկությամբ ընտրվող հինգ բաց տեղերի համար մրցակցում էին յոթ երկրներ: Քվեարկությանը մասնակցել են բոլոր 192 անդամ պետությունների ներկայացուցիչները: Թեկնածու երկրների հաղթանակի համար անհրաժեշտ էր ձայների երկու երրորդը, այն է` 128 ձայն:

Ամենաբարձր մրցակցությունը Արևմտյան Եվրոպային հատկացված տեղերի համար: Արյդունքում Ավստրիան և Թուրքիան հաղթեցին տարածաշրջանի համար հատկացված երկու տեղը` հավաքելով ավելի շատ ձայներ, քան մրցակցող Իսլանդիան:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաչանի կարծիքով, Թուրքիայի օգտին քվեարկողների թիվը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը վստահում է Թուրքիան, որը ներկայում բանակցություններ է վարում Եվրոպական միությանն անդամակցելու նպատակով: Նա նշել է, որ իր նոր դերում Թուրքիան կշարունակի միջազգային խաղաղությանն և անվտանգությանն ուղղված իր աշխատանքը: Մասնավորապես, նա ասել է, որ Թուրքիայի առանցքային խնդիրն է լինելու հակամարտությունների խաղաղ լուծման նպատակով երկխոսությունը և դիվանագիտությունը:

Այսպիսով Թուրքիան չորրորդ, իսկ Ավստրիան երկրորդ անգամ են դառնում Անվտանգության խորհրդի անդամներ: Այս տարի առաջին անգամ էր Իսլանդիան մրցակցում Անվտանգության խորհրդում տեղ զբաղեցնելու համար: Որոշ դիվանագետների կարծիքով, Իսլանդիայի թեկնածությունը հաջողություն չի ունեցել վերջին շրջանում երկրի ֆինանսական սեկտորի փլուզման համատեքստում:

Ասիայի տարածաշրջանում Ճապոնիայի և Իրանի միջև մրցակցությունն ավարտվեց Ճապոնիայի մեծ հաղթանակով. ընդ որում Ճապոնիան ստացավ 158 ձայն, իսկ Իրանը` ընդամենը 32:

Այս կապակցությամբ Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Սոյերը կարևորել է այն փաստը, որ Իրանը, որն իր միջուկային ծրագրով հաճախ Անվտանգության խորհրդի օրակարգի հարցերի է, ստացել է ընդամենը 32 կողմ ձայն, ինչը նրա կարծիքով շատ կարևոր ազդանշան է առ այն, որ ՄԱԿ-ի բոլոր անդամներն են մտահոգված Իրանի գործողությունների շուրջ:

Մինչդեռ Ճապոնիան տարածաշրջանում գերտերություն է և Միավորված ազգերի կազմակերպության երկրորդ ամենամեծ դոնորը: Ճապոնիան նաև ցանկանում է դառնալ Անվտանգության խորհրդի մշտական անդամ, եթե վերջինս ենթարկվի բարեփոխումների և ընդարձակվի:

Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Կարիբեան տարածաշրջանին հասանելիք տեղերի համար մրցակցություն չկար:

Ուգանդայի դեսպան Ֆրանսիս Բուտագիրան ասել է, որ իր երկիրը հույս ունի դառնալ մեծ տերությունների և փոքր ազգերի միջև փոխզիջումների հասնելու համար անհրաժեշտ կամուրջ:

ՄԱԿ-ի ոչ մշտական անդամների ընտրության գործընթացը չի պահանջում թեկնածության առաջադրում: Հավակնող պետությունները պարզապես նախօրոք` երբեմն նույնիսկ մի քանի տարի առաջ, հայտարարում են ընտրության մասնակցելու իրենց մտադրության մասին: Ընտրության ժամանակ ուշադրություն է դարձվում աշխարհագրական ներկայացուցչության, ինչպես նաև միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման տեսանկյունից թեկնածուի ունեցած լծակներին:

Անվտանգության խորհուրդն ունի տասնհինգ անդամ: Հինգը վետոյի իրավունք ունեցող մշտական անդամներ են: Դրանք են` Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները: Ներկայում, մյուս հինգ ոչ մշտական անդամ պետություններն են Բուրկինա Ֆասոն, Կոստա Ռիկան, Խորվաթիան, Լիբիան և Վիետնամը: Նորընտիր հինգ պետությունները կփոխարինեն Բելգիային, Ինդոնեզիային, Իտալիային, Պանամային և Հարավ Աֆրիկյան Հանրապետությանը, որոնց երկամյա ժամկետը լրանում է այս տարվա վերջին:

XS
SM
MD
LG