Մատչելի հղումներ

Էլվիսի սիրահարները նշում են նրա 75-ամյակը


Ուրբաթ օրն աշխարհի տարբեր անկյուններում երկրպագուները նշում էին լեգենդար Էլվիս Փրեսլիի 75 ամյակը: Գրեյսլենդում` երգչի Մեմֆիսի տանը նրա նախկին կին Փրիսցիլան և դուստր Լիզա Մարին արարողություն էին կազմակերպել: Ամեն տարի Գրեյսլենդ է այցելում շուրջ 600 հազար մարդ:

1950-ականների կեսերին Էլվիս Փրեսլին ներկայացրեց երաժշտության նոր տեսակ` ռոընռոլի նոր ոճ` ժողովրդականի, ռիթմիկի և բլուզի խառնուրդ: Նա պարում էր բեմում և կատարում սևամորթ արտիստների շարժումներ: Սկզբում շատերը չէին հասկանում նրան, սակայն շատ չանցած երիտասարդները սկսեցին խելագարվել նրա երաժշտության համար, և նրա համերգները միշտ բազմամարդ էին: Էլվիսը հայտնի դարձավ որպես ռոք-ըն-ռոլի արքա:

Բեռնար Լանսկին տնօրինում էր աֆրիկյան-ամերիկյան հագուստների խանութը և ակումբներ, որտեղ ելույթ էին ունենում սևամորթ երգիչները: Դպրոցական Էլվիսը կանգնում էր և հիանում ցուցափեղկի նմուշներով, երբ Լանսկին մի օր նրան ներս հրավիրեց:

"Նա ասաց, որ փող չունի, սակայն երբ հարստանա կգնի խանութը: Ես պատասխանեցի, որ երախտապարտ կլինեմ, եթե պարզապես ինձ մոտից գնի հագուստը",-պատմում է Լանսկին:

Էլվիսը փնտրում էր աչքի ընկնող հագուստ, և Լանսկին թույլ տվեց նրան որոշ հագուստ փոխառել: Շուտով Էլվիսը երգեց հանրային հեռուստատեսությամբ և դարձավ աստղ:

Էլվիսն այդ խանութի մշտական հաճախորդն էր:Լանսկին պատրաստել էր Էլվիսի վարդագույն կադիլակին հարմար վերարկու և յուրօրինակ գույներով վերնաշապիկներ էր կարում, որոնք դեռ վաճառում է:

"Ես բարձրացնում էի օձիքը, իսկ նա բողոքում էր, որ սանրվածքը փչանում է: Ապա համաձայնում էր և ասում` այսպես գեղեցիկ է, սա տարբեր է, դու գիտես ինչպես տարբերվել",-հիշում է Լանսկին:

Ջորջ Քլեյնը Էլվիսին հանդիպել է պատանի հասակում, և նրանք արագ ընկերացել են:

"Ես շատ եմ կարոտում Էլվիսին, ամեն օր հիշում նրան: Նա իմ լավագույն ընկերն էր",-ասում է Քլեյնը:

Քլեյնը "Մեմֆիսի մաֆիա" կոչվող խմբի անդամ էր, ովքեր ճամփորդում էին Էլվիսի հետ և ընկերակցում նրան Գրեյսլենդի տանը: Էլվիսն այդ տանն ապրել է 20 տարի, մինչև մահը: 1970-ականների ձևավորումը ավանդական և ժամանակակից ոճերի խառնուրդ է:

"Նա իրեն լավ էր զգում այստեղ, այս տունն իսկապես հարմարավետ է: Տուն մտնելուն պես զգում ես, որ ապահով է և ամեն ինչ հարմարավետ",-պատմում է Քլեյնը:

Ըստ Քլեյնի` Գրեյսլենդն Էլվիսի թաքստոցն էր, ուր նա կարող էր աննկատ լինել:

Տասնամյակներ շարունակ ռոք երաժշտությունը փոխվում էր, և Էլվիսըն ամեն տարի գոնե մեկ հիթ ունենում էր: Չնայած իր բազմաթիվ երգերի` Էլվիսը շահել է միայն երեք Գրեմի մրցանակ և բոլորը հոգևոր երգերի համար: Երիտասարդ տարիքում Էլվիսը եկեղեցում հոգևոր երգեր է երգել:

"Հոգևոր երաժշտությունն Էլվիսի սիրելին էր. դա էր լսում և հանգստանում, երբ միայնակ էր",-պատմում է Քլեյնը:

Էլվիսն իր երաժշտությամբ երևաց 30-ից ավել ֆիլմերում: Ըստ Քլեյնի` չնայած նրա հաջողակ կինոկարիերային` Էլվիսն ավելի լավ դերերի էր ձգտում:

"Էլվիսը շուտ հիասթափվեց ֆիլմերից: Երբ հարցնում էի` ինչի մասին է նոր ֆիլմը, պատասխանում էր` նույն պատմությունն ուրիշ տեղում. ծեծում եմ տղային, ազատում աղջկան և երգում 12 երգ",-ասում է Քլեյնը:

1977թ. օգոստոսի 16-ին 42-ամյա հասակում Էլվիս Փրեսլին մահացավ Գրեյսլենդի իր տանը: Նրան թաղեցին Բեռնար Լանսկու կարած սպիտակ կոստյումով:

Գրեյսլենդի այցելուների գրեթե կեսը 35 տարեկանից փոքր են, նրանք նույնիսկ ծնված չէին, երբ Էլվիսը մահացավ: Նրա երաժշտությունը դեռ մեծ ճանաչում ունի ամբողջ աշխարհում: Եվ եթե նույնիսկ նա այսօր կլիներ 75, իր երկրպագուների համար նա միշտ երիտասարդ է:

XS
SM
MD
LG