Մատչելի հղումներ

“Երիտասարդ գիտնականներ” մրցույթի գլխավոր մրցանակը 50,000 դոլար է


Նյու Յորքում “Երիտասարդ գիտնականներ” ամենամյա մրցույթի եզրափակիչում մրցում էին ԱՄՆ միջնակարգ դպրոցների 8-14 տարեկան տաս դպրոցականներ: Նրանք պայքարում էին “Ամերիկայի լավագույն երիտասարդ գիտնական” տիտղոսի և ԱՄՆ խնայողական պարտատոմսերով 50,000 դոլար մրցանակի համար:

Մրցույթին մասնակցելու համար բոլոր նահանգներից միջնակարգ դպրոցի դպրոցականներն ուղարկում են իրենց գաղափարների տեսագրությունը: Օրինակ` Նյու Մեքսիկոյից Նիքո Սիմընսը ցուցադրում է, թե ինչպես մանր ծակերով ռետինե խողովակը գոլորշու միջոցով կարող է աղյուսից պատրաստված տունը զով պահել: Նա կիսաեզրափակիչ փուլի տաս մասնակիցներից մեկն է:

Մրցույթի առաջին փուլում նրանք ներկայացրել են սովորական տնտեսական իրերից պատրաստված իրենց հայտնագործությունները:

Երկրորդ փուլում մասնակիցներին հանձնարարել են զտել ջուրը և կեղծ ադամանդը առանձնացնել պինդ խառնուրդից: Այնուհետև նրանք պետք է Նյու Յորքի շենքերի փոքրիկ օրինակի վրայից մաքրեին նկարները` չվնասելով մակերեսը:

Եզրափակիչում մրցում էին Նիքո Սիմընսը, Նիկիտա Գարովը և Մարինա Դիմիտրովը: Նրանցից յուրաքանչյուրը հիսուն րոպեի ընթացքում պետք է նախագծեր և կառուցեր բարձր կառույց, որը կդիմակայեր երկրաշարժին համարժեք ցնցմանը` անվնաս թողնելով վրան դրված ձուն:

Նիկիտա Գարովը պատրաստել էր բուրգ, իսկ գագաթում` գրպանիկ, որտեղ տեղադրելու էր ձուն:

Մրցույթի կազմակերպիչ` 3M կորպորացիայի գիտնականներն օգնում էին կառուցելիս, սակայն պլանը և նախագիծը տալիս էին դպրոցականները:

Հիսուն րոպեն լրանալուց հետո կառույցները փորձարկվեցին: Բոլոր երեք ձվերն ընկան կամ ճաքեցին, սակայն բոլոր կառույցները մնացին կանգուն` հիմնականում շնորհիվ կպչուն ժապավենի:

Նիքոն և Նիկիտան հավասար միավորներով գրավեցին երկրորդ տեղը, իսկ Մարինա Դիմիտրովը շահեց գլխավոր մրցանակը: Նա պատրաստվում է գումարը խնայել բարձրագույն կրթություն ստանալու համար և հուսով է, որ մյուս երեխաներն էլ կհետաքրքրվեն գիտությամբ:

“Կարևոր է, որ երեխաները գիտությամբ հետաքրքրվեն վաղ հասակից, քանի որ կարող են դառնալ հաջորդ Էյնշտեյնը կամ Նյուտոնը, կամ Ամերիկայի լավագույն երիտասարդ գիտնականը: Սովորական երեխան կարող է կատարել անսովոր բաներ, ես դրա օրինակն եմ”,- համոզված է Մարինան:

Կազմակերպիչների խոսքով` մրցույթի 500 մասնակիցներին գնահատել են ինչպես նրանց հաղորդակցվելու հատկությունների, այնպես էլ ցուցադրած գիտական հմտությունների հիման վրա:

XS
SM
MD
LG