Մատչելի հղումներ

Ջրի աղտոտման պատճառով հազարավոր ձկներ սատկում են


2002 թվականից ի վեր ԱՄՆ-ի շատ գետերում մեծ քանակությամբ ձկներ են սատկում: Այս երևույթն առավել նկատելի է հարավ-արևելյան մասի գետերում: Հետազոտողները դա բացատրում են արու ձկների մոտ չհասունացած ձվի առկայությամբ, որն անվանում են «ձկների իգականացում», ինչպես նաև մարդկային գործունեությամբ պայմանավորված ջրի տարբեր աստիճանների աղտոտվածությամբ: Պաշտոնական տվյալներով` արու սև պերկեսների քսան տոկոսի սեռական օրգաններում ձվաբջիջերը չեն հասունանում:

Ձկնորսության եղանակ է էլեկտրական հոսանքը: Ջրին հաղորդվող էլէկտրական հոսանքի միջոցով այդ շրջակայքում բոլոր ձկները դուրս են գալիս ջրի երես:

«Վեց ամպեր հզորությամբ 300 վոլտ ենք հաղորդում ջրին, ինչն ակնթարթորեն կաթվածահար է անում ձկներին, բայց չի սատկացնում»,- բացատրում է Շրջակա միջավայրի որակի պահպանման Վիրջինիայի բաժանմունքի աշխատակիցը, - «Ձկները վերականգնում են շարժունակությունը մեկ-երկու րոպեից: Հետազոտության համար գիտնականները մի քանի ձկներից արյան նմուշ են վերցնում, և հերձում դրանց»:

Պոտոմակ գետում ձկներին որսում են ընդհանուր հետազոտության համար, որը նախատեսված է նահանգային և դաշնային կառավարությունների համատեղ ծրագրով: Ծրագիրը սկսվել է յոթ տարի առաջ, երբ արևելյան ափի Շենանդոա շրջանի գետերում հազարավոր ձկներ սատկեցին: Ծրագրի շրջանակներում բացահայտել են ձկների զանգվածային սատկելու որոշ պատճառներ:

ԱՄՆ երկրաբանական հետախուզության ծառայությունից Վիքի Բլեզըրն, ուսումնասիրելով սատկած և կենդանի ձկներին, բացահայտել է երկու երևույթ` մահացու արտաքին վնասվածքները և միջսեռականությունը, որը հայտնի է նաև որպես իգականացում: Դրանց պատճառն, ըստ գիտնականների, ջրի աղտոտվածությունն է:

«Միջսեռականությունը մենք բացատրում ենք արու պերկեսի մոտ չհասունացած ձվաբջջի առկայությամբ: Էգ ձկների մոտ խնդիրներ դեռ չենք նկատել, չնայած սատկում են թե արու և թե էգ ձկները: Մենք արյան նմուշից լաբորատորիայում վերցնում ենք ավշահյութը, որի վերլուծությամբ փորձում պարզել ձկների սատկելու պաըճառը»,- պատմում է Բլեզըրը:

Բլեզըրն ստուգում է նաև վնասվածքները և այլ շեղումներ, որոնք կարող են մահվան պատճառ լինել:

«Խռիկների շրջանում գունաթափված մասեր կան, որը շեղում ենք համարում»,- բացատրում է նա:

Համապետական ուսումնասիրության արդյունքները հաստատել են Բլեզերի բացահայտումները: Այլ գիտնականներ համակարծիք են, որ պատճառը ջրի որակն է:

Գիտնականները գետի մեջ հայտնաբերել են թունաքիմիկատներ և էստրոգեն, որոնք առավել շատ են գյուղատնտեսական և խիտ բնակեցված վայրերում: Ընդհանուր առմամբ` ջրամշակման կայաններում ջուրն ամբողջությամբ չի մաքրվում քիմիկատներից:

Էնդոկրին վնասակարներն ավելի վտանգավոր են, քանի որ կարող են ազդել սեռական վարքագծի վրա:

«Եթե արու ձուկն ագրեսիվ չէ, ապա չի կարող պահպանել իր բույնը և կատարել իր պարտականությունները: Սերմնահեղուկի որակական և քանակական ուսումնասիրություններով հայտնաբերել ենք, որ միջսեռական պերկեսի մոտ առկա է սերմնահեղուկի փոքր քանակ և թույլ շարժունություն»,-բացատրում է Բլեզըրը:

ԱՄՆ ձկների և կենդանի բնության ծառայության աշխատակից կենսաբան Ֆրեդ Փինքին ուսումնասիրում է Չիզըփիքի ծոցի շրջակայքը:

«Իմ կարծիքով այս ձկները բնակվում են ցածր պարունակությամբ թունաքիմիկիտաներով լի միջավայրում, որոնք բաց են թողնվում կայանների կեղտաջրերից կամ կոյուղու համակարգից»,-ասում է նա:

Ըստ նրա` առկա խնդիրները պայմանավորված են մարդկանց և ընտանի կենդանիների արտաթորանքի միջոցով դուրս եկող հորմոններով:

“Մարդիկ արտաթորում են հորմոններ, ներառյալ հակաբեղմնավորող դեղահաբերի միջոցով, որոնք չեն զտվում կեղտաջրերում և թափվում են գետերի մեջ”,-բացատրում է Փինքին:

Փինքին մտահոգված է նաև խմելու ջրի որակով: Ըստ նրա` աղտոտման պատճառով երկրագնդի բոլոր ձկները հնարավոր է ունենան միևնույն խնդիրները:

XS
SM
MD
LG